Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄՐՑՈՒՆԱ՞Կ Է

Մարտ 20,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄՐՑՈՒՆԱ՞Կ Է Հայաստանը միայն չորս պետության (ՌԴ, Իրան, Ուկրաինա, Բելառուս) հետ ունի բարձրագույն կրթության փաստաթղթերի եւ գիտական աստիճանների ու կոչումների ճանաչման մասին համաձայնագիր։ Որոշ երկրների հետ (Հնդկաստան, Բալթյան երկրներ) նախապատրաստվում են նման համաձայնագրեր կնքել։ Միակ մխիթարությունն այն է, որ միայն Հայաստանը չէ այս հարցում հետ մնում։ Եվրոպայի ոչ մի երկիր այլ երկրի դիպլոմ դեռ չի ճանաչում եւ այս առումով գործընթացները նոր են սկսվում։ Այս մասին տեղեկացանք ԿԳՆ-ի գիտակրթական միջազգային համագործակցության բաժնի պետ Ներսես Գեւորգյանի հետ մեր զրույցից։ Դիպլոմների փոխճանաչման միջազգային գործընթացը սկսվել է 1997թ. Լիսաբոնի կոնվենցիայի ընդունումից հետո, ինչին նաեւ Հայաստանն է միացել։ Գործընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել կրթական ընդհանուր տարածք։ Կրթական ծրագրերի հարցով Եվրոպայի խորհրդի հետ ակտիվորեն համագործակցել Հայաստանը սկսել է 1998 թվականից։ Առաջինը կովկասյան երկրների պատմության համատեղ դասագիրք ստեղծելու ծրագիրն էր, ինչին «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է՝ կասկածի ենթարկելով դրա արդյունավետությունը։ Ըստ Ն. Գեւորգյանի՝ ցանկացած կրթական համակարգի հիմնական խնդիրը կրթության որակի հարցն է եւ ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում այդ հարցը հատկապես կարեւորվում է։ Հայաստանի առաջարկությամբ սկսվել է «Կրթական որակի վերահսկման մեխանիզմները» ծրագիրը, որ ներառում է լիցենզավորման, հավատարմագրման, գիտելիքների գնահատման, որակի ստուգման եւ այլ գործընթացներ։ ԵԽ-ի հետ համագործակցությունն ավելի ակտիվացել է այդ կառույցի անդամ դառնալուց հետո եւ այսօր համատեղ տասնհինգ կրթական ծրագիր է իրականացվում։ Դրանք հիմնականում խորհրդատվական բնույթի են, որի «խնդիրն է Հայաստանի կրթական համակարգի ինտեգրումը եվրոպական կրթական տարածք»։ Եվրոպայի խորհուրդը ֆինանսապես աջակցում է այդ ծրագրերի իրականացմանը։ «Առավոտի» դիտարկմանը, թե այդ գումարները հիմնականում ծախսվում են հենց ԵԽ-ի փորձագետների խորհրդատվության վրա, Ներսես Գեւորգյանն ի պատասխան նկատեց, որ «եկեք տարբերակենք վարկային ծրագրերը ԵԽ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից»։ Այսինքն՝ ԵԽ-ի ֆինանսները վարկեր չեն, որոնք պիտի մի օր վերադարձնենք եւ այդ միջոցների աջակցությամբ սովորաբար անցկացվում են գիտաժողովներ, համատեղ հանդիպումներ, որոնց գլխավոր նպատակներից մեկը եվրոպական երկրների կողմից Հայաստանի բարձրագույն կրթության դիպլոմների փոխճանաչումն է։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԵԽ-ի գլխավոր քարտուղարի՝ Վալտեր Շվիմերի հրավերով երեկ մեկնեց Ստրասբուրգ՝ քննարկելու Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ընդգրկվելու թեման։ Ներսես Գեւորգյանը, որ ուղեկցելու է նախարարին այս այցի ժամանակ, նկատեց, որ սա առաջին անգամն է, երբ ԿԳ նախարարն է մեկնում նման հանդիպման։ «Բայց մի օրում, մի տարում արդյունք չի լինի, սա երկարատեւ գործընթաց է»,- ասաց պարոն Գեւորգյանը՝ նշելով, որ մեր դիպլոմների ճանաչումը ենթադրում է ապահովել կրթական որակի պատշաճ մակարդակ, այն եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնել, ստեղծել կրթական դեմոկրատական կառավարվող համակարգ՝ բուհական ինքնակառավարում, ակադեմիական ազատություններ։ Այս ամբողջը կնպաստի, որ ուսանողների փոխանակման շարժը ակտիվանա, մեր կադրերի դրսում կրթվելու եւ դրսի շուկայում աշխատանք գտնելու հնարավորությունները մեծանան, իսկ Հայաստանն էլ իր հերթին դառնա գրավիչ տարածք դրսի ուսանողների եւ կադրերի համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանի կրթական համակարգով հատկապես հետաքրքրված են ուսանողներ՝ Միջին եւ Մերձավոր Արեւելքից (Սիրիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան եւ այլն)։ Այս առումով Հայաստանի բուհերից արտասահմանցիները նախընտրում են ՀՊՃՀ-ն, ԵՃՇՀ-ն, ԵԲՀ-ն եւ ԵՊՀ-ի որոշ մասնագիտությունները։ Այս ոլորտում ակտիվացումը կթելադրի կրթության որակի բարձրացում, քանի որ «մրցունակ դաշտի մեջ մեր կրթական համակարգը պետք է որակ ունենա»։ Հարցին՝ որքանո՞վ է այսօր մրցունակ մեր կրթական համակարգը, պարոն Գեւորգյանը պատասխանեց՝ «Ցանկացած համակարգ լավ է, եթե լավ է կառավարվում»։ Հատկապես այսօր, երբ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում։ «Եթե հետ մնանք նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում, մենք ամեն տարի տասը-տասնհինգ տարով հետ ենք ընկնելու եւ հասնելը շատ դժվար է լինելու»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել