Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Նոյեմբեր 01,2001 00:00

NO PROBLEM Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե մտադիր չէ այլեւս հանրահավաքներ կազմակերպել կամ դրանց մասնակցել ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում: Իր դիրքորոշումը պարոն Գեղամյանը պայմանավորել էր հանրահավաքների ընթացքում հնարավոր սադրանքներով ու դրա արդյունքում երկրի ապակայունացմամբ, ինչը կարող է դրսի ուժերի համար ազդակ լինել ԼՂՀ հիմնախնդրի՝ իրենց ցանկալի լուծումը Հայաստանի վզին փաթաթելու համար: Կուսակցության նախագահի այդ դիրքորոշումը երեկ քաղաքական առանձին շրջանակներում գնահատվել էր իբրեւ կանխատեսելի եւ սպասված քայլ՝ ընդդիմադիր երկու կուսակցություններին՝ ՀԺԿ-ին եւ «Հանրապետությանը», «քցելու» առաջին արտահայտություն: Հանուն արդարության, հարկ ենք համարում նշել նաեւ, որ որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Ա.Գեղամյանը հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ իր հիշյալ տեսակետն, առանց թաքցնելու, իր գործընկերներին հայտնել էր եւ մինչեւ հոկտեմբերի 26-ի հանրահավաքը, եւ դրանից անմիջապես հետո: Երեկ մենք դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին՝ ճշտելու, թե արդյոք Ա.Գեղամյանի դիրքորոշումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ առաջիկայում «Հանրապետություն» կուսակցությունն ու ՀԺԿ-ն եւս հանրահավաքներ չհրավիրեն եւ այդ դեպքում իրենք այլ ինչպիսի՞ քայլեր են տեսնում նախագահ Քոչարյանի պաշտոնանկությանը հասնելու համար: – Հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ավարտին մենք համագործակցող երեք ընդդիմադիր կուսակցություններիս անունից հայտարարություն հրապարակեցինք, որտեղ նախանշված էին մեր առաջիկա քայլերը: Մենք մասնավորապես դիմել ենք մեր քաղաքացիներին՝ իրենց ընտրատարածքներում հանդիպումներ կազմակերպել իրենց պատգամավորների հետ եւ պահանջել ստորագրել նախագահի պաշտոնանկության փաստաթղթի տակ: Այդ քայլերը, որոնք արժանացել են երեք կուսակցությունների հավանությանը, մենք իրագործելու ենք համատեղ: Ինչ վերաբերում է երեք կուսակցությունների համատեղ հանրահավաք անցկացնելուն, ապա այդ հարցն առայժմ չի քննարկվել, եւ մենք չենք հայտարարել, թե կոնկրետ որ կուսակցությունն է նախաձեռնելու հաջորդ հանրահավաքը եւ որ կուսակցությունն է դրան մասնակցելու: Եթե որոշենք համատեղ հանրահավաք, այնուամենայնիվ, հրավիրել, իհարկե, Ա.Գեղամյանը կմասնակցի: – Բայց չէ՞ որ նա տեսակետ հայտնեց, թե հանրահավաքը նախագահի պաշտոնանկության պահանջն արտահայտելու լավագույն ձեւը չէ: – Քաղաքական քայլերը կարող են տարբեր դրսեւորումներ ունենալ՝ աշխատանք ԱԺ-ում, հանրահավաքներ, հանդիպումներ Հայաստանի մարզերում, ասուլիսներ, հայտարարություններ եւ այլն, որոնք բոլորն էլ քաղաքական քայլեր են՝ Սահմանադրության շրջանակներում: Կարծում եմ, դրանք, այնուամենայնիվ, պետք է զուգակցել, քանի որ մեկը մյուսին լրացնում է եւ ոչ թե բացառում: – Պարոն Բազեյան, երեկ մամուլում Ա.Գեղամյանի հայտարարությունները հեգնանքով որակվել էին իբրեւ «պետականամետ» եւ ընդդիմությանը «քցելու» փորձ: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: – Չեմ կիսում: Ա.Գեղամյանը չի դարձել պետականամետ այն իմաստով, որ իմաստով նրան որակել են մամուլում: Նա երբեք նախագահ Քոչարյանի հասցեին դրականորեն չի արտահայտվել: Բացի դրանից, պետականամետ լինելը, իր իսկական իմաստով, ամենեւին չի նշանակում իշխանամետ լինել: Նման գնահատականներ իշխանություններն են տալիս. եթե ընդդիմություն եք, ուրեմն պետականամետ չեք: Իսկ Գեղամյանը, կարծում եմ, ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ գործիչ է: – Այնուամենայնիվ, առաջիկայում ընդդիմությունը հանրահավաք հրավիրելո՞ւ է, թե՞ ոչ: – Համատեղ հանրահավաք անցկացնելու մասին մենք որեւէ որոշում չենք ընդունել, որից հրաժարված լինենք մենք կամ Ա.Գեղամյանը: Եթե մենք միասին որոշում ենք համատեղ հանրահավաք հրավիրել՝ հրավիրում ենք միասին, եթե որոշում ենք, որ առանձին ենք անում՝ կուսակցություններից որեւէ մեկի նախաձեռնությամբ, ինչպես նախորդ անգամ արել էր «Հանրապետությունը», ապա այդպես էլ անում ենք, մյուս երկու կուսակցությունները միայն աջակցում են: – Պարոն Բազեյան, ե՛ւ «Հանրապետություն» կուսակցության, ե՛ւ ընդդիմության համատեղ հանրահավաքում ժողովրդին կոչ ուղղվեց՝ այցելել իրենց ընտրյալ պատգամավորներին եւ պահանջել՝ ստորագրել նախագահի պաշտոնանկության փաստաթղթի տակ: Ա.Գեղամյանը երեկ, ինչպես երեւում է, խանդավառված չէր այդ հեռանկարով եւ կարծիք էր հայտնել, թե օրենսդիրին ոչ թե պետք է ճնշել, այլ բարոյականություն քարոզել, բացատրել եւ այլն: – Բարոյականություն անհրաժեշտ է ոչ միայն քարոզել, այլեւ դրանով ապրել եւ գործել: Այդ հարցում մենք համամիտ ենք Ա.Գեղամյանի հետ: Ինչ վերաբերում է պատգամավորների վրա ճնշում գործադրելուն՝ ես չեմ կարծում, թե դա կարելի է որակել իբրեւ ճնշում: Դա ընտրողների պահանջն ու պատգամն է՝ ուղղված իրենց ընտրյալ պատգամավորին: Իսկ պատգամավորի պարտքն է՝ անել այն, ինչ պահանջում են ընտրողները: Այս համատեքստում ոչ միայն 200, այլ 2000 մարդ կարող է դիմել եւ իր ընտրատարածքի պատգամավորից պահանջել որեւէ խնդիր լուծել, քաղաքական դիրքորոշում հայտնել կամ ստորագրել նախագահի պաշտոնանկության փաստաթղթի տակ: Դա ժողովրդի սահմանադրական իրավունքն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930