Լրահոս
Օրվա լրահոսը

1998-Ի ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՐՁ

Փետրվար 02,2002 00:00

1998-Ի ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՐՁ 1998-ի փետրվարին տեղի ունեցած հարկադիր իշխանափոխությունը բնական է, որ վաղ թե ուշ պետք է կոչվեր իր անունով՝ պետական հեղաշրջում, եւ պետք է քաղաքացիություն ստանար որպես այդպիսին: Կարեւորագույն այս իրողությունը քաղաքական գնահատականների արժանացել է, երբեմն վերլուծության փորձեր են արվել, բայց միայն փորձեր: Մեր նպատակը նման նոր փորձը չէ: Վերջիններս միշտ կմնան ենթադրությունների շրջանակներում, քանի դեռ չեն հիմնվում այդ իրադարձության խոհանոցային մանրամասների իմացության վրա: Այդ խոհանոցն իր մանրամասներով ամբողջությամբ վերականգնել հնարավոր կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իմացությունների համադրմամբ կամ գումարմամբ: Նրանցից որեւէ մեկը չէր կարող տիրապետել ամբողջին: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է չիմանալ, թե միմյանց մեջ ինչ է քննարկել եռյակը, ինչ են պայմանավորվել տարբեր փուլերում: Եռյակի անդամներից յուրաքանչյուրը կարող էր չիմանալ, թե մյուսները ինչ են խոսել միմյանց եւ յուրաքանչյուրը՝ հանրապետության նախագահի հետ (եթե նման հանդիպումներ եղել են): Նրանցից մեկը՝ Վ. Սարգսյանն այլեւս չկա: Կարելի է չկասկածել, որ ամենամեծ ինֆորմացիան նա ուներ: Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, հասկանալի պատճառներով երբեք դրա մանրամասները չեն ներկայացնի: Համենայնդեպս՝ չեն ներկայացնի այնպես, ինչպես դա իրականում եղել է: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է ներկայացնել միայն այն, ինչ եղել է այս եռյակի կամ նրա առանձին անդամների եւ իր միջեւ: Սակայն նա էլ երբեք իրեն թույլ չի տա հրապարակել, ասել կարեւոր մանրամասներ հատկապես Վ. Սարգսյանի հետ կապված, այն պարզ պատճառով, որ վերջինս այլեւս չկա: Մինչդեռ հարցը կարեւոր է: Կարեւոր է ոչ միայն ինքնին՝ զուտ ճանաչողական իմաստով: Նրա կարեւորությունը բազմապատկվում է, քանի որ նույն այս հիմքի վրա միայն կարող է առավել հասկանալի դառնալ հետագա դեպքերի տրամաբանությունը՝ ընդհուպ մինչեւ ողբերգական հոկտեմբերի 27-ը, ընդհուպ մինչեւ այսօրվա իրողությունները: Ուստի մենք կփորձենք հայտնի իրողությունների ու փաստերի, այդ մասին տարբեր առիթներով հրապարակված ու չհերքված տեղեկությունների պատառիկների եւ այլ վկայությունների հիման վրա վերականգնել այդ օրերի խոհանոցային մանրամասները՝ գեթ ընդհանուր գծերով: Վ.Սարգսյանը դժվարությամբ է գնացել այդ քայլին Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում հազիվ թե գտնվեր որեւէ մեկը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների թվում առաջիններից մեկը կամ առաջինը չհամարեր Վ. Սարգսյանին: Ավելին՝ նրան համարում էին ոչ թե համախոհ, այլ ավելի շատ նվիրված բառն էին օգտագործում: Այդպիսին էր ընկալումը, այդպիսին էր նաեւ իրականությունը: Պատահական չէ, որ ընդդիմության ամենակատաղի հարձակումների թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո Վ. Սարգսյանն էր: Իսկ հաճախ էլ, հատկապես դաշնակցական եւ ԱԺՄ-ական մամուլում, նա հայտնվում էր առաջին տեղում: Եվ ոչ միայն նրանց մամուլում ու հանրահավաքներում, այլեւ ահաբեկչության ենթակաների սեւ ցուցակներում: Անմնացորդ այդ նվիրվածության հիմքում, անշուշտ, վստահությունն էր դրված, երկուստեք ստուգված փոխադարձ վստահությունը: Հիշենք 1996թ. սեպտեմբերի 25-ի գիշերը խորհրդարանի եւ նախագահական նստավայրի գրոհից հետո ափերից դուրս եկած Վ. Սարգսյանի խոսքը՝ «Այս ձեւով, եթե անգամ 100% ձայն հավաքած լինեին…»: Հիշենք նույն այդ գրոհով նախատեսված ու չիրականացված ծրագրի տապալման գործում նրա խաղացած դերը: Հիշենք նաեւ այս առիթով նրա հրաժարականը պահանջող ԱԺՄ-ական եւ ՀՅԴ-ական ընդդիմության ղեկավարների հասցեին Լ. Տեր-Պետրոսյանի նետած խոսքը՝ «հրաժարական են պահանջում մարդիկ, որոնք իրենց վաստակով Վ. Սարգսյանի ճկույթը չարժեն»: Վ. Սարգսյանի համար, անշուշտ, անակնկալ չէին նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները: Վերջիններս չէին փոխվել 1990-ից ի վեր: Ուրեմն ի՞նչ կատարվեց Վ. Սարգսյանի հետ 1997-ին կամ դրա երկրորդ կեսին: Ճշգրիտ գտնված խայծը Որոշ պայմանականություններ նկատի չունենալով՝ արձանագրենք, որ Վ. Սարգսյանը այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ՝ այս բառերի ամբողջական եւ դասական նշանակությամբ: Դրան խանգարեցին մի շարք հանգամանքներ: Առաջին՝ արտահայտված իմպուլսիվ խառնվածքը, երկրորդ՝ այն բնագավառի յուրահատկությունը, որը նա ամբողջությամբ տրված կայացնում եւ ղեկավարում էր, երրորդ՝ ռազմական հաղթանակների էֆորիան, չորրորդ՝ քաղաքական հարցերում եւ լուծումներում Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ անվերապահ վստահությունն ու հավատը եւ այլն: Նա որպես պետական գործիչ կարողացավ երկրում հաղթահարել ֆիդայականությունը եւ դրանից կանոնավոր բանակ ստեղծել: Բայց չկարողացավ իր մեջ մինչեւ վերջ հաղթահարել ֆիդայուն՝ եւ ամբողջությամբ քաղաքական գործիչ դառնալ: Նա մնաց կես-քաղաքական գործիչ, կես-ֆիդայի: Քաղաքական գործիչ-Վազգեն Սարգսյանի վրա դժվար էր աշխատելը, եւ հազիվ թե որեւէ մեկը նման խնդիր դրած լիներ, դա ինքը միայն կարող էր անել: Ֆիդայի-Վ. Սարգսյանը, դրան հակառակ, ե՛ւ խոցելի էր, ե՛ւ դրա վրա աշխատողներ գտնվեցին: Ըստ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական փաստարկը՝ հօգուտ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման իր ծրագրի, տնտեսական էր: Այստեղ էր պետք համոզիչ հակափաստարկ: Քոչարյանի նախընտրական մի խոստումը, որին հետո այլեւս չանդրադարձավ, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի 1998-ի հունվարին կայացած վերջին եւ վճռորոշ նիստի մասին հրապարակված մի քանի մանրամասներ օգնում են գտնելու այդ հակափաստարկը. Հայաստանը կարող է միայն Սփյուռքից ունենալ տարեկան մեկ միլիարդ դոլար՝ կեսը նվիրատվության, կեսը՝ ներդրումների տեսքով: Դրան կարելի է հասնել ՀՅԴ-ի գործունեությունն արտոնելու, ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը պետական քաղաքականության հիմքում դնելու միջոցով «ազգային միասնության» հասնելով, Սփյուռքը սիրաշահելով եւ ակտիվացնելով, նրա ռեսուրսներն ստանալով: Նման իրական ներդրումը իրոք կարող էր հիմք տալ՝ ոչինչ չվտանգելով առժամանակ ձգել ստատուս-քվոն, ու չկորցնել լավագույն պահը: Քաղաքական գործիչ-Վ. Սարգսյանը անշուշտ կարող էր չհավատալ ու չվստահել այս հակափաստարկին, եթե անգամ դրա տակ որոշակի խոստումներ եւ պարտավորություններ լինեին: Սակայն ֆիդայի-Վ. Սարգսյանը չէր կարող չտրվել թեկուզ թույլ ու նախապես որեւէ կերպ ստուգման չտրվող այս հակափաստարկն ընդունելու գայթակղությանը: Դա նրա համար «շանս» էր՝ հօգուտ «արյունով գրաված հողերը պահելու» տարբերակի: Իսկ եթե «շանս» է, որքան էլ թույլ, չի կարելի այն չօգտագործել: Ֆիդայի-Վ. Սարգսյանը երբեք չէր ների քաղաքական գործիչ- Վ. Սարգսյանին: Դժվար չէ նաեւ հասկանալ, որ այս «հակափաստարկ-շանսը» հունցված է դաշնակցական եւ ԱԺՄ-ական գաղափարական խմորից, սակայն, հասկանալի պատճառով, Վ. Սարգսյանին մատուցված պետք է լիներ Ռ. Քոչարյանի միջոցով: Կուլ տալով վարպետորեն պատրաստված ու մատուցված խայծը, Վ. Սարգսյանը պետք է կանգներ ծանր երկընտրանքի առաջ. ընտրություն կատարել մի կողմից իր քաղաքական հաշվարկներում մինչ այդ երբեւէ չսխալված նախագահի եւ պատմական «շանսերը» մինչեւ վերջ օգտագործած չլինելու մեղքի ֆիդայական ընկալման մեջ: Եվ կարող էր հաղթել երկրորդը՝ «մարդը, որքան էլ իմաստուն, կարող է մի անգամ էլ սխալվել, իսկ «շանսը» չի կարելի չփորձել» սփոփիչ տրամաբանությամբ: Եվ, այնուամենայնիվ, երկար ժամանակ, ընդհուպ մինչեւ իշխանափոխության նախօրերը, նա դեռ «չէր անցել ռուբիկոնը»: Ռուբիկոնն անցնելը Անվերապա՞հ է եղել արդյոք վստահությունը եռյակի անդամների մեջ: Կարծես թե՝ ոչ: Այդ մասին է վկայում մի փաստ, որի նշանակությունը կրկնակի է: Վերջինիս մասին շատ քիչ է խոսվել, բայց ամենեւին չի բացառվում, որ դրա նշանակությունը կարող է չափազանց մեծ, ընդհուպ՝ վճռական եղած լինել: Եռյակը նախապես առաջարկել է Գագիկ Հարությունյանին՝ հանրապետության նախագահի պաշտոնը եւ ունեցել է նրա համաձայնությունը: Այսինքն՝ մինչեւ «ռուբիկոնն անցնելու» մասին որոշում կայացնելը քննարկվել է այն հարցը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո ով պետք է լինի նախագահ: Եթե ընտրությունը կանգ է առել իրենցից դուրս՝ չորրորդ մարդու վրա, ուրեմն եռյակը դրանից առաջ սկզբունքային պայման է ունեցել, որ իրենցից որեւէ մեկը չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը: Սրա տակ դժվար է չնկատել խուլ անվստահության հիմք, իսկ չորրորդ մարդ գտնելը՝ յուրատեսակ կոմպրոմիսային լուծում: Այս հարցը լուծելուց հետո է, որ կայացվել եւ իրագործվել է «ռուբիկոնն անցնելու» որոշումը: Դա այդպիսին պետք է լիներ գեթ Վ. Սարգսյանի համար: Չորրորդ մարդու՝ Գագիկ Հարությունյանի դերը, տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այսպես՝ նրա հրաժարվելու դեպքում եռյակը կարո՞ղ էր համաձայնության գալ այլ մի թեկնածուի հարցում: Եթե նկատի ունենանք, որ Վ. Սարգսյանը մինչեւ վերջին օրերն էլ խոր տվայտանքների մեջ է եղել՝ նրա մեջ մեկ հաղթել է քաղաքական գործիչը, մեկ՝ ֆիդային եւ վստահ չի եղել իր՝ ճիշտ ու սխալ լինելու ներքին համոզմունքում: Նախագահի «հարմար թեկնածուն» անշուշտ մեծացրել է վերջնական վճիռ կայացնելու նրա հիմքերը: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ շիկացած իրավիճակի հանգուցալուծումը հակառակ դեպքում: Նրան ճանաչողները եւ այդ օրերին շփվող մտերիմները չեն բացառում, որ ամեն պահի ֆիդային նրա մեջ կարող էր տեղի տալ քաղաքական գործչին: Այսինքն՝ որքան էլ աննկատ եւ ստվերում, բայց Գ. Հարությունյանը փաստորեն եղել է դավադրության ակտիվ մասնակից, եւ չի բացառվում, որ նրա համաձայնության գործոնը ամենավճռական փուլում ամենավճռական դերն է խաղացել: Առաջին սեւ կատուն Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, հաջորդ նախագահի հարցը լուծված էր հօգուտ Քոչարյանի: Ե՞րբ էր դա տեղի ունեցել. ակնհայտորեն Գ. Հարությունյանի համաձայնությունն ստանալուց, «ռուբիկոնն անցնելուց» մինչեւ փետրվարի 4-ի առավոտ, մինչեւ Ազգային ժողովի նիստը ընկած ժամանակահատվածը: Ի՞նչ կարող էր լինել այդ ընթացքում: Գ. Հարությունյանը հազիվ թե փոշմանած լիներ, դրա առիթը չկար: Ուրեմն՝ հարցի վերաքննարկում է եղել եռյակի մեջ: Ու քանի որ այն լուծվել է հօգուտ Ռ. Քոչարյանի, կարելի է չկասկածել, որ Վ. Սարգսյանի առջեւ խնդիրը վերաքննարկելու հարց են բարձրացրել Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը՝ օգտվելով այն բանից, որ նա այլեւս չի կարող հետ քայլ անել: Եթե անգամ նրանք հարցը դրած լինեին «մեզնից որեւէ մեկը» կտրվածքով, Վ. Սարգսյանը իր թեկնածությունը չէր առաջադրի: Այդ դեպքում կստացվեր, որ այդ ամենը արել է նախագահի պաշտոնին տիրանալու համար: Հաջորդ լուծումը եղել է Քոչարյանը, որը նման բարոյական կաշկանդում չուներ: Եվ, այնուամենայնիվ այստեղ է, որ նրանց միջով անցել է առաջին սեւ կատուն, ինչի մասին եւ վկայում են անմիջապես հաջորդող իրադարձությունները: Ակամա քայլեր Վ. Սարգսյանին այլ բան չէր մնում, քան Քոչարյանին նախագահ դարձնելը: Սակայն դրանից հետո, փոխադարձ վստահության առկայության դեպքում, տրամաբանական եւ բնական կլիներ, որ նրան նվիրեր նաեւ խորհրդարանում իր ձեւավորած եւ անվերապահորեն իր վերահսկողության տակ գտնվող մեծամասնությունը: Դա տեղի չունեցավ: Մնալով պաշտպանության նախարար, նա այնուամենայնիվ այդ մեծամասնությունը պահեց իր ձեռքում: Սա արդեն էական անվստահության եւ մինչ այդ չերեւացող «դիստանցիան» Քոչարյանի հետ մեծացնելու հստակ ապացույց էր: Այդ մեծամասնությունը առավել եւս որեւէ կապ չուներ «արհեստավարժների» կառավարության վարչապետ Ա. Դարբինյանի հետ: Մինչդեռ, արդեն ակնհայտ «դիստանցիան» գնալով մեծանում էր, մեծանում էր՝ իր հետեւանքներով ի վնաս Քոչարյանի, նրա իշխանության սահմնափակմամբ: Ինչո՞ւ էր մեծանում: Արդյո՞ք միայն այն բանի համար, որ Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը արդեն մի անգամ նրան մի թեթեւ «քցել» էին՝ անհարմար վիճակի մեջ թողնելով նաեւ Գ. Հարությունյանի առջեւ: Դա որքան էլ էական լիներ, որպես պատճառ գնալով պետք է մաշվեր, ոչ թե մեծանար: Ուրեմն՝ արդեն նախագահ դառնալուց հետո Քոչարյանը նոր առիթներ էր տվել: Ենթադրաբար դա կարող էր լինել, օրինակ, դատարանի օրինական վճռով իրենց պատիժը կրող ՀՅԴ ղեկավարներին քաղաքական վճռով բանտից ազատելը: Մեզ հայտնի չէ՝ ինչպիսի վերաբերմունք ունեցավ Վ. Սարգսյանը այդ փաստին: Չմոռանանք, որ ահաբեկման ենթակա գործիչների նրանց ցուցակում Վ. Սարգսյանը առաջին հորիզոնականում էր: Դարձյալ ենթադրաբար՝ դա կարող էր լինել Վ. Սիրադեղյանի նկատմամբ Քոչարյանի սկսած հալածանքը՝ դատախազի կրկնվող միջնորդությունները: Իսկ Ազգային ժողովում մեծամասնությունը շարունակում էր լսել Վ. Սարգսյանին եւ չէր բավարարում միջնորդությունը: Ավելի ծանրակշիռ հնարավոր պատճառներ կարող էին լինել Վ. Սարգսյանին շատ մտերիմ Վ. Խորխոռունու եւ Ա. Մարգարյանի սպանությունները: Վերջին հաշվով այլ բան է սպանությունների դատարանական բացահայտումը (կամ պարտակումը), այլ բան՝ յուրաքանչյուրի մեջ եղած համոզմունքը: Վ. Սարգսյանը հազիվ թե հավատար պաշտոնական վերսիաներին: Եվ, վերջապես՝ դրան չէր կարող չնպաստել այն ակնհայտ փաստը, որ խոստացված մեկ միլիարդ դոլարի ներդրումը այլանդակ բլեֆ է եղել, եւ իրեն պարզապես խաբել են: Եվ հեռավորությունը մեծացավ այնքան, որ մեկ տարի հետո խորհրդարանական ընտրություններում Վ. Սարգսյանը դաշնակցեց Քոչարյանի հիմնական մրցակից, փաստորեն նրան հաղթած Կ. Դեմիրճյանի հետ: Սա ծայրահեղ քայլ էր: Ո՞ւմ դեմ էր դաշինք ստեղծում Վ. Սարգսյանը: Ակներեւաբար, ոչ նախկինների. նրանց մի մասը բոյկոտել եւ չէր մասնակցում ընտրություններին, մյուս մասը որեւէ շանս չուներ: Ուրիշ որեւէ իրական ուժ չկար, որի դեմ Վ. Սարգսյանը օգնության եւ դաշնակցի կարիք ունենար: Այդ դաշինքը նույնքան ակնհայտ Քոչարյանի եւ դաշնակցության դեմ էր: Սա արդեն ոչ թե «հեռավորության», ոչ թե վստահության պակասի, այլ հակադրության ապացույց էր: Այն հակադրության, որ ծայր էր առել արդեն 1998-ի հեղաշրջման նախօրերին, այդ հեղաշրջման կազմակերպման խոհանոցում: Եվ պետք է ունենար իր տրամաբանական շարունակությունը… ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել