Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՊՆ-ՈՒՄ

Հուլիս 03,2002 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՊՆ-ՈՒՄ Որտե՞ղ է ոճրագործությունից հետո պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած իրադարձությունները պատկերող տեսաերիզը «Առավոտն» իր վերջին հրապարակումներից մեկում կանխատեսել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի համատեքստում նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, իսկ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի շուրջ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Ալ. Հարությունյանը, որ «27»-ից երկու-երեք ամիս հետո կալանավորվել էր ու մեղադրվել ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունենալու, ոճրագործությունը դրդելու մեջ, մի քանի ամսվա կալանքից հետո՝ 2000-ի հունիսի 2-ին, ազատ էր արձակվել: Նրա մասով հարուցված քրգործը կարճվել ու քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվել էր հանցակազմի բացակայության պատճառով: Գերիշխող տեսակետներն այդ փաստի առնչությամբ այն են, որ իրականում Ալ.Հարությունյանի ազատ արձակումը պայմանավորված է եղել 2000-ի մայիսի 2-ից հետո ներիշխանական վերադասավորումներով. ասել է թե՝ իրավիճակի փոփոխությամբ: Սակայն վերջինիս ու «27»-ի առնչության մասին հասարակությանը վերջին շրջանում հիշեցրեց գործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը, երբ դատարանում միջնորդեց փնտրել եւ ձեռք բերել այն տեսաերիզը, որը փաստում է 99-ի հոկտեմբերի 30-ին ՊՆ-ում եղած ժամանակ Ալ.Հարությունյանի՝ «27»-ի առնչությամբ ՀՀ նախագահին ուղղած մեղադրանքների մասին: Փաստաբանի, ինչպես այդ, այնպես էլ՝ հիշյալ միջադեպին ականատես Արտակ Զեյնալյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը դատարանը ժամանակավրեպ էր համարել: Երեկ պրն Զեյնալյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ լրատվամիջոցներին ներկայացնելու այն, ինչ ինքը տեսել եւ լսել էր 99-ի հոկտեմբերի 30-ին՝ ՊՆ-ում: «Հոկտեմբերի 30-ի գիշերը գտնվել եմ ՀՀ ՊՆ-ում՝ պաշտպանության նախարարի աշխատասենյակին հարող սենյակներից մեկում, երբ եկավ այն ժամանակ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալ.Հարությունյանը՝ այդ օրվան խիստ անհամարժեք տրամադրությամբ եւ էյֆորիկ, ըստ երեւույթին՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, թանկարժեք սիգարով: Այդ պահին ինձ հետ սենյակում էին գտնվում Արամ Սարգսյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ այլք»: Հիշեցնենք, որ այդ օրերին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի զինակիցներն ու բանակի հրամկազմը, նաեւ՝ ԵԿՄ-ն ու կառավարության մի շարք անդամներ Ռ.Քոչարյանից պահանջում էին պաշտոններից ազատել ՆԳ, ԱԱ նախարարներին ու գլխավոր դատախազին, եւ այդ խնդրով բանակցություններ էին ընթանում, որոնք վարվում էին Ալ.Հարությունյանի միջոցով: Ա.Զեյնալյանի հավաստմամբ, նա՝ հիշյալ սենյակ մտնելով, սարսափելի հայհոյանքներ էր տեղացել Ռ.Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին՝ ասելով, որ նա մարդասպան է, հանցագործ: Ալ.Հարությունյանը նաեւ ասել էր, որ իր կինը հղի է, որ իրեն ինչ ուզում են՝ անեն, բայց իր ընտանիքին ձեռք չտան, որ Զեյթուն գնալ պետք չէ (Զեյթունում եղել է նրա տունը) եւ այլն: Ավելի ուշ, Ա.Զեյնալյանը տեսել է, թե ինչպես մեկ այլ սենյակում Ալ.Հարությունյանի եւ ինչ-որ մեկի զրույցը «Զինուժ»-ի օպերատորներից մեկը տեսախցիկն ուսին դրած նկարահանում է: Պրն Զեյնալյանն ասաց, թե ինքը մի քանի րոպե նայել է նաեւ մի տեսաերիզ, որտեղ միայն ոտքեր են նկարահանված եղել եւ խոսակցություն է եղել: Նա ենթադրեց, որ այդ զրույցը նկարահանվել է փաստորեն երկու տեսախցիկով: Թե ում հետ է զրուցել այդ պահին Ալ.Հարությունյանը, ինչ է ասել, ով կարող է ունենալ այդ տեսագրությունը եւ այլն, պրն Զեյնալյանը չկարողացավ ասել: Պատմեց միայն, որ Ալ.Հարությունյանին այդ օրը հարբած վիճակում էլի շատերն են տեսել: Նրա ասելով՝ այդ միջադեպին, Ալ.Հարությունյանի հայտարարությանն ու տեսագրության գոյությանը տեղյակ է եղել նաեւ զինդատախազ Գ.Ջհանգիրյանը, որն այդ պահին եղել է ՊՆ-ում՝ նախարարի մոտ: Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է պատահել, որ այդ տեսագրությունն այսօր չկա մասնավորապես գործի նյութերում, կամ ինչո՞ւ այդ մասով որեւէ հարցաքննություն չի եղել, պրն Զեյնալյանը դժվարացավ պատասխանել: Միայն ասաց, թե ժամանակին դրա մասին տեղյակ է պահվել նաեւ երկրի նախագահին, ու հուշեց, որ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանից հնարավոր է դա ճշտել: Ճշտեցինք: Արամ Սարգսյանը հաստատեց Ա.Զեյնալյանի պատմածը եւ ավելացրեց մասնավորապես հետեւյալը. «Ռ.Քոչարյանի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաեւ այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ես նրան պատմեցի այդ միջադեպի, Ալ.Հարությունյանի հայտարարությունների, պահվածքի մասին: Նրանք երկուսն էլ համարժեքորեն հիշեցին նրա ծնողներին ու հարազատներին եւ ասացին, որ նա միշտ էլ անողնաշար ու վախկոտ է եղել, ու պետք չէ նրա հայտարարությունները լուրջ ընդունել: Էլի մի անգամ այդ թեմայով զրուցել ենք նախագահի հետ, եւ ես կարծիք եմ հայտնել, որ նման մարդուն չի կարելի պահել այդ պաշտոնում, եւ առաջարկել եմ պաշտոնից ազատել Ալ.Հարությունյանին: Ի դեպ, դրան համամիտ էր նաեւ Սերժ Սարգսյանը: Ավելին, ԱԱ նախարարը նաեւ պատմեց, որ «27»-ի գիշերը, ժամը 4-ին Ալ.Հարությունյանը զանգել է իրեն եւ ասել, թե ինքը գնդացիր է բարձրացրել նախագահական շենքի տանիքը, եւ ով մոտենա՝ ինքը նրա վրա կրակելու է եւ այլն»: Ա.Սարգսյանը նաեւ հավելեց, թե միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի աշխատասենյակին կից հյուրասենյակում՝ այլոց, այդ թվում՝ Զինդատախազության աշխատակիցների ներկայությամբ: Վերջիններս, նախկին վարչապետի պնդմամբ, մտել են նախարարի աշխատասենյակ, որտեղ հրամկազմի եւ զինդատախազ Գ.Ջհանգիրյանի մասնակցությամբ խորհրդակցություն է ընթացել, եւ այդ մասին վերջիններիս տեղյակ են պահել: «Խորհրդակցությունից հետո Ալ.Հարությունյանին ուղեկցեցին Վ.Հարությունյանի առանձնասենյակ, որտեղ վերջիններս արդեն մենակ զրուցել են: Հետո ինձ պատմեցին, որ ավելի ուշ Ալիկ Հարությունյանին տարել են փոխնախարար Ա.Պետրոսյանի սենյակ, որտեղ նրա հետ զրուցել են ու, ասում են, թե տեսագրել են: Ես անձամբ այդ տեսագրությունը չեմ տեսել եւ չեմ կարող ասել, թե ում մոտ է պահվում, թեեւ ունեմ ենթադրություններ»,- ասաց Ա.Սարգսյանը: Աղմուկ բարձրացրած այդ տեսաերիզի գոյությունն ապացուցելու կամ հերքելու, տեսագրությունն ի հայտ բերելու, գործին կցելու պարտականությունը Ա.Սարգսյանը պետության ու արդարադատության խնդիրը համարեց՝ մատնանշելով, որ դա Ռ.Քոչարյանի՝ որպես Արդարադատության խորհրդի, նաեւ՝ երկրի նախագահի խնդիրն է: «Մենք ասում ենք, որ կա նման տեսաերիզ. թող ինքը ման գա ու գտնի: Կա մարդ, որը մամուլում հայտարարել է, որ այդ տեսաերիզում միայն ոտքեր ու կոշիկներ են երեւում: Ուրեմն այդ մարդը՝ Ալ.Հարությունյանը, տեսել է այդ տեսաերիզը, որ ասում է: Հենց նրանից էլ թող ճշտեն՝ որտեղ է տեսել ձայնագրությունն, ու գտնեն: Կա պետություն, կա դատարան, նախաքննական մարմին. թող կանչեն, հարցնեն, փնտրեն ու գտնեն այդ տեսագրությունը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ իմիջիայլոց նշելով, թե «Իրավունքին» տված հարցազրույցում այդ մասով արած հայտարարությունը Ալ.Հարությունյանի գործած սխալներից մեկն է եղել: Ամփոփելով ՊՆ-ում Ալ.Հարությունյանի հրապարակային ելույթի մասին այս պատմությունը, պետք է նաեւ նկատել, որ առաջիկայում դեռ կգտնվեն նոր վկաներ, ովքեր կհավելեն Ա.Զեյնալյանի եւ Ա.Սարգսյանի վկայությունները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել