Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի կուսակցության առաքելությունը

Հունվար 26,2002 00:00

Պատերազմի կուսակցության առաքելությունը Ապացուցված է, որ միամտության արդյունքները շատ հաճախ ավելի ողբերգական են լինում, քան դավաճանության: Հայաստանյան ձեռնարկությունները ռուսներին հանձնելու պայմանագիրը խայտառակ նահանջ է: Գազի դիմաց նման պարտք մենք երբեւէ չենք ունեցել, ինչը կարող են վկայել եւ՛ ներկա, եւ՛ նախկին կառավարությունների անդամները: Հայաստանը պաշտոնապես սնանկ չի ճանաչվել, սակայն նրա ունեցվածքն առգրավվում է պարզագույն սպառնալիքի տակ. դեռեւս Հայաստանում են ռուսական զորքերը, որ կարող են զենք ուղղել մեր պետության ղեկավարության, իսկ ընդդիմության բացակայության դեպքում՝ նաեւ խաղաղ բնակչության դեմ: Դրա համար է ռուսական եւ հայկական զորքերի գործողությունների համաձայնեցվածությանը ՌԴ Դումայի միաձայն քվեարկումը Սերժ Սարգսյանը կապում վերը նշված պայմանագրի հետ եւ համարում նվաճում: Այսինքն՝ ռուսները չեն կրակելու նախագահի կամ ժողովրդի վրա: Ռուսական կառավարության հավաստմամբ՝ հայ-ադրբեջանական զինված բախման հավանական վերսկսման ժամանակ իրենց կողմից ռազմական միջամտություն չի լինելու: Հայտարարվեց ավելին՝ եթե Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, կստանա այդ հարցը ռուսների հետ փոխպայմանավորելու պատրաստակամությունը: Ստամբուլյան պայմանավորվածությամբ եւ Պուտինի հռչակած անվտանգության հայեցակարգով՝ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, առաջին հերթին՝ Աբխազիայից: Էջեւիթ-Պուտին հանդիպումից հետո Պուտինը Թուրքիային անվանեց Ռուսաստանի բնական դաշնակիցը, իսկ Էջեւիթի խոսքերով՝ Ռուսաստանը Թուրքիայի թիվ 2 գործընկերն է աշխարհում: Այդ դեպքում ու՞մ դեմ են ուղղված ռուսական զորքերը, ու՞մից ում են պաշտպանում բնական դաշնակիցներն ու սերտ գործընկերները: Հայաստանյան ձեռնարկությունները վախեցնելով խլելուն, որ վերջնական տեսքի էր բերվելու (եւ բերվեց) Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, դեմ է եղել կառավարության մեծ մասը: Պարտավոր էին դեմ լինել նաեւ անկախության նվիրյալները, որոնք, սակայն, «թիմային համերաշխության» մեջ էին, բացի մեկից, որն էլ ձերբակալվեց Պուտինի այցից 3 օր առաջ: Հայաստանն էներգետիկ լիակատար եւ միակողմանի կախման մեջ է ընկել Ռուսաստանից. իսկ թե ինչ է էներգետիկան ցանկացած պետության ինքնիշխանության համար՝ հայտնի էր անգամ Լենինին ու էներգետիկայի արշալույսից: Մենք պարտավորված ենք գնել ռուսական գազը, ատոմային վառելիքը՝ առանց սակարկման եւ այլընտրանքի իրավունքի: Ռուսներն ամեն կերպ խոչընդոտելու են մեր միակ բնական դաշնակցի հետ Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանն ու շահագործմանը, ԲԷՑ-երի սեփականաշնորհմամբ միջազգային վարկերի ստացմանը, Եվրամիության դրամաշնորհով նոր, հզոր էլեկտրակայանի կառուցմանն ու պայթունավտանգ մեր ատոմակայանի նորով փոխարինմանը: Հակառակ պարագայում Հայաստանը կդադարի Ռուսաստանի վերջին ռազմական հենակետն ու հանուն Ռուսաստանի պետական շահերի՝ մեր տարածաշրջանն ապակայունացնող ռուսական գործիքը լինել՝ դառնալով ինքնուրույն գործոն, վերջապես ինտեգրվելով տարածաշրջանում ու համաշխարհային հանրությանը: Փեշերը քշտող Ռուսաստանն օբյեկտիվորեն դեռ երկար ժամանակ չի կարող լինել ազնիվ գործընկեր, եւ ոչ միայն մեզ համար: Մեզ պարտադրելու են սպասարկել իրենց հետամնաց տնտեսությունը, դառնալ կցորդ ու մեռնող կայսրության ռազմական պլացդարմ, ավելին՝ ապահովել այդ պարազիտ գոյացության՝ ռուսական զինված ներկայության նյութական, աշխարհաքաղաքական ու բարոյական վճարումները: Շարունակելու են մեր իշխանության ու ընդդիմության մեջ խցկել ստրկամիտներին՝ ապահովելու համար կայուն հինգերորդ շարասյուն: Այս «համագործակցությունը» կշարունակվի, քանի դեռ ռուսական զենքի փողը սառեցնում է մեր քունքը: 2001թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էներգիայի վճարումների գանձումները հասցվեցին 100%-ի, իսկ 30%-անոց կորուստները՝ 0-ի: Հենց այդ պահին շրջանառության մեջ նետվեց «էներգետիկ մաֆիայի» հայտնաբերումը, որը հօդս ցնդեցրեց ԲԷՑ-երի սեփականաշնորհումը (ոչ առանց ընդդիմություն կոչվածի պոպուլիստական ու ծախու ծառայության): Սեփականաշնորհման խաղերն ի սկզբանե բլեֆ էին, քանի որ ցանկացած քաղաքացիական գիտակցություն ունեցողի համար պարզ էր, որ կրկնվում էր արմենտելյան մենաշնորհային հավկուրությունը՝ այլասերելով սեփականաշնորհման ու ազատ շուկայի բուն գաղափարը. ջուրը դարձյալ լցվում էր ռուսական ջրաղացը: Ոչ ոք չի փորձելու իրապես սեփականաշնորհել դրանք, քանի որ ռուսներն այն ձրի են պահանջում քաղաքական կամք չունեցող մեր քաղաքական վերնախավից: Իսկ 2002թ.-ն մեր ղեկավարության համար սկսվեց պաշտոնական Ռուսաստանի՝ գազի դիմաց ավելի բարձր սակագներ պարտադրելու վերաբերյալ նամակով, որի մասին, չգիտես ինչու, պաշտոնական ու ընդդիմադիր լրատվամիջոցները կուսական ամոթխած լռություն են պահպանում: Ռուսներն այլեւս հարկ էլ չեն համարում հայերին խաբել ու սիրաշահել, այլ որերորդ անգամ, արդեն ավելի կոպիտ տոներով կրկնում են Պուտինի՝ Քոչարյանին հրապարակավ ասած խոսքերը՝ Հայաստանը չի օգտվելու որեւէ առանձնաշնորհից: ԱՄՆ նորանշանակ դեսպանը ուշացածի վճռականությամբ անհանգստանում է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության անհրաժեշտությամբ ու ղարաբաղյան հակամարտության հնարավոր արագ կարգավորմամբ: Իհարկե. սառած, լքված, կիսաքաղց բնակչության ու անկարող քաղաքական ղեկավարության հետ կարելի է խոսել ցանկացած լեզվով: Եթե ռուսներին մինչեւ անսահմանություն թույլատրել ենք, ապա ինչո՞ւ ամերիկացիները պակաս հավակնություններ պիտի ունենան: Կարծես թե պարտվել ենք պատերազմում եւ ռազմատուգանք ենք վճարում: Սա՞ էր պատերազմի կուսակցության առաքելությունը: ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031