Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքից ազատվելու» է թանգարանը

Հունվար 18,2002 00:00

«Աշխատանքից ազատվելու» է թանգարանը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին էին դիմել բուժվերականգնողական կենտրոնում բուժվող վիրավոր ազատամարտիկները։ Վերջիններիս գրավոր դիմումին կառավարությունում չէր գտնվել մի համապատասխան ծառայություն՝ պատասխանելու։ Իսկ ազատամարտիկները հիշեցնում էին, որ դեռեւս 1999թ. օգոստոսին թվով 50 մտավորականներ եւ նույնքան էլ արցախյան պատերազմի մասնակիցներ («կոնտուզիաներով» եւ «անդամահատված ոտքերով») դիմել էին ՀՀ կառավարությանը սոցիալական կենտրոնում հասարակական հիմունքներով գործող «Ոգեղեն ուժ» թանգարանի պաշտպանության հարցով։ «Այսօր իր ծանր ու մեծ ծառայությունը շարունակող մեր բազմաչարչար սոցիալական կենտրոն-թանգարանը իր զբաղեցրած դահլիճից կրկին փորձում են դուրս հանել», գրում էին նրանք։ Թանգարանը կրում էր նաեւ քաղբանտարկյալ Վարուժան Կարապետյանի անունը եւ այնտեղ անցկացված բազմաթիվ պաշտպանական միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել երեւելի մտավորականներ ու հասարակական-քաղաքական ճանաչված գործիչներ։ Տեղեկացնենք, որ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք նույնիսկ հարց բարձրացվեց թանգարանին պետական կարգավիճակ շնորհելու մասին։ Նախատեսվում էր, որ այն կլինի քաղբանտարկյալների առաջին թանգարանը Հայաստանում։ Ընթերցողին հիշեցնենք նաեւ, որ թանգարանը իրավաբանական անձ գրանցելու խնդրով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին էին դիմել «Ս.Սահակ, Ս. Մաշտոց» շքանշանի ասպետ, Վազգեն Ա-ի 40 տարվա գիտական աշխատող Պարգեւ Շահբազյանը, թանգարանի հիմնադիր (կամ նախաձեռնող) Սեդա Հարությունյանը, Լեոնիդ Ազգալդյանի քույրը՝ Նելլին, պատմաբան Միքայել Հարությունյանը, գեղանկարիչ Վարդիթեր Կարապետյանը… թե ինչո՞ւ էր հատկապես կարեւորվել, որ թանգարանը կոչվի Վարուժան Կարապետյանի անվամբ, պարզաբանվել էր այսպես. «Եղել է բազում հայորդիների ու վիրավոր ազատամարտիկների խոր հայրենասիրությունը, մեր հայրենակից Վարուժան Կարապետյանի ցմահ դատապարտության օրերին հայրենիքից գնահատանքի լուռ օրինակ ցույց տալու մեր բոլորի անկեղծ մղումը։ Սա ֆիրմային անվանում չէ, որն առեւտրային արտոնագրի համար հատուկ թույլտվության կարիք զգար»։ Ու նաեւ՝ «վերոնշյալ անվանակոչությամբ մի համարձակ քայլ արեցինք՝ հնարավորություն տալ երիտասարդությանը հպարտություն զգալ ապրող հերոսի ժամանակակիցը լինելու համար»։ Մինչ Վարուժանի ազատվելը, բուժվերականգնողական կենտրոնի դահլիճ-թանգարանում փակցված էին Վարուժանի «մոր սիրալիր կերպով իրենց տրամադրած, բանտում Վարուժանի կողմից ստեղծված» 17 գեղանկարները։ Օրեր առաջ թանգարանի հիմնադիրը զգուշացվել է աշխատանքից ազատվելու մասին, ինչը նշանակում է, որ «աշխատանքից ազատվելու» է եւ թանգարանը։ Իմ գործընկերը հանդիպել էր սոցապնախարար Ռ. Մարտիրոսյանի հետ, որն ակնարկել էր թանգարանը փակելու մասին։ Նա «թանգարան» բառն էլ չէր օգտագործել, այլ «խոզանոց», որի փակելն անհրաժեշտություն է։ Պրն նախարարին պարզապես արժե հիշեցնել, որ սույն կենտրոնի սույն «խոզանոցում» եղել են, ի տարբերություն ցածրաստիճան պաշտոնյաների (որոնց, չգիտես ինչու բարձրաստիճան են անվանում)՝ բազմաթիվ հայեր, մտավորականներ, լրագրողներ, ազատամարտիկներ՝ հետաքրքիր եւ ուշագրավ միջոցառումներով։ Սա պետական կամ դրսից ուղարկված գումարների հաշվին չի գոյատեւել, այլ ներքին նախաձեռնությունների։ Այս «խոզանոցի» պաշտպանությամբ են հանդես եկել ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության նախագահ Մ. Հարությունյանը, ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքների վարչության, մշակույթի եւ հասարակական կապերի բաժնի կապիտան Անդրանիկ Մխիթարյանը, Բաքվի բանտերում 2 տարի տառապած, հաշմանդամ Ռոզա Միրզոյանը, բազմաթիվ կազմակերպություններ։ Պարզապես ժամանակն է հարցի վերջնական լուծումը գտնել։ Կամ օգնել, աջակցել, որ կատարվի հանրության կամքը, կամ ասել, որ ոգին ուժ չունի, որովհետեւ ուժը չինովնիկների անհոգի հրամաններում քնած է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031