Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ կընտրեն պատգամավորնե՞րը

Դեկտեմբեր 11,2001 00:00

ՀՀ նախագահ կընտրեն պատգամավորնե՞րը Սահմանադրական փոփոխությունների նախագծերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա հերթական նիստում ԱԺԿ եւ ՀԿԿ կողմից առաջարկվեց իրենց միասնական նախագիծը քննարկել այդ շրջանակում։ Հանձնաժողովն էլ որոշեց այլեւս չքննարկել ՀԿԿ-ի նախագիծը։ Քննարկվեցին կառավարման համակարգի՝ խորհրդարանի, ՀՀ նախագահի եւ ՀՀ կառավարության վերաբերյալ միասնական նախագծի գլուխները։ Նիստի ընթացքում հիմնականում քննարկվեց, թե խորհրդարանական համակարգ ունենալու դեպքում ինչպիսին է լինելու հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը, երբ Հայաստանում այսօր դեռեւս կուսակցությունները լիարժեք կայացած չեն։ Իսկ այդ համակարգում ամբողջ պատասխանատվությունն ու լիազորությունները գրեթե ամբողջությամբ կենտրոնանում են խորհրդարանի ձեռքին։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, խորհրդարանական համակարգում այս իրավիճակին համապատասխան հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները բավարար չեն իսկապես արդյունավետ կառավարման համակարգ ունենալու համար, եթե դիտարկենք Հայաստանում այժմ այդ համակարգի կիրառման հնարավորությունները։ «Այս 10 տարիների ընթացքում Հայաստանը 3 խորհրդարան է ունեցել եւ երեքում էլ ընտրությունների արդյունքում ձեւավորված ԱԺ մեծամասնությունը հետագայում քայքայվել է։ Ավելին, այն իրավիճակը, որը գոյություն ունի կուսակցություններում, երբ մասնատվում, բաժանվում են մի քանի մասերի, ցույց է տալիս, որ լուրջ խնդիրներ կան արդեն իսկ կուսակցությունների ներսում, էլ չեմ ասում՝ միջկուսակցական հարաբերություններում»։ Իսկ այդ հարաբերությունների վրա հիմնված խորհրդարանը, ըստ Տ. Թորոսյանի, չի կարող ապահովել կայունություն։ ԱԺԿ եւ ՀԿԿ նախագծերում առկա է մի դրույթ, ըստ որի, եթե խորհրդարանը երկրորդ անգամ անվստահություն է հայտնում վարչապետին, ապա ԱԺ-ն պետք է լուծարվի։ Ըստ Տ. Թորոսյանի, դա անընդունելի է, քանի որ նման լայն լիազորություններ ունեցող ԱԺ-ն եւ վարչապետը նույն հարթության վրա չեն կարող հայտնվել։ «Սա կայունության մեծացման արհեստական մի մեխանիզմ է, որը, չեմ կարծում, թե որեւէ արդյունավետություն ունենա կիրառման առումով»։ Ի տարբերություն ԱԺԿ եւ մյուս պատգամավորների ներկայացրած նախագծերի, այս միասնական նախագծում ընդգրկվել է Կոմկուսի առաջարկած՝ ՀՀ նախագահ ընտրելու մեխանիզմը։ Եթե Շ. Քոչարյանի նախագծում առաջարկվում էր, որ խորհրդարանն ինքն ընտրի ՀՀ նախագահին, ապա ՀԿԿ կողմից առաջարկվում է, որ ԱԺ-ն եւ, այսպես ասած, ընտրիչներն ընտրեն նախագահին։ Այս քննարկումները դեռ չեն ավարտվել եւ առաջիկա նիստում կշարունակվի այն։ Սակայն նույն Շ. Քոչարյանի եւ ՀԿԿ առաջարկած նախագիծը, որն իբրեւ նպատակ ունի երկրում ժողովրդավարության արմատներն ամրապնդելու, ակնհայտ է մի բան, որ այս մեխանիզմն ունենալու դեպքում այլեւս ժողովուրդն իր երկրի համար նախագահ ընտրելու հնարավորություն չի ունենալու։ Ժողովրդի համար նախագահ է ընտրելու ԱԺ-ն, իսկ ժողովուրդն ընտրելու է միայն պատգամավորներին։ Եվ ունենալով այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք այսօր ունենք, դժվար չէ կռահել, թե ինչպիսի նախագահ կունենանք։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել