Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ

Ապրիլ 05,2002 00:00

ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ Թե դեռ որքան ժամանակ իշխանությունները ապահովագրված կլինեն հեռուստատեսային անաչառ եւ օբյեկտիվ լրատվությունից՝ դեռ պարզ չէ։ Փաստ է, որ այսօր նրանք կատարել են իրենց ծրագիր-մինիմումը՝ մաքրել են հեռուստատեսային եթերը անպաճույճ լրատվությունից եւ թողել միայն ձոներգերով ու ինքնահիացական նոտաներով քաղցրացված տեղեկատվական դաշտը։ Ձեռքի հետ նրանք հաջողել են եւս մի՝ շատ ավելի ցավալի, շատ ավելի կարեւոր բան. գոնե լրագրությանն ու մերձլրագրողական հարցերին առնչվող խնդիրների դեպքում քիչ թե շատ համախմբված լրագրողական համքարության մեջ խոր սեպ խրել։ Իշխանության այս հաղթանակը ակնառու էր «Ա1+»-ին եթերից զրկելու հարցի շուրջ բարձրացված աղմուկի լուսաբանումներից։ Իսկ երեկ, երբ Մամուլի ազգային ակումբի հրավերով ասուլիս էին տալիս «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը, «Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը եւ «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Արամ Աբրահամյանը, այդ տարանջատումը այլեւս անքողարկելի էր։ Ըստ Մեսրոպ Մովսիսյանի, այն, ինչ կատարվեց «Ա1+»-ի հետ, սպասելի էր. «Սա հետեւանք է թերի օրենքի, որում թողնված են ուժեղագույն լծակներ, որոնցով կարող են ցանկացած ժամանակ ազդել այս կամ այն ռադիոհեռուստաընկերության վրա։ Իշխանությունները, պարզ է, որ միշտ պետք է ձգտեն ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա։ Բայց պետք է ամեն ինչ արվի, որ օրենքի մեջ նրանք ինչքան կարելի է քիչ հնարավորություն ունենան դրանից օգտվելու»։ Ըստ էության, այսօր, երբ «Ա1+»-ի՝ եթերում չլինելը տխուր իրականություն է, հեռուստաընկերությունն ունի երկու ճանապարհ. իրավական դաշտում եւ օրենսդրական ճանապարհով հասնել ՀՀ-ում ազատ խոսքի եւ ազատ մամուլի վերականգնմանը կամ անել այն, ինչ ցանկանում են իշխանությունները՝ քաղաքականացնել հարցը։ Սակայն համընդհանուր ամենաթողության այս պայմաններում հարցի լուծման որեւէ ուղի չի տալիս հավաստի երաշխիք այն բանի, որ հայ հեռուստադիտողը կրկին ձեռք կբերի իր սիրելի հեռուստաալիքը դիտելու հնարավորությունը։ Խնդիրը քաղաքականացնելու ճանապարհն անկանխատեսելի է բոլոր առումներով։ Եվ, ի վերջո, ցանկալի չէ հենց «Ա1+»-ի ղեկավարությանը։ Իսկ իրավական ճանապարհը մեր «անկախ» դատարանների պայմաններում նույնպես հուսալի չէ։ Այս իսկ պատճառով չի կարելի չհամաձայնել Մեսրոպ Մովսիսյանի այն կանխատեսումներին, թե մեր եռաստիճան դատական համակարգում մոտ մեկ տարի կձգձգվի քաշքշուկը, որից հետո, երբ վճռաբեկ դատարանում վերջնականապես կմերժվեն, կդիմեն Եվրոդատարան։ Սակայն մինչ այդ գուցե թե ընտրություններն էլ վերջացած լինեն եւ «Ա1+»-ի փակման անհրաժեշտությունը վերանա։ Պրն Մովսիսյանի այս դիտարկմանը հետեւեց Ա. Աբրահամյանի ռեպլիկը՝ «2008 թ. ընտրությունները»: Ինչեւէ։ «Ա1+»-ի դիրքորոշումը հստակ է՝ հարցը տեղափոխել իրավական դաշտ։ Ընդ որում, Մեսրոպ Մովսիսյանը վստահ էր, որ միայն «Ա1+»-ի՝ եթերում հայտնվելով հարցը չի կարելի փակել, անհրաժեշտ է նաեւ լրացնել այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնց պատճառով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը անկատար է եւ թույլ է տալիս նման կամայականություններ։ Այս վիճակով օրենքը սպառնալիք է այժմ գործող բոլոր ռադիո եւ հեռուստաընկերությունների համար (եթե, իհարկե, վերջիններս իրենց շռայլություն թույլ տան՝ ոչ իշխանամետ կեցվածք ընդունելու)։ Մի հարցում միայն «Ա1+»-ի ներկայացուցիչները «քաղաքական» բառից չխուսափեցին։ «Լուծումը՝ «Ա1+»-ին եթերից զրկելու, անշուշտ, քաղաքական էր։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը միայն գործիք էր Ռ. Քոչարյանի ձեռքում, որը որոշեց զրկել «Ա1+»-ին եթերից»,- պնդում էր Արամ Աբրահամյանը։ Նա, անդրադառնալով լրագրողների պահանջին՝ բացահայտել, թե կոնկրետ ո՞ր ուժերն են փորձում հարցը քաղաքականացնել, ասաց. «Բարով են եկել բոլոր կուսակցությունները՝ ընդդիմադիր, իշխանամետ, «Ա1+»-ին հյուր։ Բոլորին պատրաստ ենք հնարավորություն տալ՝ արտահայտելու իրենց կարծիքը։ («Դա մեր սկզբունքն է»,- հնչեց Մ. Մովսիսյանի սկզբունքային ձայնը)։ Բայց նրանք պետք է գան որպես հյուր, ոչ թե որպես տեր։ Եթե նրանք գալիս են որպես տեր, մենք, բնականաբար, նրանց շատ քաղաքավարի խնդրում ենք՝ դուրս եկեք, ոտքերդ սրբեք, նորից մտեք որպես հյուր»։ Հարցին, թե արդյոք «Ա1+»-ի նախօրոք բարձրացրած աղմուկը՝ իրենց փակելու մասին, չնպաստեց, որ ընդունվի հե՛նց այդ որոշումը, շատ դիպուկ պատասխանեց Տիգրան Հարությունյանը. «Ի տարբերություն «Ա1+»-ի, «Նոյյան տապանը» լռում էր եւ ի՞նչ. երկու դեպքում էլ արդյունքը նույնն էր։ Եթերից զրկվեցին ե՛ւ լռողը, ե՛ւ աղմկողը»։ Պրն Հարությունյանը փորձում էր ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ի՞նչը հաղթեց։ Ըստ նրա, հանձնաժողովը քվեարկել է ոչ թե ընդդեմ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի», այլ ընդդեմ այդ ընկերությունների անկախ մնալու ցանկության։ Հակառակ դեպքում, ավելի մեծ տեղ չէր տրվի ֆինանսական եւ տեխնիկական միջոցների մասին արված խոստումներին, հաշվի չառնելով վերոնշյալ ընկերությունների իրատեսական ծրագրերը եւ սեփական հնարավորությունները. «Հարցն այն է, որ ինքը՝ երկրի նախագահը, այն սկզբունքի կողմնակիցն է, որ հաղթելու է ոչ թե պրոֆեսիոնալը, լավ հաղորդումներ պատրաստողը, այլ նա՝ ով պիտի ունենա հովանավոր, ծախվի ինչ-որ ուժերի եւ դրանց ներդրումների հաշվին մրցույթով անցնի»։ «Ա1+» հեռուստաընկերության նախագահը տեղեկացրեց, որ դեռ չի կայացվել որոշում՝ ընդունե՞լ ՀՀ նախագահի հրավերը՝ ապրիլի 6-ին հանդիպելու, թե՞ ոչ։ Գնալ՝ նշանակում է ընդունել, որ հեռուստաընկերության հարցը լուծվում է ոչ թե իրավական դաշտում՝ օրենսդրորեն, այլ քաղաքական՝ նախագահի միջամտությամբ. «Մենք կարծում ենք, որ այս առումով նախագահի հետ քննարկելու բան չունենք»։ Մյուս կողմից՝ «Անշուշտ տգեղ կլինի մերժել հրավերը։ Այդ պատճառով դեռ մտածում ենք»։ Ուրբաթ օրվա հանրահավաքին էլ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» ներկայացուցիչները կմասնակցեն միայն որպես լրագրող. «Մենք հարգում ենք լրագրողի մասնագիտությունն ու կոչումը։ Մեր առաքելությունը չէ քաղաքական պայքարի մեջ մտնելը։ Մենք լրագրողներ ենք ու մեր պայքարը միայն մեր՝ անաչառ լուրեր մատուցելու իրավունքները վերականգնելուն է ուղղված»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930