Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Նոյեմբեր 17,2001 00:00

«ՀԺԿ-Ն ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ է ԱՆՈՒՄ» Ասում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը «Կուսակցությունների մասին օրենքը» ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրենքի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին։ Օրինագծի հեղինակ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը առայժմ հնչած կարծիքներին չէր արձագանքել։ «Առավոտի» խնդրանքով Վլ. Նազարյանը այսօր արեց այդ բանը։ – Պրն Նազարյան, Ձեր հեղինակած օրենքում, սկսած վերնագրից, շատերը բազմաթիվ սխալներ գտան։ Ստացվում է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո օրենքը հիմնավոր կշտկվի։ – Թույլ տվեք քաղաքակիրթ դիրքերից իմ զարմանքն արտահայտել։ Օրենքի տեքստը տրամադրվել է ոչ միայն խորհրդարանում ներկայացված, այլեւ խորհրդարանից դուրս գտնվող կուսակցություններին դեռեւս մարտ ամսին, ընդ որում՝ խնդրանքով, որպեսզի իրենց տեսակետները հայտնեն։ Ստիպված կոպիտ բառ պիտի ասեմ՝ «իշի ականջում քնա՞ծ էին մինչեւ հիմա»։ ՀԺԿ-ն օրենքի նախագծի հետ կուսակցություններին էր ներկայացրել 17 պետությունների, ներառյալ ռուսական 5 տարբեր նախագծեր, նաեւ դրանց համեմատական բնութագիրն էր ներկայացված 14 չափանիշներով։ Մենք ուզում էինք (եւ հիմա էլ ուզում ենք), որպեսզի երկխոսության, քննարկումների ժամանակ գտնվեն բոլորի համար ընդունելի, համաձայնեցված լուծումներ։ Ընդ որում, օրենքը շատ սերտ կապված է «Ընտրական օրենսգրքի» հետ, եւ շատ դիտողություններ, վստահ եմ, իրենց լուծումները կարող են գտնել «Ընտրական օրենսգրքում»։ Ես բոլոր քննադատներին կոչ եմ անում իրենց եռանդը, ջանքերը ծախսեն «Ընտրական օրենսգրքի» կատարելագործման վրա։ Սա ավելի դրական կլինի, քան հայհոյանքը։ Բայց քանի որ մեզանում տարածված ձեւը հայհոյանքն է, էլ ի՞նչ խոսես այդ մարդկանց հետ։ – Պրն Նազարյան, տարաձայնությունների տեղիք տվեց նաեւ փախստականների՝ կուսակցություն ստեղծել-չստեղծելու հարցը։ – Ես էլ կուզեի աշխարհում մի հատ պետություն լիներ, արդեն զզվել ենք Ղարաբաղի խնդրից էլ, Չեչնիայից էլ, Աֆղանստանից էլ։ Թող լիներ մի համաշխարհային պետություն, այդ ժամանակ տարբերություն չէր լինի մարդու եւ քաղաքացու միջեւ։ Բայց առ այսօր կա, պահպանվում է այդ տարբերությունը։ Քաղաքացի ասելով հասկանում են ոչ միայն տվյալ պետությունում բնակվող մարդկային էակին, այլ՝ տվյալ պետության մասնակցին։ Հիմա, փախստականի մասին. ինձ համար անհասկանալի է Հայաստանում հայ փախստականը։ Խնդրեմ, ընդունիր քաղաքացիություն եւ մասնակցիր պետական քաղաքական կյանքին, որովհետեւ կուսակցությունները իշխանություն են ակնկալում։ Մենք չենք կարող թույլ տալ քաղաքացիություն չունեցող մարդկանց իշխանություն ակնկալել մեր պետության մեջ։ – Կուսակցության անդամների նախնական թվի հարցը եւս վիճելի է, ոմանք մտածում են, թե կարելի է, ասենք, 30 հոգով կուսակցություն ստեղծել։ – Թվերն իջեցնելու կողմնակիցներին ուզում ենք կոչ անել, որ պետք է քաղաքական դաշտում հստակեցում մտցնել։ Հասկանում ենք, որ նախորդ ընդունված օրենքը եղել է ընդդեմ նախկին ամբողջատիրության։ Սա մի էտապ է, բայց ինչքան կարող ենք անընդհատ այդ էտապի վրա մնանք։ Ինչ վերաբերում է անդամների թվին, խնդրեմ, իջեցրեք, բայց իջեցրեք բանականության սահմաններում, չիջեցնեք «Ժիգուլու պասաժիրի» թվի չափ։ Մյուս բաների հետ լիովին համաձայն ենք։ Համաձայն ենք, որ արտակարգ դրության պայմաններում չի կարելի դադարեցնել կուսակցությունների գործունեությունը, այլ կարելի է սոսկ որոշ սահմանափակումներ մտցնել։ Մենք դեմ ենք, սակայն, մարզային, համայնքային կուսակցությունների ստեղծմանը։ ՀԺԿ-ն ոչ տեղական կառույցի կարիք ունի, ոչ թվերի կարիք ունի եւ ոչ էլ կուզի իր թվերն ու տեղական կառույցները փաթաթել ինչ-որ մեկի վզին։ ՀԺԿ-ն բանականության կոչ է անում։ Թե չէ, կարելի է ընտանիքներում էլ ստեղծել երեքի կուսակցություն. ի՞նչ կա որ, կամ՝ ծնողների կուսակցություն։ – Կարծիքներ հնչեցին նաեւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականների մասին։ – Չեմ ուզում թվարկել, թե օրենքն ինչ գովերգի է արժանացել եվրոպական փորձաքննության ժամանակ, ամոթ է պարզապես։ Սակայն իրենց կողմից նշված դիտողությունները մենք ընդունում ենք, դրանցից մեկը վերաբերում էր արտակարգ դրությանը, մյուսը՝ թվական քանակի պակասի ժամանակ պետք չի թույլ տալ, որ իշխանությունը համբրի, համաձայն ենք հարյուր տոկոսով։ Տարբեր կուսակցությունների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ շատ կարեւոր ճշգրտումներ մտցվեցին օրենքում։ Կրկնում եմ, մենք որեւէ տաբու չենք դրել, բայց միեւնույն ժամանակ մեր գործընկերներին բանականության կոչ ենք անում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել