Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԴԵՄԱԳՈԳԻԱ»

Փետրվար 20,2002 00:00

«ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԴԵՄԱԳՈԳԻԱ» «Մի քիչ մակարդակով դեմագոգիա անելու» հորդորը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր հղել Արշակ Սադոյանին։ Սակայն երեկ ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերում ոչ մի կողմն էլ զերծ չմնաց դեմագոգիայից։ Ոչնչից մեծ աղմուկ։ Ըստ էության՝ այսպես կարելի է բնորոշել այն, ինչ խորհրդարանում երեկ կատարվում էր 3 ժամ շարունակ։ Պիտի քննարկվեր Սահմանադրության խորհրդարանական կառավարում նախատեսող նախագիծը։ Սակայն երբ Շավարշ Քոչարյանին ձայն տրվեց այդ նախագիծը ներկայացնելու համար՝ դրա փոխարեն նա ներկայացրեց Սահմանադրական նախագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ որոշման նախագիծը։ Ըստ այդմ, նախ պիտի լսվեր Սահմանադրական հանձնաժողովի եզրակացությունը, հետո նոր պիտի հաջորդաբար ներկայացվեին 2 նախագծերը։ Այս հատուկ կարգը նախաձեռնողների մտահղացմամբ, Սահմանադրության նախագծերի քննարկումները պիտի հեռարձակվեին Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ Հատուկ կարգի վերաբերյալ առաջարկը չդրվեց քվեարկության, քանի որ, ըստ ԱԺ ղեկավարության, այն պիտի ներկայացվեր Սահմանադրական հանձնաժողովի նիստում։ Շավարշ Քոչարյանը պատճառաբանեց, թե միայն անցած ուրբաթ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ են տեղեկացել, որ Սահմանադրության նախագծերի քննարկումը նախատեսվում է այս եռօրյայում։ Բացի այդ, վիճարկվեց Արմեն Խաչատրյանի այն որոշումը, ըստ որի՝ այս օրինագծերի քննարկման համար գլխադասային է Սահմանադրական հանձնաժողովը։ Զուտ կանոնակարգային, երկարատեւ ու հոգեմաշ վեճերն ի վերջո անձնավորվեցին եւ վերաճեցին բախումների։ Ասենք, Ֆրունզե Խառատյանի եւ Գալուստ Սահակյանի, Գառնիկ Բադալյանի ընդհարման հետեւանքով (որն ուղեկցվում էր «դուռա՛կ, վեր ընգի տեղդ», «ականջդ կպոկե՛մ», «լակո՛տ» կարգի արտահայտություններով)՝ նախագահող Գագիկ Ասլանյանը ստիպված էր կես ժամով ընդհատել նիստը՝ մինչեւ կհանդարտվեին կրքերը։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ավելի վաղ էր կոչ արել դադարեցնել քննարկումը, նկատելով, թե այս նիստում կանոնակարգն այնքան է կոպտորեն խախտվել, որ ցանկացած լուծում ի սկզբանե անօրինական է լինելու։ Խորհրդարանական կառավարման կողմնակիցներն էլ հրաժարվել էին մասնակցել այս հարցի սովորական ընթացակարգով քննարկմանը, որը Շավարշ Քոչարյանն անվանել էր «ֆարս»։ Ի վերջո, Գագիկ Ասլանյանը հարկադրված երկու շաբաթով հետաձգեց քննարկումը։ Սահմանադրության քննարկումների նման սկիզբն արժանացավ է՛լ «զավեշտ», է՛լ «անհեթեթ բանավեճ», է՛լ «հաջողված թատերական ներկայացում» գնահատականների։ Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում առավել տեղին համարեց կատարվածին տալ «խայտառակություն» որակումը։ Մեր հարցին, թե ո՞ր կողմն ավելի շատ խախտեց կանոնակարգը, պրն Թորոսյանը պատասխանեց. «Բոլո՛ր կողմերը։ Ե՛վ նիստը վարելու ժամանակ արվեցին խախտումներ, ե՛ւ նախագծի հեղինակները խախտեցին կանոնակարգը։ Պետք չէ աչքերը փակել՝ պետք է տեսնել, որ այստեղ շահարկումները եւս բազմաթիվ էին»։ Մի՞թե արժեր զուտ կանոնակարգային հարցերի քննարկմամբ զբաղեցնել աշխատանքային օրվա կեսը. «Իհա՛րկե չարժեր։ Եվ սա վարկաբեկում է ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ մեր պետությունը։ Սա նաեւ վիրավորանք է մեր ժողովրդի նկատմամբ։ Այստեղ որեւէ բարդություն չկար։ Ուրբաթ, երբ ԱԺ նախագահը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե այս նախագիծը պետք է քննարկվի այս եռօրյայում, պրն Քոչարյանը՝ որպես այս նախագծի հեղինակ ասաց, որ ճիշտ կլինի, եթե հատուկ կարգ սահմանվի՝ ե՛ւ ավելի երկար ժամանակահատված տրամադրվի քննարկումների համար, ե՛ւ հեռարձակման որոշում ընդունվի։ Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ առաջարկեցի, որ երբ երկուշաբթի պատրաստ լինի այդ նախագիծը՝ հանդիպենք եւ միասին քննարկենք, անհրաժեշտության դեպքում հրավիրենք հանձնաժողովի նիստ։ Կամ՝ եթե անգամ դա չհասցնենք էլ, մարդկանց հեռախոսով տեղեկացնենք ու կարծիքներն իմանանք, որ ամեն ինչ լինի ըստ ԱԺ կանոնակարգի։ Ցավոք, ոչ միայն դա չարվեց, այլ անգամ մի խոսք չի եղել, թե ինչ պատճառով է ուշանում այդ նախագիծը։ Բնականաբար, եթե ասվեր, որ աշխատանք է արվում՝ ոչ միայն հնարավոր կլիներ ավելի հարմար ընթացք ապահովել, այլ նաեւ՝ օգնել այդ որոշման ձեւավորմանը»։ Տիգրան Թորոսյանը թեեւ գտնում էր, որ ներկայացված հատուկ կարգի որոշ դրույթներ հակասում են ԱԺ 2001 թ. նոյեմբերի 19-ի որոշմանը, սակայն բացարձակապես որեւէ առարկություն չուներ այժմ առաջարկվող այլ լուծումներին, ասենք՝ որ Սահմանադրական քննարկումները հեռարձակվեն հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ Նախագահ Քոչարյանի առաջարկած Սահմանադրության խմբագրման այլ կողմնակիցներ, սակայն, 6-յակի նախաձեռնությունը որակեցին ընդամենն իբրեւ «ժամանակի ձգձգում»։ Սա էլ իր հերթին առիթ տվեց այդ կուսակցությունների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին) եզրակացնելու, որ խնդիր է դրված հապճեպորեն, առանց լուրջ քննարկումների մերժել ու մեջտեղից հանել 6-յակի նախագիծը։ Հնարավո՞ր էր այս ոչնչից մեծ աղմուկից խուսափել, եթե ժամանակին ներկայացվեր հատուկ կարգը՝ մեր այս հարցին Արշակ Սադոյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, հնարավոր էր, եթե նպատակ չլիներ, ընդհակառակն, ամեն ինչ անել, որպեսզի առանց լուրջ քննարկումների անցկացվի Սահմանադրության նախագահի նախագիծը։ Եվ մի կողմից՝ փորձում են ժողովրդավարության արհեստական շղարշ ստեղծել, իսկ մյուս կողմից՝ ծածկադմփոցով անցկացնել նախագահի նախագիծը. դա էր բուն պատճառն ամբողջ կատարվածի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ալբերտ Բազեյանի հետ այս նիստին մասնակցելու էին հրավիրված նաեւ ՀԿԿ ղեկավար Վլադիմիր Դարբինյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺԿ-ի եւ «Հանրապետության» այլ գործիչներ։ Վերջիններից Արտակ Զեյնալյանը, որն այժմ սովորում է Կառավարման դպրոցում, երեկվա քննարկումներից մի տպավորություն էր ստացել. թե պատգամավորները ծանոթ չեն ո՛չ ԱԺ կանոնակարգին, ո՛չ էլ Սահմանադրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել