Լրահոս
Օրվա լրահոսը

2

Դեկտեմբեր 19,2001 00:00

ԼԵՀԱԿԱՆ ԴԱՍԵՐ 2 տարի է, ինչ Լեհաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Այս առնչությամբ Լեհաստանի ԱԳՆ-ի, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան եւ «Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարության աջակցության ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած 4 օր տեւած հանդիպումներից առանձնացնենք այն դրվագները, որոնք կարող են հետաքրքրել հայ քաղաքական շրջանակներին։ Լեհ-գերմանական հաշտեցո՞ւմ Դեկտեմբերի 11-ին, երբ Հայաստանից մեր պատվիրակությանն («Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյան, Հայաստանի ԱԳՆ աշխատակից Արմեն Ղեւոնդյան, «Նոյյան տապանի» թղթակից Սուսաննա Պետրոսյան եւ ես) ընդունեց Լեհաստանի ԱԳՆ-ի ռազմավարության եւ քաղաքականության ծրագրավորման բաժնի ավագ խորհրդական Յարոսլավ Կսիոնժեկը, դեռեւս հայտնի չէր Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի տրոհումը։ Բայց այն, ինչ պատմում էր այդ խորհրդականը իր հարեւանների հետ Լեհաստանի փոխհարաբերությունների մասին, մասնավորապես՝ գերմանացիների հետ իրենց հազարամյա պայքարի եւ ատելության մասին՝ ստիպում էր ուղղակի զուգահեռներ տանել մեր իրականության հետ։ Միջանկյալ նշենք, որ ավելի ուշ, երբ զբոսնում էինք Վարշավայում, մեզ ցույց էին տալիս բոլոր այն վայրերը, որտեղ գերմանացիները պատի տակ շարած գնդակահարել էին լեհերին։ Շուրջ 300 հուշատախտակներով էին նշված այդ վայրերը։ Մեզ պատմում էին, թե Համաշխարհային II պատերազմի ժամանակ ինչպես էին «քարոզչական նպատակներով» օգտագործել եւ ծանակել 10-13 տարեկան լեհ երեխաներին։ Ցույց էին տալիս ավերակներից վերականգնված իրենց անկախության խորհրդանիշը՝ Թագավորական դղյակը, որ գերմանացիները նախ պատրաստվել էին պայթեցնել, հետո ուղղակի ռմբակոծել էին։ Ողջ Վարշավան էր պատերազմի ընթացքում հիմնահատակ ավերվել ու, թե չլինեին վերականգնողական աշխատանքները՝ կթվար, թե պատմություն չունեցող ու անդեմ մի երկիր է սա։ Գերմանիան այսօր իր դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Լեհաստանում։ Այս երկրներն այսօր արդեն նույն ռազմական դաշինքի անդամ են, իսկ 2004-ին Լեհաստանը պատրաստվում է մաս կազմել Եվրամիությանը, որի անդամներից մեկն էլի Գերմանիան է։ Չնայած կենցաղային ատելությանը (այն ուժեղ է նաեւ ռուսների եւ այն ամենի նկատմամբ, ինչ այս կամ այն կերպ առնչվում է Խորհրդային Միությանը), լեհերն ու գերմանացիները կարծես հաշտվել են։ Եվ պատճառը թեեւ այն է, որ Գերմանիան ներողություն է խնդրել, բայց հաշտեցման նախաձեռնությունը լեհ հոգեւորականներինն է եղել։ Ընդսմին, տարեց լեհերի համար «թշնամու կերպար» (այս բնորոշումը Յարոսլավ Կսիոնժեկինն է), գերմանացիների հետ փոխհարաբերություններով լեհերի խնդիրներն իրենց հարեւանների հետ չեն ավարտվում։ Լեհաստանի արտգործնախարարի ավագ խորհրդականը մեզ պատմում էր, որ մինչ այժմ էլ Վիլնյուսը լեհերը համարում են իրենցը՝ Վիլնու քաղաքը։ Պատմում էր նաեւ, որ հարաբերությունները վատ են եղել ե՛ւ ուկրաինացիների, ե՛ւ բելառուսների հետ… Մի խոսքով, ըստ Կսիոնժեկի, եթե իրենք միայն պատմությանը նայեին՝ չէին ունենալու բարեկամներ. «Մոռանա՞նք անցյալը՝ իհարկե, ո՛չ։ Բայց ապագան պատմության վրա չի կառուցվի, այլ միայն ներկայի… Իսկ դեպի Եվրոպա մեր ճանապարհին ապագան է ավելի կարեւոր, եւ պատմությունը չպիտի խանգարի մեզ՝ գնալ առաջ։ Նախկինում էր պատմաբանների ժամանակաշրջան. հիմա տնտեսագետների դարն է»։ Կժամանեն 200 դիտորդներ Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Յացեկ Ցիխոցկին, որի հետ հանդիպեցինք դեկտեմբերի 13-ին, Բրոնեսլավ Գերեմեկի հետ միասին երեք անգամ մասնակցել էր ԵԱՀԿ շրջանակներում անցկացված այն հանդիպումներին, որոնց քննարկման նյութը Ղարաբաղն էր, եւ եկել այն եզրակացության, որ այդ խնդիրն այնպիսի փակուղում է, որ որեւէ բան անել հնարավոր չէ։ «Ինչ-որ բան հիմա փոխվե՞լ է, տեղաշարժ կա՞, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես 2-3 տարի առաջ։ Հաջողվե՞լ է ձեզ հասնել գոնե ոչ կարգավորման, այլ՝ տեսակետների մերձեցման,- սրտացավորեն հարցնում էր մեզ Ցիխոցկին,- գուցե, այնուամենայնիվ, կարելի էր 1988-ին այլ ճանապարհ ընտրել՝ ոչ հակամարտությունը»։ Սակայն հայկական կնճռոտ իրականությանն առավել հանգամանալից անդրադարձի առիթ եղավ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակում։ Նրանց ներկայացուցիչներին առավել, կարծես, մտահոգում էր միայն այն, որ երկու տարի շարունակ խոստացվում է Հայաստանում ընդունել այլընտրանքային զինծառայության մասին օրենք, բայց խոստումն այդպես էլ չի կատարվում։ Այստեղ արդեն «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը, որը բոլոր այլ հանդիպումներում աշխատում էր «աղբը տնից դուրս չհանելու» սկզբունքով, մի կողմ թողեց դիվանագիտական ձեւակերպումները։ «ԵԱՀԿ գործունեությունը մեզ մոտ ուղղակի զարմանք է հարուցում»,- ասաց նա՝ որոշակիացնելով, որ հանդես է գալիս միայն «Արմատ» կենտրոնի անունից։ Եվ նշեց, որ Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար դեսպան Ռոյ Ռիվը համագործակցում է այն մարդկանց հետ, ովքեր իրենց հանդես չեն բերել որպես ժողովրդավար, եւ հենց քրեական հեղինակությունների ներկայացուցիչներ են, ուզում են օրենսդրորեն ամրագրել, որ նախագահական իշխանությունը ձեւավորի օմբուդսմենի ինստիտուտը։ Ավելին, ըստ Ստեփան Գրիգորյանի, այդ դեսպանը հակակոռուպցիոն ծրագիր է նախապատրաստում կառավարության այն ներկայացուցիչների հետ, որոնք բացահայտորեն զբաղվում են գործարարությամբ եւ չգիտեն՝ ինչ ասել է՝ ժողովրդավարություն կամ բազմակարծություն։ «Դուք, ի՛նչ է, կրիմինա՞լն եք ուժեղացնում Հայաստանում»,- հարցրեց պրն Գրիգորյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին։ Նրա մյուս հարցադրումն էլ այն էր, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ դիտորդները խորհրդարանական ընտրություններում գրեթե ձեւական ներկայություն ապահովում. «5-6 հոգու փոխարեն 15 հազար ուղարկեք, որ բոլո՛ր ընտրատեղամասերում ներկա լինեն»։ Բյուրոյի ղեկավարը, համաձայնելով, որ Հայաստանի վերջին ընտրությունների առնչությամբ շատ քննադատություն կա, խոստացավ, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններին ներկա կլինեն ԵԱՀԿ 200 դիտորդներ։ Նաեւ խոստացավ իրենց փորձագետների ուշադրությունը հրավիրել «Կուսակցությունների մասին» օրինագծի վրա եւ, որ օրենսդրորեն ամրագրվի օմբուդսմենի ընտրությունը խորհրդարանի կողմից։ … Երբ այս հանդիպման եւ լավատեսական խոստումների մասին հաջորդ օրը մի թեթեւ ակնարկ եղավ Լեհաստանի պաշտպանության նախարարության Հյուսիսատլանտյան դաշինքի հարցերի վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գնդապետ Կժիշտոֆ Օսինսկին քմծիծաղ տվեց. «Այո, պարոններ, երբ կրիմինալը գալիս է իշխանության՝ այստեղ արդեն ոչ մի եվրոպական կառույց չի օգնի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վարշավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել