Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք աշխատում ինչ-որ մի իշխանության համար»

Հունիս 01,2002 00:00

«Մենք չենք աշխատում ինչ-որ մի իշխանության համար» Ասում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Պարոն Օսկանյանը երեկ ասուլիսում փորձեց ամփոփել «Հայաստան- Սփյուռք» 2-րդ վեհաժողովի արդյունքները։ Ավելի հետաքրքիր կլիներ, եթե ամփոփումն աներ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարությունը, զեկուցելով, թե մեր սփյուռքահայ բարեկամները արտադրության որ ճյուղում որքան ներդրում են կատարել (կամ խոստում տվել), դրանից բխող բոլոր դրական սպասելիքներով։ Ցավոք, դա չի լինի, քանի որ «գաղափարական» կամ «բարոյական» ներդրումների հայկական սովորությունից դեռեւս ձեռք չենք քաշել։ Լրագրողներից մեկի հարցը՝ ի՞նչն է պատճառը, որ խորհրդաժողովի առանձնացված ծրագրերը բացառապես գիտակրթական ծրագրեր են եւ չկան լուրջ տնտեսական ծրագրեր, որոնցում Հայաստանը եւ Սփյուռքը կարող էին միասնաբար հանդես գալ, նախարարին հետաքրքրական թվաց. «Դրա պատասխանը հետեւյալն է. 2500 հոգով բիզնես անելը մի քիչ դժվար կլինի։ Տնտեսությունն այսօր մասնավոր ոլորտի վերաբերող խնդիր է։ Կարծում եմ, տնտեսական ոլորտը այս խորհրդաժողովի ամենաարդյունավետ ոլորտն է»։ Նախարարը հիշատակեց այդ օրերին հայկական ապրանքների ցուցահանդեսները։ Լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի «Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված հնարավո՞ր է քաղաքական ուժերի տեղադրման անհրաժեշտություն զգացվի» հարցին ի պատասխան Վարդան Օսկանյանն ասաց. «Այդ թեման հաճախ տարբեր ժամանակներում ի հայտ է գալիս։ Այսօրվա դրությամբ քաղաքական գործընթացն այնքան առաջ չի գնացել, որ մենք արդեն սկսենք խոսել խաղաղապահ ուժերի մասին, այնպես որ դեռ վաղ է նման քննարկումներ անցկացնելը»։ Արտագաղթի թեման եւս խորհրդաժողովում քննարկվել է, եւ այս մասին պրն Օսկանյանն ասաց. «Մեզ համար ցավ է ուղղակի, երբ որեւէ հայ իր երեսն է թեքում Հայաստանից: Մենք դա կորուստ ենք համարում։ Մենք չենք աշխատում ինչ-որ մի իշխանության համար, աշխատում ենք Հայաստանի, հայ ժողովրդի համար»։ Ռեյկյավիկում տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպումից հետո (Հայաստան-Թուրքիա- Ադրբեջան) կողմերը հանդես եկան հայտարարությամբ՝ հնարավոր առաջիկա հանդիպման մասին։ Թուրքական մամուլը ենթադրություն էր արել, թե այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, Ստամբուլում։ Վ. Օսկանյանը անհնարին չհամարեց այս ենթադրությունը. «Իրոք, երբ նայում ենք Ռեյկյավիկից հետո, առաջին հնարավոր բազմակողմ հանդիպումը Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովն է Ստամբուլում, որը տեղի պիտի ունենա ամսի 25-ին, այնպես որ, կարելի է եզրակացնել, որ հանդիպումն այնտեղ տեղի կունենա, բայց դեռեւս մեր երեքի միջեւ լրացուցիչ կամք չի հաստատվել, վերհաստատելու համար այդ հանդիպման իրողությունը»։ Իսկ հայ-թուրքական հասարակական շփումներին ԱԳ նախարարը կողմ է եւ դրական կարծիք հայտնեց, ասելով՝ ինչքան շատ լինեն այդ շփումները, այնքան դա կլինի երկու ժողովուրդների օգուտը։ Առանց Ղարաբաղի համաձայնության եւ մասնակցության Հայաստանի իշխանությունները չեն տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հայտնեց 2-րդ խորհրդաժողովի ընթացքում, իսկ երեկ Վարդան Օսկանյանը կրկնեց նույնը եւ հավելեց. «Որքան շուտ լինի Ղարաբաղի մասնակցությունը եւ երկխոսությունը Ադրբեջանի հետ, այնքան շատ դրական լիցք կհաղորդվի գործընթացներին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930