Լրահոս
Օրվա լրահոսը

եթե

Նոյեմբեր 01,2001 00:00

«ԵՐԿԻՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՏԱՐԻ Է ՊԵՏՔ, եթե ճիշտ ձեռք բռնի ավելը» Թերեւս, պատահական չէր, որ ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հենց ԵՊՀ-ում զեկուցում կարդաց «Կոռուպցիայի հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով։ Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նա հայտնեց իր գնահատականը, որ կրթության ոլորտում էլ է կոռուպցիայի մակարդակը բարձր։ Իսկ ավելի որոշակի խոսվեց պետհամալսարանի մասին. Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրեն հայտնի են փաստեր ԵՊՀ ադմինիստրացիայի կոռումպացվածության վերաբերյալ։ Ուսանողներից մեկն էլ նրան առաջարկեց. «Եթե Դուք զբաղվում եք կոռուպցիայի հարցերով՝ ավելի կոնկրետ զբաղվեք համալսարանով։ Հավատացնում եմ՝ այստեղ շատ գործ կա»։ Սակայն դառնանք կոռուպցիայի առավել ընդհանրական դրսեւորումներին։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, մեր ամբողջ հասարակությունն է ախտահարված կոռուպցիայով։ «Հիշե՛ք այն ժամանակները, երբ մենք, սիրելի՛ հայրենակիցներ, նախընտրում էինք քաշել լեւի գծեր, բայց պետությանը փող չտալ։ Մենք մինչեւ հիմա էլ նասոս կդնենք, ջուրը կքաշենք, բայց պետությանը ջրի փող չենք տա։ Մենք կնախընտրենք էլեկտրիկին տալ շյոտչիկի ֆռացածի կեսը՝ կոպիտ ասած, բայց պետությանն ամբողջը չենք տա։ Կմեռնե՛նք, բայց չենք տա»։ Այնուամենայնիվ, Հայաստանում կոռուպցիայի ամենավտանգավոր ձեւը նա համարում է հարկերից խուսափելն ու օրենքի առջեւ հարկատուների անհավասարությունը. «Մեզ փորձում են համոզել, որ կոռուպցիայի հիմնական պատճառը ժողովրդի աղքատությունն է, սոցիալական անապահովությունը կամ հայ ժողովրդի բնածին գող եւ թալանչի լինելը։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ դրանք բոլորն էլ սուտ են եւ այդպես չէ։ Իրականության մեջ պատճառն օրենքի չգործելու հանգամանքն է, օրենքը Հայաստանում բոլորի համար հավասար չէ։ Եվ կան հզոր հարկատուներ, որոնք իրենք են որոշում ինչքան կտան, այլ ոչ թե պետությունը, օրենքը»։ Ընդ որում, Վահան Հովհաննիսյանն այս զեկուցման ընթացքում որոշակի անուններ չմատնանշեց եւ հայտնի չդարձավ, թե հատկապես որ խոշոր հարկատուների մասին է խոսքը։ Հետո նա խոսեց տնտեսության առանձին ճյուղերի մոնոպոլիզացիայի մասին. «Ազատ մրցակցությունն այստեղ ոչ միայն արհեստականորեն դժվարացված է, այլ պարզապես վտանգավոր է կյանքի եւ առողջության համար։ Այդպիսի օրինակներ, ցավոք սրտի, մենք նույնպես ունենք Հայաստանում»։ Եվ էլի չորոշակիացրեց այդ օրինակները։ Վահան Հովհաննիսյանն այսպես բացատրեց անուններ չտալը. «Միայն դատական համակարգն է, որ իրավունք ունի անել դատողություններ եւ դրանք ունենան իրավական ուժ։ Եթե ես, օրինակ, հիմա սկսեմ թվել այն մարդկանց, ում ես անձամբ համարում եմ կաշառակեր կամ խառնված կոռուպցիայի մեջ՝ իմ ասածը բավարար իրավական հիմք չէ, մինչեւ չի ապացուցվել»։ Այո, շատ ջրեր են հոսել Դաշնակցության երկու տարվա վաղեմության հանրահավաքից հետո, երբ պրն Հովհաննիսյանն անվարան դատողություններ էր անում նախորդ իշխանության «կաշառակերների» եւ «թալանչիների» մասին, անուններ տալիս եւ խոստանում, որ դա միայն սկիզբն է։ Իհարկե, գործող իշխանության մեջ առկա կաշառակերների կամ կոռումպացված պաշտոնյաների անունները տալու եւ նրանց մասին անհիմն դատողություններ անելու համար շա՜տ ավելի համարձակություն է պետք։ Եվ Վահան Հովհաննիսյանը երեկ բավարարվում էր այսօրինակ ընդհանրական դատողություններով, թե գուցե կառավարության մշակած հակակոռուպցիոն ծրագիրը լավը կլինի, բայց արդյոք կկիրառվի՞. «Ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ կոռուպցիայի հիմնական մեղավորները կոռուպցիայի դեմ պայքարողների դրոշը վերցնում են իրենց ձեռքը (…) Մենք սիրո՛ւմ ենք մեր կառավարությունը, անչա՛փ, գուրգուրո՛ւմ ենք։ Բայց չենք կարծում, որ նա կարող է ամբողջությամբ պայքարել կոռուպցիայի դեմ՝ հասկանալի պատճառներով։ Մենք հիացա՜ծ ենք մեր խորհրդարանով, բայց չենք կարծում, որ նա կարող է դա անել»։ Պրն Հովհաննիսյանն ուսանողական լսարանի առջեւ ընդհանրապես բավական, մեղմ ասած, վերապահումներով էր արտահայտվում իր գործընկերների մասին։ Ասենք, պատգամավորների մասին ասաց. «131-ից բոլորը չէ, որ իրավաբանական կրթություն ունեն եւ ընդհանրապես կրթություն ունեն»։ Կամ խոսելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի մասին, ասաց. «Երեւի ուշադրություն եք դարձրել, թե Ազգային ժողովում ի՜նչ լաչառությանը հասնող հիստերիա էր բարձրացել «Պետական ծառայողի մասին» օրենքը քննարկելու ժամանակ»։ Այս հանդիպման ընթացքում քիչ խոսեցին քաղաքականության մասին, բայց, այնուամենայնիվ, խոսեցին։ Անուղղակի անդրադարձ եղավ, ասենք, «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցությանը. «Մենք մեր սեփական պետությանը չենք վստահում։ Ուրիշ պետություններին, չգիտես ինչու, վստահում ենք։ Բելառուսի կազմի մեջ մտնելը զապադլո չենք համարում, իսկ դատավորին, քննիչին ճիշտ ցուցմունք տալ՝ ինչ որ կատարվել է, չէ, դա չի կարելի»։ Վահան Հովհաննիսյանին հարցրին «Առագաստում» սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի մասին։ Հարցը նա կարդաց հեգելով, պատճառաբանելով անհաջող ձեռագիրը. «Ե՞րբ են բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու մեղա՜-մեղա՜-մեղավորներին»։ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ սպանության առնչությամբ իրենք մտահոգություններ եւ լուրջ դժգոհություններ ունեն, բայց սպասողական վիճակում են՝ «Չպնդելով բոլորովին, որ տեղի է ունեցել միտումնավոր, կանխամտածված սպանություն, այլ կարող էր տեղի ունենալ նաեւ հանկարծակի կամ չնախատեսված սպանություն»։ Նաեւ վստահություն հայտնեց, որ այդ սպանությունը Ռոբերտ Քոչարյանի հրահանգով չէ, որ կատարվել է։ Վահան Հովհաննիսյանին հիշեցրին ՀՅԴ նախընտրական խոստումները՝ պատգամավորական անձեռնմխելիություն վերացնելու կամ պատգամավորների հետկանչի մեխանիզմի օրենսդրական դրույթ սահմանելու վերաբերյալ։ Սահմանադրության նախագահական փոփոխությունների մեջ ոչ մեկը, ոչ մյուսը նախատեսված չեն։ «Ես կարծում եմ, որ երբ սկսվեն այդ նախագծի քննարկումները, հիմնական խնդիրը, որի հետ մեր խմբակցությունը համաձայն չի լինելու եւ առաջարկելու է իր մոտեցումները՝ լինելու են հենց դրանք»,- խոստացավ Վահան Հովհաննիսյանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930