Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՒՀԵՐԻ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ» ՆԵՂԱՑՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 02,2002 00:00

«ԲՈՒՀԵՐԻ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ» ՆԵՂԱՑՎՈՒՄ ԵՆ Մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացը սառեցված է, մինչեւ իսկ կան հարուցված քրեական գործեր: «Հստակ է մի բան. պետք է ճշտենք չափորոշիչները, հետո միայն անցնենք այս կարեւորագույն գործընթացին»,- խորհրդարան-կառավարություն նոյեմբերի 21-ի հարցուպատասխանի ժամանակ հրապարակավ խոստովանել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Շատ «ջուր վերցնող այս խմորը» սկսել էր հունցվել մի քանի տարի առաջ, երբ արդեն մասնավոր բուհերը եւ քոլեջները հատել էին 100-ի սահմանագիծը (88 բուհ, 33 միջին մասնագիտական հաստատություն): ԿԳ նախարարի խոստովանությունը, որ հավատարմագրման գործընթացը սկսվել է առանց հստակ չափորոշիչների, անաչառ ճշմարտություն է՝ զերծ զգացական երանգներից: Ճշմարտություն, որը հայտնի է եղել նաեւ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին, սակայն, այնուամենայնիվ, հավատարմագրումը սկսվել է, առաջին փուլն ավարտվել, որի արդյունքում արձանագրվել են տասնյակից ավելի հավատարմագրված մասնավոր բուհեր: Գործընթացը ճեպով սկսելու, հնարավորինս արագ պետական նմուշի դիպլոմներ ունենալու իդեաֆիքսը դարձավ հավատարմագրման գործընթացի սուբյեկտիվ, սակայն ներգործությամբ՝ սուպերօբյեկտիվ գործոնը: Երեւան եկավ նաեւ «տանիքային» ազդեցիկ գործոնը: Ավելի հանգամանորեն: Ամենախոշոր մասնավոր բուհի՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի հայրն է: Ավելին, ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը նույն բուհի պրոռեկտորն է, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հորեղբոր որդին է: «Գալիք» համալսարանի «տանիքը» ԱԺ պատգամավոր Ֆրունզիկ Խառատյանն է: «Մենեջմենթինը»՝ Ղարաբաղի ազդեցիկ մի կլան: «Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի» «տանիքը» սփուռքահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանն է: Նշենք, որ բարեգործը «տանիք» է դարձել ի հեճուկս իր կամքի, երբ առանց վերջինիս կարծիքը հարցնելու, մոլորության մեջ գցելով անվանակոչության հանձնաժողովին, բուհը կոչել էին «Քըրք Քըրքորյան» համալսարան: ՀՀ վարչապետի 1996-ի փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ ԿԳ նախարարության «Կանոնադրության» «Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները» բաժնի 4-րդ կետի. «Նախարարության հիմնական խնդիրներն են» ա) ենթակետում գրված է. «Կրթության եւ գիտության համակարգում Հայաստանի Հանրապետության միասնական պետական քաղաքականության իրականացումը եւ դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը»: «Միասնական պետական քաղաքականության իրականացում» տողը ենթադրում է կրթության եւ գիտության նախարարության կողմից որակի պետական կրթական նոր չափորոշիչների ստեղծում, որով հնարավոր կդառնար իրականացնել պետական հավատարմագրումը: Ի՞նչ է եղել իրականում: ՀՀ ԿԳ նախարարությունը սկսել է հավատարմագրման գործընթացը, սկզբունք հռչակելով կառավարության 2000-ի հուլիսի 7-ի թիվ 372 որոշմամբ հաստատված «…պետական հավատարմագրման» կարգի 2-րդ կետը՝ «Ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից» կարգախոսը, սակայն գործընթացում, իբրեւ պետական չափորոշիչ, օգտագործվել են պետական բուհերի ծրագրերն ու դասավանդման կազմակերպման մեթոդիկան: Մի քանի մասնավոր բուհեր իրենց ուսումնական պլաններն ու ծրագրերը (այլ կերպ՝ կարեւոր չափորոշիչները) ձեռք են բերել ՌԴ-ի մայրաքաղաքի նույնանուն բուհերից: Խախտումներ հավատարմագրման ընթացակարգում Փաստաթղթի 7-րդ կետում ասվում է. «Դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում): Հիշյալ ընթացակարգի հաջորդ՝ 8-րդ կետն ավելացնում է. «Փորձագիտական եզրակացության եւ անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա Ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին»: ՀՀ ԿԳ նախկին նախարարը խախտել է հավատարմագրման ընթացակարգի այս խիստ չափորոշիչը, երբ օրինականացրել է ապօրինությունը՝ չսպասելով, որ ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի թիվ 372 որոշումից անցնի պարտադիր 2 տարին, երբ «անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքները» երեւան գան: ՀՀ ԿԳ նախարարությունը պետական հավատարմագրեր է տվել 13 բուհի: Պետական հավատարմագրեր ստացած բուհերից ինը հավատարմագրվել են լրիվ, 4-ը՝ առանձին մասնագիտությունների գծով: Հավատարմագրվող մասնավոր բուհերը պետք է հաղթահարեին նաեւ այս դժվարին արգելքը. դասախոսական կազմի 50%-ը պետք է հրամանագրված լիներ «հիմնական աշխատող»: Հավատարմագրեր ստացած բուհերից 8-ում դասավանդվում է «իրավագիտություն» առարկան: Հավատարմագրման պարտադիր պահանջի համաձայն՝ հավատարմագրված յուրաքանչյուր առարկայի համար տվյալ բուհը պետք է ունենա գիտական աստիճանով առնվազն 3 մասնագետ հիմնական աշխատող: Դա ենթադրում է, որ այդ գիտնական- դասախոսները հիմնական աշխատանքի անցնելով որեւէ բուհում, ուրիշ բուհում իրավունք չունեն հիմնական աշխատողի կարգավիճակով հանդես գալու: Հավատարմագրված բուհերի ընդամենը մեկ մասնագիտություն՝ իրավագիտություն, դասավանդող գիտնական բանախոսների անուն-ազգանունների, գիտական կոչումների ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ գիտնական-իրավագետների մի մասը «հիմնական աշխատող է» միաժամանակ մի քանի բուհում: Առեղծված չկա էլ իրականում. պարզապես դասախոսներն ունեն մի քանի աշխատանքային գրքույկ, եւ դրանք ներկայացնում են պահանջվող վայրերում: Հավատարմագրված բուհերի ներկայացրած «Տեղեկանք»-ների ուսումնասիրությունից պարզվել է, որ մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից իրավագիտություն մասնագիտությամբ միայն Հայաստանում կան 47 գիտական աստիճան ունեցող իրավագետներ, տնտեսագիտության գծով՝ 78 տնտեսագետ-գիտնականներ: Էլ չենք խոսում այլ մասնագիտությունների գծով գիտական աստիճան ունեցող բանախոսների «հզոր» բանակի մասին, որով համալրված է մասնավոր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը: Եթե նման ահռելի բանակ աշխատում է մասնավոր բուհերում, ապա բնական է, որ գիտական աստիճան ունեցող բանախոսների մի պատկառելի զանգված էլ գործում է պետական բուհերում: Ուսման վարձերը Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բուհերի վարչության պետ Ռուբեն Գասպարյանի, հավատարմագրման չափորոշիչներում չի ֆիքսվել կուրսային խմբերում ուսանողների քանակի նվազագույն շեմը: «Ընդսմին հասկանալի է, որ պետք է պահպանվեր ակադեմիական խումբ հասկացողությունը՝ 20-25 ուսանող»: Մինչդեռ, լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի պաշտոնակատար Անահիտ Մելքոնյանի խոստովանությամբ. «Ստիպված էինք պայմանականորեն 10 ուսանողից ավել նվազագույն քանակ սահմանել, որպեսզի պահպանվի «60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա» չափորոշիչը»: Ուսանողների նվազագույն քանակի ապահովման չափորոշիչը, կարելի է ասել, դեռ նոր պիտի մշակվի, քանզի այն, ինչ եղել է, լուծել է միայն իրավիճակային խնդիր: Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա միանշանակ, յուրաքանչյուր ուսումնական հաստատություն, որպես ինքնակառավարվող սուբյեկտ, ինքն է սահմանում իր ուսման վարձերը: Դասավանդվող մասնագիտությունների ուսման վարձերի ձեւավորման հիմքում շուկան է՝ իր առաջարկ-պահանջարկի համամասնությամբ: Այս առումով պետական եւ ոչ պետական բուհերի մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսման վարձերը, եթե չեն նույնանում, ապա մոտենում են իրար: Պետական բուհերում ամենաբարձր ուսման վարձեր են սահմանել Մ. Հերացու պետական բժշկական համալսարանը՝ 1400 $ (ֆակուլտետների գերակշիռ մասում), Երեւանի պետական համալսարանը իրավաբանական ֆակուլտետում՝ 1400 $: Համեմատաբար բարձր ուսման վարձեր են սահմանվել հավատարմագրված «Հրաչյա Աճառյան» համալսարանում (մինչեւ 800 $): Այս բուհում ուսման վարձերի նվազագույն եւ առավելագույն չափերի միջակայքը բավականին մեծ է՝ 400-800 $: Ինչպես ուսման վարձերը, այնպես էլ վարձերի ուշացման ժամանակ կիրառվող տույժերը սահմանում է տվյալ բուհը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսպես. ե՛ւ մայր բուհում, ե՛ւ պետական այլ բուհերում ուսման կիսամյակային վարձը չմուծած ուսանողին թույլ չի տրվում մասնակցել քննաշրջանին: ԿԳՆ բուհերի վարչության պետ Ռուբեն Գասպարյանի հավաստմամբ. «Վարձը չմուծած ուսանողը զրկվում է քննաշրջանի առնվազն 1 քննություն հանձնելու իրավունքից: Չհանձնած քննությունը տվյալ ուսանողը այնքան ժամանակ չի կարող վերահանձնել, քանի դեռ ուսման վարձը չի մուծել»: Մասնավոր բուհերի համեմատ, պետական բուհերում ուսման վարձը ուշացրած ուսանողների նկատմամբ կիրառվող տույժերը մեղմ են: Հազվադեպ է լինում, երբ ուսման վարձը չմուծելու պատճառով բուհից ուսանող է հեռացվում: Մասնավոր բուհերում այլ է վերաբերմունքը ուսման վարձը ուշացնողների կամ չվճարողների նկատմամբ: Նախ՝ այն մասին, թե ո՞րն է դրա գլխավոր պատճառը: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանի խոսքերով. «Դեռ սեպտեմբեր ամսին, երբ նոր-նոր կախվում են բուհ ընդունված դիմորդների ցուցակները, պարտադիր պետք է մուծենք հարկերը՝ ուսանողների քանակին համապատասխան: Եթե ընդունված դիմորդը, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվում է մեր բուհում սովորելուց, միեւնույն է, մենք պետք է վճարենք նաեւ նրա չվճարած ուսման վարձի հարկը»: Բացառելով հավատարմագրման գործընթացի ֆորմալ ընկալումը՝ եզրափակենք. հավատարմագրումը կրթական համակարգի բարեփոխումների դժվարին, խիստ կարեւոր գործընթաց է, որը լիարժեք կայանալու դեպքում ի զորու է վերականգնել բարձրագույն կրթության դիպլոմի կորսված պատիվը:? ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության ինտերնետային էջում՝ home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել