Լրահոս
Օրվա լրահոսը

Գործողության մեջ է «մարտնչող» քաշքշուկը

Փետրվար 02,2002 00:00

Գործողության մեջ է «մարտնչող» քաշքշուկը Մարդկանց իրավունքների պաշտպանության ակնկալիքով ընդունվել է Քաղաքացիների մասին ՀՀ օրենքը, որը կյանք է մտնում դժվարությամբ։ Բոլոր ատյաններում պաշտոնյաները տեղի-անտեղի շրջանցում են ակտով սահմանված իրենց անելիքները։ Հաճախ նրանց կողմից ուշացվում են առաջարկների, դիմումների եւ նամակների պատասխանները կամ բնավ պատասխան չեն տրվում, երբեմն էլ եթե արձագանքում են գրություններին, ապա ոչ լիարժեքորեն, ոչ ըստ էության։ Խախտումներն սկսվում են նրանից, որ հաշվառման ժամանակ քաղաքացիներին չտեղեկացնելով գրությունների գրանցման համարը՝ խորամանկում են. «Վաղը կզանգեք, կասենք»։ Այնինչ, համարը քաղաքացուն պետք է տրվի տեղում, առանց ուշացնելու։ Արդյունքում՝ քաղաքացին ինքն է մտահոգվում գրության ճակատագրով՝ այդպիսով նյարդերի հաշվին հաղթահարելով արհեստական քաշքշուկը։ Նմանօրինակ խախտումներն այնքան տարածված լինելով՝ շատ մարմիններում դարձել են գործելաձեւ։ Հիմնախնդրի դիտարկման տեսակետից խոսուն փաստերով է հագեցած Սպառողների միության փոստը։ Կազմակերպությունը հարցում է անում առանձին թաղապետարանների։ Պատասխանում են, որ ոչինչ ասել չեն կարող, ղեկավարը կամ մասնագետը արձակուրդում են։ Ասել կուզի՝ պաշտոնյայի բացակայության ժամանակ անգործության է մատնվում թաղապետարանը։ Նույն կազմակերպությունն առաջնորդվելով սպառողների պահանջներով՝ 2000 թվականի դեկտեմբերից մինչեւ հիմա չի ստացել հեռահաղորդակցության կանոնների վերաբերյալ միության կողմից մշակված առաջարկների մասին տրանսպորտի եւ կապի նախարարության գրավոր կարծիքը։ Այնինչ, օրենքի 6-րդ հոդվածով գրություններին պատասխանելուն առավելագույնը նախատեսված է 30 օր։ Օպերայի շրջակայքի կանաչ տարածքում, Ղուկասյանի պուրակում եւ Կոմայգում իրականացվում են կասկածելի շինարարական աշխատանքներ։ Դրանց մասին եւս միությունը ստացել է դիմում-նամակներ։ Անորոշությունը փարատելու ակնկալիքով կազմակերպությունը տեղեկացրել է քաղաքապետարանին։ Սակայն վերջինս, իր սովորության համաձայն, ոչինչ չի տեղեկացնում կասկածելի շինարարության մասին։ Մեր օրերում սովորություն է դարձել շինարարությունն իրականացնել քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով։ Մաշտոցի 7 հասցեի բազմաթիվ բնակիչներ տարբեր ատյանների վերաբերմունքից հուսախաբ՝ հերթական գրությունն ուղարկել են Սպառողների միություն՝ խնդրելով կասեցնել իրենց բնակելի շենքի առջեւ իրականացվող ապօրինի շինարարությունը։ – Ժամանակակից արվեստի թանգարանին Մաշտոցի 7 հասցեում հատկացվել է 1430 քմ տարածք,- նշեց միության նախագահ Արմեն Պողոսյանը։- Սակայն միաժամանակ «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի թիվ ԲՓ 128 եզրակացությունից տեղեկանում ենք, որ նախագծով որոշվել է կառույցի շինարարությանը տրամադրել 944 քմ տարածք։ Փաստորեն, միմյանց չեն համապատասխանում նախատեսվածն ու հատկացվածը։ Եվ ամենակարեւորը. այդ ի՞նչ բնապահպանական ընկերություն է, որի թողտվությամբ իրականացվում է անօրինական շինարարություն՝ կանաչ տարածքում։ Այնինչ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի բ) կետում նշվում է. «Մինչեւ շինարարություն սկսելը, ինչպես նաեւ շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ՝ հասցվող վնասների փոխհատուցման համար»։ Սակայն բնակիչներն այս եւ մյուս բոլոր դեպքերում խախտումների մասին իմանում են շինարարությունն սկսվելուց հետո։ Մասնագետների հետ ունեցած բազում զրույցներից պարզվեց, որ, այնուհանդերձ, առկա է ելքն այս վիճակից։ Նախ, անհրաժեշտ է պատշաճորեն ղեկավարվել գործող օրենքների պահանջներով։ Հետո, պետական մարմինների պետական պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ լինելով վարձու աշխատողներ եւ վարձատրվելով հարկատուների կողմից՝ պետք է հարգեն եւ կյանքի կոչեն վերջիններիս պահանջները։ ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել