Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիկի լեզուն

Փետրվար 13,2002 00:00

Մարզիկի լեզուն 1994թ. Իտալիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնող մարզիկներից 4-ը նվաճեցին ազնիվ մեդալներ։ Քանի որ Հայաստանը այդ տարիներին գտնվում էր տնտեսապես շատ ծանր վիճակում, ապա թիմային հաղթանակը հաճելի անակնկալ էր մեզ համար։ Եթե ոչ աշխարհը, գոնե մեր հարեւանները լավ գիտեին մեր օրհասական վիճակի մասին եւ, զարմացած հայ ըմբիշների հաղթանակից, հարցրել էին. «Դուք ի՞նչ եք ուտում, որ այսքան ուժեղ եք..»։ Մեր մարզիկները, չկորցնելով իրենց հումորի զգացումը, շատ լուրջ պատասխանել էին. «Մենք քար ենք ուտում, քա՛ր»։ Այս եւ մի շարք այլ միջազգային հեղինակավոր մրցաշարերին մրցահարթակի բարձր աստիճանին կանգնած մարզիկներից շատերը Երեւանի օլիմպիական հերթափոխի հանրապետական կրթահամալիրի սաներն են եղել։ Մարզօջախը, որը ժամանակին եղել է մեդալակիր մարզիկների դարբնոցը, մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր շրջաններից ժամանած պատանիների երկրորդ տունն է։ Ժամանակին, անհուն հոգատարությամբ լցված, գիշերօթիկ դպրոցն իր խնամքի եւ հովանավորության տակ է վերցրել 300-500 կայացած ու կայացող մարզիկների։ Սակայն 90-ական թվականների տնտեսական ճգնաժամը իր սեւ կնիքը թողեց նաեւ այս մարզօջախի վրա. արդեն քանի՜ տարի է՝ հեղինակավոր այս հաստատությունը չի կարողանում վերագտնել կորցրածը։ Մինչ օրս այն շարունակում է մնալ ծայրաստիճան աղքատ վիճակում։ Կրթահամալիրը նախկինի համեմատ այսօր սնում է ընդամենը 30-50 մարզիկի, իսկ մարզերից ժամանած եւ այստեղ գիշերող երեխաների թիվը չի գերազանցում 25-ից։ Թերսնուցման հետ մեկտեղ, այն գրեթե զուրկ է մարզիկին տաք ջուր տրամադրելու հնարավորությունից, մի բան, որն ամենաառաջնային անհրաժեշտությունն է օրվա ընթացքում 3-4 ժամ քրտնաթոր պարապող մարզիկների համար։ Ելնելով առկա վիճակից, ես ամբողջ մեղքը չեմ գցում տնօրինության վրա, սակայն տարրական բարեկեցության պատասխանատվության մեծ մասը տանտիրոջն է։ Ի դեպ, նշեմ, որ մարզօջախն այսօր ղեկավարում է Հայաստանում եւ միջազգային մրցասպարեզում հայտնի մի անհատականություն՝ Դերենիկ Գաբրիելյանը։ Շատ զարմանալի է, որ նա ստեղծված կացությունից դուրս գալու ելք չի կարողանում գտնել։ Վերջերս լրացավ օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնական կրթօջախի 30-ամյա հոբելյանը։ Պարոն Գաբրիելյանը հպարտությամբ եւ առանձնահատուկ ուրախությամբ նշում է օլիմպիադայի, աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարերում փայլուն հաղթանակներով հանդես եկած իր սաների անունները։ Նրանք դեռ անցած տարիների տնկիների քաղցրահամ պտուղներն են։ Պետք է լրջորեն մտածել այսօրվա անմխիթար վիճակում գտնվող տնկիների մասին, որ վաղը կամ մյուս օրը նոր օգսեններ, արայիկներ ու արմեններ ունենանք։ Կրթահամալիրում առկա է նաեւ ցավոտ մի հարց, որի կողքով անտարբեր անցնելը հանցանք է։ Դա կրթության հարցն է։ Կրթական մյուս հաստատությունների համեմատ, այստեղ շռնդալից կադրային փոփոխություն չի եղել։ Տարիների փորձառու մանկավարժները շարունակում են աշխատել նորերի հետ համատեղ։ Առիթ եմ ունեցել զրուցել սաներից շատերի հետ, բայց անկեղծորեն պիտի ասեմ, թե որքա՜ն մեղք են նրանք. խոսել չգիտեն, ես ամենեւին էլ նկատի չունեմ գրական հայերենը, նրանց ամբողջ բառապաշարը հեղեղված է փողոցային անտաշ եւ անհաճո ժարգոնով։ Եթե մայրենի լեզվով խոսել չեն կարողանում, ապա օտար լեզվի մասին (որ պարտավոր են գոնե մեկը իմանալ) խոսելն ավելորդ է։ Հաճախ է նրանց հնարավորություն տրվում եթերից հանդես գալ։ Խղճահարության ինչպիսի՜ տեսարան, ինքնասպան լինելով երկու բառ կապակցել, իրար հետեւից արտասանել չեն կարողանում (մեդալն էլ կրծքին շողշողում է ակնահաճո)։ Այս ամենը ցավալի իրականություն է՝ խայտառակություն լինելով հանդերձ։ Եվ եթե մեդալների առավելությամբ շատերն ընդունվում են ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ապա ես կասեի, որ իրենց առավելագույն թերությունը՝ անգրագիտությունը քարշ են տալիս բուհ։ Սիրելի մարզիկներ, ձեր ուժը միայն մկաններին չպետք է տաք, ուղեղներին էլ է պետք, որ կարողանաք ինքնակառավարվել, գոնե մարդավարի խոսել… ՆԱՆԵ ՍԵՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728