Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԸ ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 02,2002 00:00

ԻՍԿԸ ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Այն, որ ՀՀ կառավարությունում բարձիթողի վիճակ է, հասկանալի դարձավ տարեսկզբին, երբ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակվեց Մանվել Բադալյանը: Նույնիսկ լրագրողների համար դժվար էր մտաբերել այս մարդու նախընթաց հասարակական դերակատարությունը: Բնականաբար դա էլ ավելի դժվար պետք է լիներ նախագահ Քոչարյանի համար, որը երեւի թե առաջին ու վերջին անգամ Բադալյանին հանդիպել էր 1998-ի մեռելածին Քաղաքական խորհրդում: Ազգային ժողովում Բադալյանը դասական back-bencher է եղել, այդքանով էլ նրան խորհրդարանից մտապահելն անհավանական էր: Մնում էր եզրակացնել, որ այս թեկնածուով զբաղվել է տեւականորեն նրան առնչված մեկը: Հիշատակված Քաղխորհրդում եւ ԱԺ-ում նման առիթ ունեցել է ներկա վարչապետը: Ի դեպ այն, որ Քոչարյանը Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնով անձամբ չի էլ զբաղվել, կողմնակիորեն հաստատում է եւ հանգամանքը, որ այդ պաշտոնի համար Ալիկ Հարությունյանի թեկնածության քննարկման մասին լուրերը մտացածին են: «Ինձ քաղծառայության խորհրդի նախագահի պաշտոն չի առաջարկվել,- հավաստեց Ալիկ Հարությունյանը,- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի մշակմանը ես նույնիսկ չեմ մասնակցել, ոչ էլ իմ թեկնածությունը երբեւէ քննարկվել է: Դա ուղղակի «Իրավունքի» թղթակցի ենթադրությունն էր, որը հետագայում այնքան կրկնվեց, որ լրագրողներին գրեթե թվաց եղելություն»: Սակայն ակնհայտորեն նման ենթադրության համար տեսական հիմքեր եղել են՝ հաշվի առնելով քաղաքացիական ծառայության ինստիտուտի նշանակությունը, օրենքի ընդունման ոդիսականը եւ Եվրախորհրդի հետեւողականությունը: Հետեւաբար, եթե նախագահի շրջապատում չի փնտրվել թեկնածու, դրա միակ բացատրությունն այն է, որ Քոչարյանը կուլիսներում ինչ-որ ֆունդամենտալ կարգավորումով է զբաղված, որի համեմատությամբ վարչապետին ինչ-որ կադրային նշանակումներ թողնելը անհետեւանք ու անցողիկ է լինելու: Այլապես նույնիսկ լրագրողներն էին գիտակցում, որ եթե նշանակումներով զբաղվեր Քոչարյանը, Ալիկ Հարությունյանի կալիբրի մեկն էր պաշղտոնավարելու իբրեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ: Մինչդեռ նշանակվեց Մանվել Բադալյանը, ով ակնհայտորեն վարչապետի մակարդակի կադր էր: Եթե Քոչարյանը 6 տարի ժամկետում պաշտոնավարող Քաղծառայության խորհրդի նախագահով չզբաղվեց, բնականաբար առավել եւս չէր զբաղվի երկրորդական նախարարներով, որոնք փոփոխելի են ի սկզբանե եւ ցանկացած պահի: Այս բարձիթողի վիճակի շահարկումն էր, որ գրեթե միեւնույն ժամանակ, երբ եղան Քաղծառայության խորհրդի նշանակումները, լուրեր տարածվեցին երկրորդական նախարարական պաշտոններում կադրային փոփոխությունների մասին: Արդյունաբերության նախարար, գյուղատնտեսության, Երեւանի քաղաքապետ, տրանսպորտի նախարար եւ այլն: Քանի որ առայժմ փոխվել է միայն գյուղնախարարը, նշանակում է, շրջանառվող լուրերը նախագահականից չէին ծնունդ առել: Ընդսմին, գյուղնախարարի փոփոխությունն էլ, երեւի վարչապետի ջանադրության արդյունք է, քանի որ տառացիորեն երկու օր առաջ նախարարը պատրաստվում էր հաշվետվություն ներկայացնելու եւ վստահ էր, որ արձանագրված գյուղատնտեսական աճի ֆոնի վրա իր պաշտոնաթողությունը առանձնապես տրամաբանական չէ: Իսկ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ընդհանրապես տնտեսության մեջ մտացածին կամ իրական աշխատատեղերի ու հաջողությունների մասին սովորաբար, այն էլ հրապարակավ խոսում է նախագահը, ոչ վարչապետը: Գուցե նաեւ նախարարին ինքնավստահություն էր տալիս այն, որ ինքը ոլորտի միակ մասնագետն էր կառավարության կազմում, նկատելով թե կրթությունը, թե աշխատանքային կենսագրությունը, թե գիտական աստիճանները: Այդուհանդերձ, Զավեն Գեւորգյանի պաշտոնանկումը տեղի ունեցավ, եւ դա ուշագրավ է այնքանով, որ ժամանակային առումով հաջորդեց «Ագրարային կուսակցության» վերակենդանացմանը: Մեկ անգամ արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ նայելով գյուղական բնակավայրերում վերջինիս հեռանկարին, այդ կուսակցությանը հեգնել չես կարող: Գյուղացուն հարկավոր է իր խնդիրների լուծում, դա էլ առաջարկվում է՝ անկախ մեծ քաղաքականությունից: Քանի որ վերակենդանացող, թե հիմնադրվող այդ կուսակցությունը ակնհայտորեն սատարելու էր Քոչարյանին, նախագահը այստեղ չէր կարող խնդիր ունենալ: Այլ հարց է վարչապետը: Հստակ խավային պատկանելություն ունեցող կուսակցությունը լղոզված ՀՀԿ-ի համար միանգամայն անցանկալի մրցակից կլիներ նույն քոչարյանական ճամբարում: Նայելով 98-ից ի վեր ՀՀԿ-ի անցած ուղուն, կասկած լինել չի կարող, որ կուսակցությունը իր համեստ կարողությունները ի սպաս է առաջարկելու գործող իշխանությանը: Եվ ինչ խոսք, «հեռատեսություն» է հնարավորինս խոչընդոտել մրցակիցներին, որ սեփական կարողությունները արժեք ունենան: Տեսնենք Քոչարյանը ջանքերը կգնահատի՞, թե՞ Գեւորգյանին նոր պաշտոն կառաջարկվի, աջակցելու համար Ագրարային կուսակցությանը: Իսկ կարո՞ղ էր արդյոք կառավարության կազմում փոփոխությունը ինչ-որ բազմաքայլ կոմբինացիայի մաս լինել, ասենք՝ Զավեն Գեւորգյանը Դավիթ Զադոյանով փոխատեղվեր Հովիկ Աբրահամյանի դիրքերն ուժեղացնելու համար: Թերեւս ոչ, որովհետեւ Աբրահամյանի համար նույնիսկ պորտֆելային նախարարի պաշտոնը անհիմն թռիչք է, էլ ուր մնաց արտադրական ենթակառուցվածքների համակարգումն էլ տրվեր նրան: Զադոյանը լավ նախարար էր կամ ոչ այնքան, դա այլ հարց է, բայց Աբրահամյանը իբրեւ տեխնոկրատ նրա հետ նույնիսկ համեմատվելու նախադրյալ չունի: Քաղաքական նպատակահարմարության տեսակետից էլ առաջիկա նախընտրական տարում ո՞վ կարող է հենվել Հովիկ Աբրահամյանի վրա՝ Քոչարյա՞նը: 98-ից ի վեր Աբրահամյանի վարքագիծը վերլուծելով, ավելի հուսալի տարբերակ կլինի, եթե Քոչարյանը խարխուլ մակույկով ծովին հանձնվի: Մյուս իշխանություն ունեցող անձը Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը, հազիվ Հովիկ Աբրահամյանի կարգի անձանց ընդհանրապես հաշվի առնի: Մնում է առավել հավանական վարկածը, ուղղակի Մանվել Բադալյանի նշանակումից հետո վարչապետը հալյուցինացիաների մեջ է ընկել, թե ինքն էլ կարող է կադրային հարցեր լուծել եւ ինքնահաստատվում է: Տա Աստված, վարչապետը արագ սթափվի խաբկանքից, եւ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թողտվությունը սեփական կշռի մեծացում չընկալի: Մանավանդ, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն կարող երկար ժամավաճառությամբ զբաղվել: Մի կողմից Արցախում նախագահական ընտրությունների ելքը, եւ արտերկրի արձագանքը, մյուս կողմից՝ մոտեցող նախագահական ու խորհրդարանական ընտրարշավի մեկնարկը Հայաստանում անհնար են դարձնում նման շռայլությունը: Թերեւս մինչեւ Արցախում նախագահական ընտրությունների կայանալը Քոչարյան-Սարգսյան աղդեցության գոտիները ՀՀ կառավարությունում եթե ոչ վերջնականապես տարանջատված, ապա գոնե կանխորոշված կլինեն։ Տեսնենք, թե դրանից հետո ինչ կարգավորում կկատարվի Հայաստանի կառավարությունում եւ արդյո՞ք Անդրանիկ Մարգարյանի մասին, վարչապետական պաշտոնավարությունից իբրեւ հիշատակ, չի մնա միայն հայտնի անեկդոտը մականունների մասին։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել