Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ է մնացել

Մարտ 13,2002 00:00

Անհայտ է մնացել Բաց նամակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին Կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական օրենքների ընդունումը, դրանց մեջ փոփոխություններ մտցնելը եւ կյանքում կիրառելը հնարավոր է դառնում, եթե շարժիչ ուժը կոռուպցիան է։ Նույնը կարելի է ասել նաեւ կառավարության որոշումների եւ նախարարությունների կողմից սահմանված կարգ ու կանոնների մասին։ Օրինակ, 2002 թ. հունվարի 1-ից Երեւան քաղաքում թոշակների բաշխումը իրականացվելու է ոչ թե «Հայփոստի», այլ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակիցների միջոցով։ Ինձ հայտնի չէ, թե այդ փոփոխությունը ԱԺ-ն է կատարել, թե՞ վարչապետը, բայց համոզված եմ, որ նպատակը Երեւան քաղաքի «Հայփոստի» աշխատակիցներին դրամաշորթությունից ստացած եկամուտների մի մասից զրկելն է՝ այն տրամադրելով ՍԱՊՀ-ի աշխատակիցներին։ Ո՞վ է շահագրգռված եղել այդ փոփոխությունը կատարելու համար, անհայտ է ինձ։ Դրամաշորթության մասին նշեմ ամենաթարմ փաստը։ Քրոջս՝ Էմմա Խաչոյանի հունվարի կենսաթոշակը վճարելիս Էրեբունու տարածքի (Գլինկա 23, բն. 18) ծառայության աշխատակիցը 5280 դրամից չէր ցանկանում վճարել 80 դրամը։ Երբ քույրս պահանջեց, նա 50 դրամ «շպրտեց», այդպես էլ 30 դրամը չվճարելով։ Նման օրինակները, կարծում եմ, քիչ չեն։ Մոտ 10 տարի թոշակս ստանում էի խնայդրամարկղից՝ ապահովված լինելով «Հայփոստի» աշխատակիցների դրամաշորթությունից։ Անցյալ տարվա հունվարից դադարեցվեց թոշակների վճարումները խնայդրամարկղերից։ Ինձ համար անհասկանալի էր՝ թե ինչու։ Ընթացիկ տարվա հունվարի սկզբին պատահական իմացա, որ արդեն լուծվել է թոշակները խնայդրամարկղ փոխանցելու հարցը։ Հունվարի 15-ին գնացի ՍԱՊՀ-ի Արաբկիրի տարածքային կենտրոնի հաշվապահություն եւ լուծեցի իմ թոշակի՝ խնայդրամարկղ փոխանցելու հարցը։ Հունվարի 17-ին դիմում գրեցի ՍԱՊՀ նախագահ Ֆ. Մուշեղյանին՝ խնդրելով օգնել ինձ ազատվելու այն քաշքշուկներից, որոնք կապված կլինեն իմ՝ անցյալ տարվա նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների թոշակը ստանալու հետ ու նշված ամիսների թոշակը նույնպես փոխանցեն խնայդրամարկղ։ Դիմումիս պատասխանող ՍԱՊՀ-ի նախագահի տեղակալ պրն Ա. Հարությունյանը իր՝ թիվ 05/258, 23.01.2002թ. պատասխան նամակով ոչ միայն մերժեց իմ խնդրանքը, այլեւ հայտնեց, որ եթե ես անցյալ տարվա վերջին երկու ամիսների թոշակը չստանամ հիմնադրամի վճարման ծառայությունից, ապա 2002թ. հունվարի թոշակս խնայդրամարկղ չի փոխանցվի։ Ստիպված մի քանի անգամ գնացի Արաբկիրի տարածքային կենտրոնի վճարման ծառայություն եւ վերջապես հունվարի 29-ին, բազմաթիվ թոշակառուների հետ նյարդեր քայքայելով՝ կարողացա երկու ամսվա թոշակս ստանալ լրիվ։ Ես գտնում եմ, որ նման կարգ սահմանելը վայել չէ ժողովրդավարություն ունեցող երկրին։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ Այս խնդիրների շուրջ «Առավոտի» հարցմանն ի պատասխան, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից հայտնեցին հետեւյալը. «Հիմնադրամի վճարումների ծառայության Էրեբունի-1 տեղամասի համապատասխան աշխատակցի վերաբերյալ բողոքում նշված փաստը հաստատվելու դեպքում կկիրառվեն ամենախիստ վարչական միջոցները: Երաշխավորում ենք, որ Էմմա Խաչոյանը այսուհետ առանց նման միջադեպերի կստանա իր կենսաթոշակը: Սոցապ հիմնադրամը «Հայխնայբանկի» ծառայություններից հրաժարվել է, որովհետեւ ավանդային գաղտնիքի առկայության պայմաններում անհնարին էր դառնում վճարման գործընթացի հասցեականության եւ արդյունավետության վերահսկողությունը: Համագործակցությունը վերականգնվել է բանկի կողմից Հիմնադրամի բոլոր պայմաններն ընդունելուց հետո: Թոշակառուի կողմից անցած ամիսների չստացած կենսաթոշակը «Խնայբանկ» չի տեղափոխվել, որովհետեւ հաստատված կարգն է այդպես պահանջում: Ինչ վերաբերում է «Հայփոստին» առնչվող կենսաթոշակառուի տարակուսանքին, տեղեկացնենք, որ «Հայփոստի» հետ համագործակցությունը որեւէ օրենքով չի պարտադրվում, կրում է զուտ պայմանագրային բնույթ, այդ համագործակցության ծավալները եւ դրանց փոփոխումը հիմնադրամի կանոնադրական իրավասությունների շրջանակում են։ Առիթը բաց չթողնելով անդրադառնանք եւս մեկ խնդրի, որ վերջերս արծարծվել էր «Առավոտի» «Գյուղացին իբրեւ պատասխանող» հոդվածում: Մի կողմ թողնելով հրապարակման մեջ առկա դատական պրոցեսի մասին խնդիրները, նշենք,որ հիմնադրամի տարածքային ստորաբաժանումների ապարատների պահպանման ծախսերը նախատեսված են Հիմնադրամի բյուջեի համապատասխան հոդվածով եւ իրականացվում են կենտրոնացված կարգով, այնպես որ, խոսել Արտաշատի կամ որեւէ այլ տարածքային կենտրոնի սնանկացման մասին, լուրջ չէ: Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի, գյուղացիական նշանակության հողի սեփականատերերը կատարում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ՝ սեփական հողի կադաստրային զուտ եկամտի 5%-ի չափով: Իսկ 500-ական դրամները կենսաթոշակառու գյուղացիների դիմումների հիման վրա գանձվող սոցվճարների ընդամենը մի փոքր մասն են: Օրինակ, Արարատյան դաշտավայրի մեկ հեկտար հողի դիմաց գանձվող սոցվճարը տարեկան կազմում է 21200 դրամ, իսկ գյուղացու կողմից վճարվող 500-ական դրամները տարեկան կազմում են 6000 դրամ: Այնպես որ, միեւնույն է, մնացած գումարը այսպես, թե այնպես, ենթակա է գանձման: Սրանով էլ բացատրվում է Հիմնադրամի տարածքային ստորաբաժանման՝ դատարան դիմելու քայլը: Ինչ վերաբերում է 1993 թ-ից չհավաքագրված սոցվճարներին, ապա դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ՝ պատերազմ, օրենքի թերություն, անձի անպատասխանատվություն: Սակայն գոյություն ունի վաղեմության ժամկետ՝ այսինքն, վճարումը պետք է կատարվի վերջին 3 տարիների չափով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031