Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիացիայի կրախը պետության խնդիրն է

Փետրվար 02,2002 00:00

Ավիացիայի կրախը պետության խնդիրն է Հայկական ավիացիայի մազից կախված վիճակը, չգիտես ինչու, կարծես լուրջ անհանգստություն չի պատճառում շատերին։ Հայկական ավիացիայի կրախը այսօրվա կառավարման արդյունք է եւ որը ոչ միայն ավիացիայի, այլեւ պետության եւ պետության իմիջի, տնտեսական լուրջ խնդիր է։ Լավ է, գոնե գտնվեց եվրոպական նման կառույցների գործունեությանը լավ տիրապետող Էդուարդո Էրնեկյանը, որը խելքի կբերի «Զվարթնոց» օդանավակայանը։ «Զվարթնոցի» պարագայում սա իհարկե փրկություն է։ Մանավանդ որ, պարոն Էրնեկյանը խոստացել է փակել Եվրոբանկին ունեցած «Զվարթնոցի» պարտքը. այն կազմում է մոտ 15 միլիոն դոլար։ Հայտնի է, որ դեռեւս 1993 թվին Հայաստանի կառավարությունը Եվրոբանկի հետ կնքեց մի համաձայնագիր։ 28 միլիոն դոլարի վարկային ծրագիր էր նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի շինարարության համար, որից 22 մլն դոլարը պետք է տրամադրեր Եվրոբանկը, իսկ 6 մլն-ն համաֆինանսավորեր ՀՀ կառավարությունը։ Վարկը տրամադրվեց եւ բեռնահամալիրը 1998թ. շահագործման հանձնվեց։ Թերեւս «Զվարթնոցի» վերոհիշյալ 15 մլն դոլար պարտքը վարկի մնացորդն է, որը նույնն է, թե ՀՀ կառավարության պարտքն է։ Հայկական ավիացիայի վտանգված վիճակը, սակայն, կմնա դեռեւս առկախ։ Այսօր վտանգված են եվրոպական երկրների չվերթները, որ չեն կատարվում։ Եվ ըստ հայկական ավիացիայի պաշտոնական հաղորդագրության, մինչեւ մարտի 1-ը դեռեւս կհետաձգվի՝ անհեթեթ պատճառաբանությամբ։ Ինչպես հայտնի է, նախկին «Air Bass»-ի ամսավճարի պակասեցման կապակցությամբ գլուխ էին գովում հայկական ավիացիայի ղեկավարությունը, կապի եւ տրանսպորտի նախարարը, թե մոտ 400.000 դոլարից ամսական վարձավճարը դարձավ 275.000 դոլար։ Ինչպես հայտնի է, եվրոպական գործարքներում կնքված պայմանագրերում թվերը կտրուկ փոխվում են միայն որակի եւ որոշ սպասարկող ծառայությունների կրճատման հաշվին, ինչը հետագայում հաստատվեց։ Պարզվեց, որ ամսական վարձավճարի մեջ օդանավի ապահովագրությունը ներառված չէր։ Արդյունքում, առաջին անգամ օդանավի շարժիչը վնասվեց եւ մոտ 1,5 մլն դոլար պահանջվեց այն խելքի բերելու համար, իսկ այսօր այն վերջնականապես փչացավ։ Տոմսերը, սովորաբար, վաճառվում են 1 տարվա խորությամբ, սակայն այսօր հարյուրավոր մարդիկ տոմսեր են վերադարձնում եւ նոր տոմսեր չեն վաճառվում։ Սա լուրջ նյութական կորուստ է գրանցում պետությանը։ Ժամանակին խոսվում էր նոր տիպի օդանավ ունենալու հրամայականի մասին, որը քարկոծվեց։ Այսօր արդեն, երբ մի ամբողջ շուկա է փակվել մեր առջեւ, նոր-նոր սկսել են մտածել մի նոր, թեկուզ եւ թանկ օդանավի մասին։ Իհարկե, սա մեր միակ օդանավը չէ, սակայն մյուսներն էլ չեն բավարարում եվրոպական երկրների նվազագույն պահանջները։ Ամբողջ խնդիրն այն է, որ ավիացիայի զարգացման ծրագիր չունենք. դե, իհարկե, հոգեբանական գիտությունների թեկնածու- ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը չէր կարող ունենալ այդպիսի ծրագիր։ Այս դեպքը եւս մեկ վառ օրինակ է, թե ինչպես է վախճանվում չկառավարվող համակարգը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել