Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ»

Փետրվար 13,2002 00:00

ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ» Տրնդեզ տոնի մեկնաբանությունը մերթ կապվում է հեթանոսական աստվածների, մերթ քրիստոնեական Աստծո հետ, մերթ այն անվանվում է պարզապես Տրնդեզ, մերթ էլ՝ Տյառընդառաջ։ Որոշ չափով պարզություն մտցնելու համար այդ եւ հարակից այլ հարցերի մեջ, զրուցեցինք տոնագետ, իմաստասիրական գիտությունների թեկնածու Ս. Մանուկյանի հետ։ – Ի՞նչ կապ կա ժողովրդի կողմից տոնվող Տրնդեզի եւ Տյառընդառաջի միջեւ։ – Ներկա դեպքում խոսքը հազարամյակների կյանք ունեցող հայոց Տրնդեզի մասին է՝ ապրող երեւույթ է, չէ՞. ինչպես ասես չենք փորձել տոնի խորհուրդն ու անվանումը փոխել, ծռմռել, իմաստազրկել, նեղացնել։ Տարրական ազնվություն ունենանք եւ ասենք՝ Տրնդեզը ոչ մի կապ չունի եկեղեցական Տյառնընդառաջի՝ 40-օրյա Հիսուսին հրեական տաճարից ընդառաջ դուրս գալու տոնի հետ։ Ամեն մի հայ գիտի, որ Տրնդեզի արարողության առանցքը Հուր-կրակն է։ Բայց շատ քչերը գիտեն, որ այն արգելված է ոչ միայն հուդայական, այլ նաեւ նրանից սերած քրիստոնեական (հիշեցնեմ Հիսուսի ասածը, որ ինքը եկավ ոչ թե Մովսեսի օրենքները «ջնջելու, այլ լրացնելու») ավանդույթներում։ Այսպես, Մովսեսի օրենսդրության մեջ հատուկ կանոն կա այն մասին, որ Աբրահամի սերունդներին արգելվում է կրակի վրայից անցնելը, իսկ շաբաթ օրերին տներում արգելվում է կրակ վառելը։ Հուդայականության հակակրակապաշտական միտումը ավելի խորացավ քրիստոնեության մեջ, որն, ինչպես հայտնի է, հռոմեական կայսրության մեջ երեւան եկավ որպես միհրականությանը ընդդիմադիր կրոն (որի պաշտամունքային համակարգում Հուր-կրակը առանցքային տեղ է գրավում)։ «Հայ եկեղեցու տօնացույցի մեջ,- գրում է «Հայ եկեղեցու տօները» գրքի հեղինակ արքեպիսկոպոս Արտակ Մանուկյանը,- կրակ վառելը եւ շուրջը պտտվելը համարվում է դատապարտելի… սովորություն»։ Շատ տարօրինակ է, որ վերջին տարիներին հայաստանյան եկեղեցիների բակերում Տյառընդառաջի տոնին ատրուշանային խարույկներ են սկսել երեւալ, իսկ եթե Հիսուսը գա եւ այդ մասին իմանա՞, Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս պետք է արդարանա իր Աստծո առաջ… – Լավ, իսկ ի՞նչ է Ձեր Տրնդեզը։ – Ազգային տոները հենց այնպես՝ «օդից չեն ծնվում կամ մեկ այլ տեղ չեն ստեղծվում ու ներմուծվում-սեփականացվում։ Դրանք ազգի բնույթի ու դրանով պայմանավորված վարք ու բարքի, մշակույթի արտահայտությունն են։ Հայն իր բնույթով «հրածին» է (հիշենք հայ դիցհերոսների՝ որպես «հրեղեն» ինքնաբնութագրությունը), որն իր արտահայտությունն է գտնում նրա վարք ու բարքում (կրակի հետ «խաղացող» ու եռանդոտ է հայը), մշակույթում (հիշենք հայ «լույսի որդիների»՝ Սիամանթոյի, Վարուժանի, Չարենցի, Սարյանի, Կոջոյանի, Խաչատրյանի, Դովլաթյանի «արեւ»-ները), ռազմարվեստում (հիշենք Նժդեհի՝ տեղով հուր-կրակ արի ռազմիկին), երդումներում («արեւը վկա», «հորս արեւ» եւ այլն), բարեմաղթանքներում («ջրի պես երկար արեւ ունենաս»), անեծքներում («արեւդ կտրվի»), կերակրատեսակներում (լավաշ հացը, խորովածը, փոխինձը, աղանձը եւ այլն), խորհրդանշաններում (հավերժության խորհրդանշանը, զինանշաններն ու գերբերը)։ Հայի այդ բնույթի ու նրա հենքի վրա առաջացած մշակույթի ու վարք ու բարքի արտահայտություններից է նաեւ Տրնդեզը։ Տրնդեզ բառը նշանակում է կրակի դեզ կամ դիզված կրակ (խարույկ)։ Լեզվաբանորեն այն առաջացել է ատր (հուր, կրակ) եւ դեզ (կուտակում) բառարմատներից։ Ն-ն որոշակիություն արտահայտող հունչարմատ է եւ ավելանալով ատր-ին՝ շեշտում է նրա ոչ սովորական, այլ որոշակի աստվածային խորհուրդ պարունակող կրակ, այսինքն հուր լինելը (ուստի կրակը եւ հուրը տարբեր բաներ են)։ Հնում «Տրնդեզը բոլոր արիական ազգերն էլ տոնել են, բայց կրոնների ազդեցության տակ այն հիմնականում դուրս է մղվել։ Պահպանվել է այն միայն Հայաստանում եւ Պարսկաստանում, թեեւ, իհարկե, ոչ նախնական իմաստներով։ Հայաստանում, օրինակ, տոնի նախնական համընդգրկուն իմաստը նեղացվել-հանգեցվել է միայն նորապսակների՝ անդրանիկ զավակի բեղմնավորման ու լույս աշխարհ գալու սպասումներին։ – Հայ դիցարանի ո՞ր աստծո հետ է կապվում տոնը։ – Հին հռոմեական եւ հին պարսկական կայսրություններում լայնորեն տարածված միհրականության՝ Միհր աստծո պաշտամունքը գերադասող ավանդույթների, համաձայն Միհր աստծո։ Սակայն մեզ մոտ Տրնդեզը կապվում է հայի սիրած աստվածներիից մեկի՝ Վահագնի ծնունդի, ավելի ճիշտ՝ Հրաբորբ տիեզերքի երկունքի հետ, որից 40 օր հետո ծնվելու էր «խարտեաշ պատանեկիկը» (այդ օրն էլ տոնվում է որպես Վահագնի ծնունդի տոն կամ Հայոց բուն Նոր տարի)։ – Կարդալով հայկական տոների մասին գրքեր, հոդվածներ, այն տպավորությունն ես ստանում, որ դրանք անցյալի մնացուկներ են եւ այսօր միայն սովորույթի ուժով են տոնվում, քանի որ դրանց մասին հիմնականում անցյալ ժամանակով է խոսվում։ Ունի՞ արդյոք Տրնդեզը ինչ-որ խորհրդապաշտական հիմք, որը գուցեեւ մեր գիտակցության շեմից դուրս է մնում եւ ենթագիտակցության ոլորտին է վերաբերում։ – Ըստ հայկական նախատիպային աշխարհըմբռնման, կան արարող՝ դրական եւ կործանող՝ բացասական աստվածային ու տիեզերական ուժեր։ Այսինքն, հայն ի վերուստ հակված է երկբեւեռ տիեզերքի մոդելին, ի հակադրություն կրոնական միաբեւեռ (իբր բարի առանցքով)՝ մեզ չարի նկատմամբ խուլ ու համր դարձնող աշխարհընկալման (բարու հակառակը՝ չարը անտեսելով, այն դառնում է չարից էլ չար)։ Վահագնը արի ցեղին հովանավորող աստվածությունը առաջինը մարմնավորող ուժերից է, ի հակադրություն Վիշապի (Դեւի), որը մարմնավորում է երկրորդը։ Համաձայն ավանդության, ամեն Տիեզերական գարնանը (որն, ըստ դիցըմբռնումների, 10-12 հազար տարին մեկ է գալիս) երկրի վրա ծնվում է Վահագնը, ծնվում է Վիշապին սպանելու եւ նրա գարշանքից երկիրը մաքրելու, տիեզերական հրավառությամբ երկրի վրա մեծ ջրհեղեղ առաջ բերելով, արարչական առաքելությամբ։ Եվ եղեգնի փողից բոց է դուրս գալիս։ Բոց՝ աստվածային։ Եվ Արի Մանչը (արե ցեղի նախնին է, որի անունը մեր ազգը կրում է՝ Ար-Մեն) աստվածային այդ հրավառությունից կրակը վերցնում, խարույկ է վառում՝ Տրնդեզ սարքում, որ իր ցեղը աստվածային այդ կրակով սնվի-առնականանա՝ վահագնանման ծնունդներ տալու համար։ Արիները տրնդեզյան կրակի շուրջը պտտվելով ու թռչելով՝ օծվում են նրանով եւ լցվում արարման ու ծնունդի եռանդով։ Փաստորեն, տրնդեզյան կրակը խորհրդանշում է ցեղի՝ իր հրե զորություն աստծո հետ կապը, իսկ խարույկահանդեսը այդ կապը նորոգել-թարմացնելը։ Այսպիսով, Տրնդեզը յուրահատուկ վահագնականչ կամ նույնն է թե՝ Վահագնի տարերք արեւկանչ է։ Տրնդեզի խորհուրդը լրացնող մի նորանոր գիծ եւս՝ տրնդեզյան ուտեստեղենը եւ խմիչքը եւս արեւային է՝ աղանձ, արեւահաց (լավաշ), ցորենից զանազան կերակրատեսակներ՝ չիր ու չամիչ, խորոված, արեւային գինի եւ այլն։ Այնպես որ, Տրնդեզին ամեն ինչ մեկը մյուսին լրացնում է։ – Ի՞նչ դեր ունի Տրնդեզը մեր այսօրվա հոգնած-բեզարած, աշխարհի վերջին տեսլականով ապրող ու այդ վարակը մյուսների մեջ տարածող մարդկանց ժամանակներում։ – Մեր օրերում մեր Հրեղեն տարերքից ինքներս մեզ (իհարկե, օտարի դրդմամբ) զրկող ու օտար տարերքի մեջ զոռով խցկող ժամանակներում է Տրնդեզը «հաց հանապազօր» դառնում։ Դե ուրեմն, եկեք Տրնդեզ անենք, գցենք մեզ կրակի մեջ (ով հառնել է՝ կհառնի, ով մոխրանալու է՝ կմոխրանա), թռչենք կրակի վրայով, պտտվենք կրակի շուրջը (որ անցնի մեր դեմքի մռայլը, դալուկը, ատամների կրճտոցը, որ ազատվենք մեր միջի աղվեսից ու սրտոտենք, որ հալածենք մեր միջի ու դրսի բռնակալին, որ սիրտ ու թոքերը բացվեն ու ազատ շնչենք), խաղանք կրակի հետ (վնաս չի տա, զի մեր տարերքն է), այրենք սրբագործող կրակի մեջ մեր հոգու եւ մարմնի հնոտիք՝ վասն նորոգումի։ Զրուցեց Մ. ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728