Լրահոս
Օրվա լրահոսը

կամ

Դեկտեմբեր 15,2001 00:00

ԵՂԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ կամ կեղծել է Վանո Սիրադեղյան լինելը Բորխեսը իր մտացածին կամ իրական արքաներից մեկի՝ Աբեխանկա Էլ-Բոխարիի մասին է ասել. «Թափառական էր ու մահվան ժամին ոչինչ դառնալուց առաջ կմտաբերի, որ արքա է եղել կամ կեղծել է արքա լինելը»։ Դժվար է ասել անհատնե՞րն են կերտում պատմություն, թե՞ պատմությունն է կերտում անհատներ, բայց պատահում են մահկանացուներ, որոնց հասարակական դերակատարությունը ծնունդ է տալիս կերպարի։ Նրանք ասես ապրում են մի քանի կյանք։ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը սկիզբ առավ եւ գրվեց համաշխարհային պատմական իրադարձությունների ալիքի վրա եւ ճիշտ չի լինի անձերով պայմանավորել կատարվածը։ Գուցե, եթե Սահմանադրության կնքահայրը չլիներ Էդուարդ Եգորյանը, երկրում հաստատվեր խորհրդարանական իշխանակարգ։ Գուցե, եթե բանակաշինությամբ չզբաղվեր Վազգեն Սարգսյանը, կադրային զինվորականների ու ազատամարտիկ-կամավորականների տարաձայնությունները խոչընդոտեին բանակի կայացմանը։ Այդուհանդերձ, մի կերպ կամ մյուս, կընդունվեր սահմանադրություն, կստեղծվեր բանակ, պարզապես՝ այլ անձանց մասնակցությամբ։ Սակայն կան երեք անձինք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնված չլինելը կարող էր իրոք պատմության ընթացքը փոխել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությամբ հնարավոր դարձավ Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ Եվրոպայում մի պետության կողմից մյուսի տարածքի նվաճում, առանց պատժամիջոցներով հակազդման։ Եթե չլինեին Արամ Մանուկյանը, Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկյանը, հազիվ թե գոյություն ունենար այսօրվա հայկական պետությունը։ Եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հազիվ թե ազատագրվեր եւ այնուհետեւ գոյություն ունենար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հարյուրամյակներ շարունակ թուրքերի հանդեպ ատելությունից կուրացած երկրում Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ բեկել պատմության ընթացքը, հասարակական գիտակցությունը եւ, սեփական շահերը կողմնորոշումներից վեր դասելով, գրել պետությանը վայել տարեգրություն։ Երկրորդ անձը, որ արժանի է հիշատակության, Վազգեն Մանուկյանն է։ Նրա քաղաքական գործունեությանը կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել, բայց բարոյական արժեձողը, որ Վազգեն Մանուկյանը սահմանեց իբրեւ ընդդիմության կեցվածք, մեծագույն ներդրում էր եւ ավանդ ապագային։ Քանի անգամ՝ 1990-ին, 91-ին, 92-ին, 96-ին երկիրը ներքաղաքական ճգնաժամերից խուսափել է, որովհետեւ Վազգեն Մանուկյանը իր մեջ ուժ է գտել հրաժարվելու պաշտոնից, իշխանությունից եւ ընդդիմության առաջնորդին պարտադրվող դեստրուկտիվիզմից։ Վազգեն Մանուկյանը իր ժամանակակիցներին ու ապագա սերունդներին սովորեցրեց, որ սեփական կարիերան կարելի է զոհաբերել պետության կայունությանը։ Վերջապես, երրորդ անձը, ով այսօր բացակայում է երկրի քաղաքական դաշտից եւ ում դերակատարությունը Երրորդ Հանրապետության պատմության մեջ ավելի գերմարդկային է, քան մարդկային, Վանո Սիրադեղյանն է։ Նա ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնեց մի ժամանակ, երբ ոստիկանները երկյուղում էին համազգեստ կրել, առանց պետհամարանիշի մեքենաները սուրում էին մայրաքաղաքում եւ պատերազմական դրության մեջ հայտնված երկրում գրեթե ազատորեն զենք էր շրջանառվում։ Այդ երկրում կային նաեւ հանցագործ հեղինակություններ, որոնք դեռեւս խորհրդային ժամանակներում էին իրենց անհնազանդությամբ հաստատվել, եւ այդ երկիրը չափազանց մոտ էր թմրաբիզնեսի միջազգային մայրուղիներին։ Այսպիսի մի երկրում, նախարարական պաշտոն ստանձնելով, ասեկոսեների տեղիք տալ, թե ոստիկանական բռնապետություն է հաստատվում, հանցագործ հեղինակություններին լռեցնել, արտաքսել կամ բանտարկել, զենքը դարձնել վերահսկելի եւ արգելել թմրաբիզնեսի տարածումը, ոչ մի կանոնակարգված պետությունում, ոչ մի օրինապահ նախարարի տրամաբանորեն ներկայացվող պահանջ չէր կարող լինել։ Այդպիսի մի թռիչք իրականացնելու համար օրենքներից վեր կանգնող մարդկային անհատականություն է հարկավոր։ Ի հեճուկս խոչընդոտների, ոչնչի առջեւ չընկրկող մարդկային կամք է հարկավոր։ Եվ վերջապես, հանցագործ կառույցները ու դրանց պարագլուխներին հաղթելու միտք է հարկավոր։ Անձ, որը ե՛ւ անհատականություն լիներ, ե՛ւ վաբանկ գնալու կամք ունենար, ե՛ւ հակառակորդներին հաղթելու մտքի ուժ՝ չէր կարող ընտրվել։ Նա կարող էր գտնվել։ Վանո Սիրադեղյանը գտնվեց եւ հայկական պետության այսօրը, նույնիսկ ռազմաքաղաքական հաջողությունները, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի՝ ներքաղաքական բախումներից խուսանավելը, Սիրադեղյանի անձնական ծառայություններն են Երկիր Նաիրիին։ Մի առիթով Սիրադեղյանից եմ լսել ֆրազը, թե «Անցյալը ուրանալը փոքրոգություն է»։ Անցյալը ուրացողը երբեք ապագա չի կերտի։ Եվ հարկ չկա քննադատությունը վերածել ցեխ շպրտելու։ Որպեսզի անձը քննադատվի, նրա դրական ծառայությունները ու բացասական դերակատարումները պետք է դրվեն նժարներին։ Այն հանգուցային դերակատարության համեմատությամբ, որ Վանո Սիրադեղյանը խաղացել է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, նրան վերագրվող մեղադրանքները, եթե նույնիսկ դրանք կատարելապես մտացածին չեն, դարձյալ ցեխի շպրտոց են թվում։ Սիրադեղյանին քննադատելը իմաստալից էր այն ժամանակ, երբ նա դեռեւս պաշտոնավարում էր իբրեւ ՆԳ նախարար, որովհետեւ պատասխանատու էր իրավիճակի ու բացասական երեւույթների համար։ Հնչող քննադատությունն էլ այնքանով էր կառուցողական, որ պետք է հուշեր ինչ-ինչ դրվածքներ եւ քայլեր վերանայել։ Մինչդեռ հետագայում, երբ Սիրադեղյանը հեռացել էր նախարարական պաշտոնից, երբ նրա որեւէ գործունեությունը չէր անդրադառնում հասարակության վրա եւ, մանավանդ այժմ, երբ նա նույնիսկ բացակայում է հանրապետությունից, միայն փոքրոգի, ցեխ շպրտող մանկլավիկի հոգեբանություն ունեցողը կանտեսի այդ մարդու ծառայությունները։ Ի վերջո, Աստվածաշնչում էլ դիկտում կա. «Նայեք, որ ձե՛ր աչքի լույսը խավար չըլլա»։ Անցյալում գործող անձանց ու անցյալում կատարված իրադարձությունների մասին չարժե հիշաչարությամբ արտահայտվել։ Որովհետեւ տրվող գնահատականները ստացվում են շատ ավելի ինքնաբնութագրական, քան՝ այլոց արժեւորող։ Սիրադեղյանի դեպքում հասարակական գիտակցության մեջ հաստատված կերպարն էլ առանձնապես չի խաթարվում։ Միայն տարածված անեկդոտը. «Բեն Լադենին սափրել են, պարզվել է Վանոն է», ցույց է տալիս, որ այս երկրում հզորության մարմնավորումը եղել է, կա եւ մնում է Վանո Սիրադեղյանը։ Ի հեճուկս այսօրվա իշխանությունների եւ իրենց ուժեղ կարծողների։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել