Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաէկրանը պահպանո՞ւմ է մեր լեզուն, թե՞ ավերում

Մարտ 08,2002 00:00

Հեռուստաէկրանը պահպանո՞ւմ է մեր լեզուն, թե՞ ավերում Լեզվաբաններն այն կարծիքին են, որ եթե հեռուստաէկրանից հնչող հայերենի հանդեպ վերաբերմունքը առաջիկայում չփոխվի, ապա մեր լեզուն կքայքայվի, այն էլ՝ հիմնովին։ Գուցե փոքր-ինչ չափազանցված է լեզվաբանների ահազանգը, բայց կասկածից վեր է, որ հայկական հեռուստաէկրանի (մասնավոր եւ պետական) լեզուն մտահոգվելու առիթ տալիս է։ Սա այն դեպքն է, երբ անհրաժեշտություն չկա որեւէ առանձին հաղորդում նշել, քանի որ լեզվական աղավաղումները ներկայումս դարձել են սովորական երեւույթ։ Հայրենի հեռուստագործածության մեջ ձեւաբանական եւ շարահյուսական բոլոր եղանակներն ու կանոնները աղավաղված են։ Լրագրողների գերակշռող մասը հայերենին չի տիրապետում կամ տիրապետում է շատ վատ։ Ինքնին հասկանալի է, որ հեռուստաէկրանից հնչող կենդանի խոսքը չի կարող եւ չպետք է լինի շատ կանոնիկ, լեզվական օրենքներին ենթակա։ Ո՞վ չգիտի, որ թորած ու չոր լեզուն անհամ է, թող որ՝ գրագետ։ Կենդանի խոսքն ունի իր առանձնահատկությունը։ Մտահոգողն այն է, որ ներկայումս «մշակվել» է լեզվական արտահայտչաձեւերի մի այնպիսի տաղտկալի կաղապար, որը հյուծում եւ քայքայում է մեր լեզուն։ Կարելի՞ է, արդյոք, մեկ նախադասության մեջ հինգ անգամ ասել «պրոբլեմ» բառը, երբ բառի հայերեն փոխարժեքի մի քանի ձեւեր կան, օրինակ, հոգս, մտահոգություն, խնդիր եւ այլն։ Հեռուստալեզվում խոսքը «գնո՜ւմ» է ու «գնո՜ւմ»։ Նշանակություն չունի, թե որտեղ է կիրառվում սա կամ նա դերանունը։ Էկրանից կլսեք հետեւյալ արտահայտությունը՝ «Ռոբերտ Քոչարյանը, որը հանդիսանում է ՀՀ նախագահ»։ Ո՞նց հասկացնենք կայաններից մեկի պատասխանատուներին, որ չի կարող լինել բարի առավոտ։ Հայեցի ախորժալուր «բարի լույսը» թողած ինչո՞ւ՝ «բարի առավոտ»։ Էլ չենք խոսում «մնացեք մեզ հետ», «առայժմ» տափակ եւ ռուսերենից ընդօրինակված ձեւերի մասին։ Գործ ունենք ոչ միայն եւ ոչ այնքան լեզվին վատ տիրապետելու իրողության, այլ առհասարակ թերուսության, տկար իմացության, աղքատիկ լեզվամտածողության հետ։ Միկրոֆոնի մոտ նստած մարդը բարեկիրթ, բանիմաց լրագրող չէ եւ էկրանը դա մատնում է։ Թող տարօրինակ չթվա, բայց, իրոք, մի քանի նախադասություն արտաբերելուց հետո կարելի է ճշգրտորեն որոշել, թե քանի գիրք է կարդացել հեռուստամեկնաբանն ու լրագրողը եւ առհասարակ կարդացե՞լ է… Հայերենի հոմանիշների հարուստ շտեմարանը հազար փակի տակ դրած՝ հաղորդումներում ռուսական ձեւերն են ընդօրինակվում եւ գործածվում, եւ չի էլ գիտակցում, որ այդ կերպ ոչնչացվում է մեր մայրենին։ Ելքը մեկն է՝ պահանջկոտ եւ ուշադիր լինել հեռուստաէկրանին երեւացող մարդու ընտրության խնդրում, որովհետեւ նա իր վատ հայերենով վնասում է բոլորին, հատկապես նոր սերնդին։ Որովհետեւ ներկայումս էկրանից հնչող հայերենը այնպիսին է, որ այն այլեւս դժվար է սիրել։ Հաղորդումների օտարահունչ գլխագրերը դեռ տանելի են, բայց ոչ երբեք լեզվամտածողության աղճատվածությունը։ Մինչդեռ հեռուստաէկրանը ժամանակակից պայմաններում կարող էր եւ նույնիսկ պարտավոր է լինել լեզվի ուսուցման նոր ու գործուն դպրոց։ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել