Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒԲԵՆԻՉԸ

Հունիս 22,2002 00:00

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒԲԵՆԻՉԸ «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ոմանք իրար անցել։ Ես չէի ուզի, որ այդ իրար անցնողների հետ պատահեր, բայց թող մի պահ պատկերացնեն, թե իրենց ծնողների հետ է եղել նման ողբերգություն կամ իրենց եղբոր հետ։ Թող մի պահ պատկերացնեն եւ ավելի զուսպ լինեն իրենց դրսեւորումների մեջ»։ «Դեմոկրատիան, իհարկե, տարօրինակ է։ Դրա համար էր Չերչիլն ասել՝ դեմոկրատիան մի բան չի, ճիշտն ասած, բայց դրանից լավը ոչ ոք չի հնարել։ Դրա համար էլ Սահմանադրությունը, ինչ խոսք, կատարելագործման կարիք ունի։ Իմ կարծիքով, խայտառակություն է տեղական ինքնակառավարման գլուխը ծայրից ծայր, որտեղ մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ բան է մարզը՝ առանց բյուջե։ Երեւի սա նորամուծությո՞ւն է։ Ֆանտաստիկա է սա։ Իմիջիայլոց, հայերը շատ հետաքրքիր ներդրում ունեն համաշխարհային իրավաբանության մտքի պատմության մեջ։ Օրինակ, մի նոր պատժի տեսակ են հորինել, որ մարդկությանը հայտնի չէ. մարդուն դատապարտում են մահապատժի եւ 9 տարի չեն սպանում։ Չեն էլ ասում՝ ցմահ։ Էդ ի՞նչ վիճակ է։ Էդ ներդրումներից մեկն էլ սա է՝ առանց դատավճռի ԱԺ-ն ցրելը կամ, օրինակ, Հայաստանում մեր հայրենակիցները փախստական են։ 400 տարի եկվորները (պլեբեյները) պայքարում էին Հին Հռոմում պատրիկների դեմ, որպեսզի քաղաքացիություն ձեռք բերեն։ Հիման 10 տարի մեր հայրենակիցները պայքարում են մեր դեմ, որ քաղաքացիություն ձեռք չբերեն»։ *** «Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն, ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ ՀՀ նախագահն է իշխանության տերը, ոչ էլ՝ ԱԺ-ն։ Նախագահը ժողովրդից ստացած մի մանդատի կրողն է, ԱԺ-ն՝ մյուս մանդատի։ Գործող Սահմանադրության մեջ նախագահն իրավունք ունի խորհրդակցել վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, փակել Ազգային ժողովը։ Այդ խորհրդակցելը պարզապես ծիծաղելի է, էն իմաստով, որ ուզում են իմանալ՝ մեկը մեռնելուց առաջ քրտնա՞ծ է եղել, թե՞ չէ։ Նորմալ պայմաններում ե՞րբ նախագահը կուզի արձակել ԱԺ-ն։ Այն դեպքում, երբ նախագահն անկեղծ համոզված է, որ իր մանդատը արտահայտում է ժողովրդի կամքը։ Բայց, քանի որ ինքն էլ է մանդատի կրող, ինչպես Ազգային ժողովը, ուրեմն մենք պարզ սահմանել ենք, որ եթե ցանկացած պահին հանրապետության նախագահը ցանկանա ազատ արձակել ԱԺ-ն, ազատ է արձակելու, բայց ԱԺ-ի ընտրությունների հետ միասին, միաժամանակ, անցկացվելու են նաեւ նախագահական ընտրություններ։ Այո, ԱԺ-ն արձակելով՝ հանրապետության նախագահը ինքն էլ ազատ է արձակվում, որովհետեւ երկու դեպքում էլ պետք է դիմել իշխանության տիրոջը՝ ժողովրդին։ Երկուսն էլ այդ ընթացքում շարունակում են իրենց պարտականությունների, լիազորությունների կատարումը մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը։ Նախագահության վերջին տարում հանրապետության նախագահին զրկում ենք ինքնասպանություն կատարելու հնարավորությունից, որովհետեւ վերջին տարում նա կարող է մտածել՝ ինքը գնում է, միեւնույն է, այլեւս չի ընտրվելու, ուրեմն՝ մի վնաս տա հանրապետությանը։ Սրան կարելի է պայմանականորեն ասել՝ ինքնասպանության մակարդակ։ Ուզո՞ւմ ես սպանել հակառակորդիդ, ինքնասպանություն գործիր»։ *** «Ես «27»-ից հետո ԱԺ պատգամավորներին էլ եմ ասել՝ էն մարդիկ, ովքեր 27-ին պառկել էին եւ հետո չեն կարողացել վրեժը լուծել, մինչեւ հիմա այդպես պառկած էլ մնացել են։ Իրենց թվում է, թե քայլում են։ Իրենք հոգեպես պառկած են։ «Պապլավոկում» գտնվողները, ովքեր շարունակում են խմբակային լռել, դադարել են մարդ լինելուց, դրանց թոռներն էլ պիտի ամաչեն, որ այդպիսի պապիկներ ունեն։ Այ, թող էդ «Պապլավոկի» ժողովուրդը փորձի հայելու մեջ նայել, կտեսնի, որ ինքը չի երեւում, մարդ չի։ Այդպես հանձնվում եք, հա՞, հանձնվում եք, ո՞ւմ, մի մարդու, որը մարդասպանությունը անվանում է՝ քաշքշուկի ժամանակ մարդ է մահացե՞լ։ Բա չե՞ք մեկուսացնում էդ մարդուն հասարակությունից։ Հանգիստ թողեք պաշտոնանկությունը, նրան պետք է մեկուսացնել ոչ միայն այն բանի համար, որ ասում է՝ ի՞նչ ենք արել որ, առաջին անգամ մարդ ենք սպանել, այլ հենց նրա համար, որ մարդկության ամենածանրագույն հանցագործությունը՝ մարդասպանությունը, գնահատում է որպես քաշքշուկի ժամանակ դեպք»։ *** «Մահապատժի վերացման կողմնակիցներն այս եւ նմանօրինակ հարցերի վերաբերյալ իրավունքի պահանջներին եւ տրամաբանությանը համապատասխանող համոզեցուցիչ պատասխաններ չունեն։ Նրանց հղումը մարդկային կյանքի բացարձակ արժեքին ինքնին ճիշտ է, սակայն դա, ըստ էության, փաստարկ է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն մահապատժի, քանի որ բացարձակ արժեքավոր է նաեւ զոհի (սպանվածի) կյանքը։ Դիտավորյալ ծանր սպանության համար մահապատժի՝ որպես պատժատեսակի, իրավաբանական բնույթն անտեսվում է, երբ վկայակոչելով կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի բնական իրավունքը, ընդհանրապես բացառվում է սպանության համար մահապատիժ սահմանելու հասարակության իրավունքը։ Սակայն նման հղումներն այստեղ որեւէ բան չեն փոխում, յուրաքանչյուրը (ներառյալ՝ նաեւ զոհը եւ ոչ միայն մարդասպանը) բնական իրավունք ունեն հենց իրենց՝ ոչ թե ուրիշի կյանքի նկատմամբ»։ Էջը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Դժվար է Վլադիմիր Նազարյանի մասին ցավակցական խոսք ասել։ Նա կյանքինն էր, եւ իրենը կյանքն էր։ Մնացյալը լռություն է։ Պարզապես տպագրում ենք տարբեր տարիների մեր թերթին տված նրա հարցազրույցներից հատվածներ եւ լուսանկարներ։ Աշխարհից պակասեց բարի եւ տաղանդավոր մարդը ու դրանից աշխարհն ավելի որբացավ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել