Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՍԵԼԻՔ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ

Ապրիլ 06,2002 00:00

ՉԱՍԵԼԻՔ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ Կոտայքի մարզի (նախկինում՝ Նաիրիի շրջան) Զորավան գյուղի խնդիրները մյուսների ունեցածից երկուսով ավելի են։ Գյուղապետ Շահեն Թովմասյանի ներկայացմամբ, բացի այն, որ «գյուղացիներն անապահով են (անջրդի հողերի, պարարտանյութ գնելու հնարավորություն չունենալու պատճառով), այսօր անվերահսկելի է դարձել գյուղի տարածքում գտնվող, Զորավանի թաղամասերից մեկը համարվող, նախկինում լքված, այժմ վերաբնակեցված Դովրի գյուղը, նաեւ գյուղի տարածքում գտնվող մասնավոր անասնապահական համալիրի տնօրինությունն է շահագործում այնտեղ աշխատող գյուղացիներին»։ Սակայն մինչ այդ՝ գյուղապետը հայտնեց, որ ոռոգման ցանց ստեղծելու համար արդեն ահագին գործ է արվել. «Մոտ 600 հեկտար տարածք դարձրել ենք ջրովի։ Այս տարի պետք է տեսնենք՝ վերջապես, հնարավո՞ր է ջրովի դարձնել այդ տարածքները։ Աշխատանքները կատարվել են գյուղապետարանի հաշվին, բայց չի կարելի ասել, թե վարձավճարների գանձումը շատ հաջող է ընթանում։ Գույքահարկը հավաքել ենք 75%-ով։ Ամենացածրը եղել է հողի հարկը՝ 26%։ Դա ինչի՞ց է գալիս։ Ես մի առիթով ասել եմ՝ գյուղացիների 40%-ը գյուղում չէ։ Մնացած 60%-ի 30-ն էլ չի ցանում հողը՝ հնարավորություն չունենալու պատճառով։ Մնաց եւս 30%, որի կեսն էլ գումարը տալիս է, մյուս կեսը՝ ոչ։ Այս տարի այդպես չեմ անելու, որոշակի միջոցներ եմ կիրառելու դրա դեմ»։ Պրն Թովմասյանը նշեց գյուղի այսօրվա գլխավոր խնդիրը՝ քանդված, լքված, ապա մի 10 տարի առաջ իրենց հին տներին վերադարձածներով ու ապօրինի կառուցված տներում ապրողներով բնակեցված Դովրի գյուղը, որն այսօր «անկախության» է ձգտում՝ հայտնվել է «ապստամբի» կարգավիճակում։ «Ժամանակին շրջգործկոմը հաստատել է հողի պետական ակտ, տվել նրանց, բայց կառավարությունը չի հաստատել այն։ Հետեւաբար, այդ փաստաթուղթն ուժի մեջ չէ։ Դովրին Զորավանի հաշվեկշռում է գտնվում։ Դա չափագրել եւ հաստատել է Կադաստրի պետական կոմիտեն։ Ուղղակի այս ամենը հնարավոր չէ դովրեցիներին բացատրել եւ նրանք հարկեր չեն տալիս ու ասում են՝ մեր գյուղի հետ գործ չունեք։ Այս մարդկանց հետ ոչ մի կերպ հնարավոր չէ բանակցել։ Գյուղացիներով խմբվում են, պայմանավորվում, որ ոչ մի զիջման չգնան։ Նպատակ ունեն վերականգնել իրենց գյուղը՝ իրենց դպրոցով, մանկապարտեզով։ Դրա համար էլ հարկեր չեն տալիս»,- պատմեց գյուղապետը՝ ավելացնելով, որ դովրեցիների հողերն անգամ չափված չեն։ Դրանք հիմնականում տնամերձեր են. «Մարդը 100 շուն ունի, չես էլ կարող մոտենաս»։ Հարկերի հավաքագրման գործում թերանալու համար նույնիսկ 2 անգամ «ակտ են գրել»։ Ուստի Շահեն Թովմասյանին ոչինչ չի մնացել, քան դատախազություն, դատարան դիմելը։ Որտեղ էլ ցույց են տվել մեկմեկու հասցեները, ավելացնելով, որ գյուղապետը պետք է օգտագործի իր բոլոր լիազորությունները։ Սակայն երբ մարդիկ բացահայտ ընդդիմանում են այդ «լիազորություններին», իսկ պետական մարմինները մի կողմ քաշվում, գյուղապետն ի՞նչ պետք է անի։ Զորք հավաքի, հարձակվի դովրեցիների վրա՞։ Պրն Թովմասյանը խնդրի լուծման ակնկալիքով մեկ անգամ եւս հարց է բարձրացնում. «Ինձ համար միեւնույն է, Դովրին կդառնա առանձին գյո՞ւղ, թե՞ կմնա Զորավանի հաշվեկշռում։ Ինձ պետք է, որ ամեն ինչ օրինական լինի։ Կամ հանվի մեր բալանսից, կամ ապահովվի հարկահավաքության ընթացքը»։ Մյուս խնդիրը անասնապահական համալիրի տնօրինության պահվածքն է. «Այս ընկերությունը ժամանակին ոչ հարկերն է տալիս, ոչ տուրքերը, մոտ 1200 հա պահուստային հող ունենք, 1 սմ էլ չեն վերցնում, իսկ ընդհանրապես, գյուղին ոչ մի կոպեկի օգուտ չեն տալիս»։ Նկատենք՝ պարտավոր էլ չեն։ Բայց իրավունք էլ չունեն գյուղացիների, թեկուզ իրենց աշխատողների հետ վարվել այնպես, ինչպես ներկայացնում է գյուղապետը. «Բաներ կան, որ չեն ասվում, բայց ես կասեմ։ Արոտավայրերի վարձավճարը չմուծելու պատճառով ընդհարում ունեցանք այս ընկերության հետ։ Մինչ այդ, գյուղացիներին անվճար 200 կգ գարի էին տալիս, աշնանը 300 կգ հետ ստանալու պայմանով։ Նույն սկզբունքով՝ նաեւ պարարտանյութ։ Մեր ընդհարումից հետո այդ մարդիկ գնացել էին գարի ուզելու՝ չէին տվել։ Մի 20 հոգի է այնտեղ աշխատում։ Բայց մեխանիզատոր, բանվոր, թե շինարար, օրական 500 դրամ են տալիս։ Դա էլ չեն ստանում։ Բերում հաց են տալիս տեղը։ Կամ մի հատ անասուն է սատկում՝ պարտադրում են, թե դրա մսից պիտի վերցնես։ Աշխատավարձի դիմաց վերցնում են, մի բան էլ պարտք մնալով՝ գալիս։ Իսկ Նոր տարուն խոզի միսը, որ լիքն էր ամբողջ Հայաստանում 900 դրամով, ինչ է՝ աշխատողները փող չունեին, 1200 դրամով տվեց աշխատավարձի դիմաց»։ Ըստ գյուղապետի, այս ընկերությունը, իր աշխատողներին շահագործելուց բացի, անպարտաճանաչ է նաեւ հարկերի վճարման հարցում։ Համալիրի տնօրեն Սպարտակ Մելիքյանն անպատասխան թողեց «Առավոտի»՝ պարզաբանումներ ստանալու նպատակով հեռախոսազանգերը։ Ինչը, հակված ենք կարծել, որ ավելի շատ կապված է տեխնիկական խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, «Առավոտը» պատրաստակամ է տպագրել նաեւ նրա մեկնաբանություններն այս իրողությունների վերաբերյալ։ Իսկ գյուղապետի բարձրացրած խնդիրները, հուսով ենք, կարժանանան պետական մարմինների գործուն արձագանքին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930