Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՑՆԵՐԻ»

Հուլիս 27,2002 00:00

ԸՆԴԴԵՄ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՑՆԵՐԻ» Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիեւի, պատրաստվում են հերթական հանդիպմանը, հուլիսի 15-ից 19-ը Սեւանի «Մոթել» հյուրանոցում հանդիպեցին երկու երկրների ընդդիմության ներկայացուցիչները: ՀՀՇ նախընտրական շտաբի պետ Դավիթ Շահնազարյանի գլխավորած Իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների «Համաձայնություն» կենտրոնը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր միջազգային սեմինար՝ «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության խնդիրներ եւ հակամարտություններ» թեմայով: Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանից եւ Ադրբեջանից սեմինարին մասնակցում էին հիմնականում ընդդիմադիր գործիչներն ու քաղաքագետները, այն դեպքում, երբ վրացական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան: Իհարկե, ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից, հրավիրատոմսեր էին ուղարկվել Հայաստանի Ազգային ժողովին ու ԱԳՆ-ին, սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, մեր իշխանական կառույցներից որեւէ մեկը չէր բարեհաճել մասնակցել սեմինարին: Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը չէր թաքցնում վիրավորանքը Հայաստանի իշխանություններից եւ կարծում էր, որ գոնե իր գործընկերները չորս օրվա ընթացքում թեկուզ քաղաքավարական այց կկատարեին: Ընդ որում, պրն Կոլբայան Հայաստան գալուց մի քանի օր առաջ Ստրասբուրգում հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանին եւ նրան հատուկ տեղեկացրել էր, որ հուլիսի 15-ից 19-ը լինելու է Սեւանում: Ինչեւէ: Այդ չորս օրերի ընթացքում հնչած տեսակետներն ու մոտեցումները բազմիցս են արտահայտվել թե հայկական, թե ադրբեջանական մամուլում: Համենայնդեպս, սեմինարին մասնակցող հայկական պատվիրակության անդամները առավելապես ՀՀՇ անդամներ էին, որոնց դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության համակարգերի վերաբերյալ բոլորին է հայտնի՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն փուլային տարբերակով, փաթեթային տարբերակ չի եղել ու չի կարող լինել, եւ հրապարակ է նետվել Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ հակամարտության կարգավորումը հնարավորինս երկարաձգելու ճանապարհով իր իշխանությունը պահպանելու համար: Ինչ վերաբերում է անվտանգության համակարգերին, ապա ՀՀՇ-ն գտնում է, որ Հայաստանը պետք է անդամակցի այն կազմակերպություններին, որոնցում գտնվում են Վրաստանն ու Ադրբեջանը: Գրեթե նույն մոտեցումներն ունեին նաեւ ադրբեջանցիները. Հեյդար Ալիեւը նույնպես իշխանությունը պահպանելու խնդիր ունի եւ այդ նպատակով օգտագործում է ղարաբաղյան հակամարտության երկարաձգումը: Ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը, Ալիեւը ներքաղաքական կյանքում ընդդիմության հետ պայքարում օգտագործում է գրեթե նույն մեթոդները, Ադրբեջանում նույնպես ծաղկում է կլանային համակարգը, եւ ինչպես նշեց ադրբեջանցիներից մեկը, նավթային բիզնեսից ստացվող եկամուտների միայն 1 տոկոսն է մտնում բյուջե, մնացածը հոսում է Հեյդար Ալիեւի ընտանեկան գանձարան: Սակայն սեմինարին մասնակցող Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ կար մեկ տարբերություն: Քանի որ սեմինարին մասնակցողները հիմնականում հհշականներ էին, որոնք հրապարակավ քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, քննարկումների ժամանակ առանձնապես բարդույթներ չունեին, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների մասին: Թեեւ սեմինարին մասնակցողների մեծ մասը Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների համբավ ունի, սակայն, տպավորություն էր ստացվում, որ նրանք այնքան էլ ընդդիմադիր չէին, քանի որ հաճախ արտահայտում էին իշխանական դիրքորոշումից չտարբերվող կարծիքներ: Ավելին՝ օգտագործում էին քարոզչական այնպիսի ծեծված արտահայտություններ, ինչպիսիք են, ասենք, «20 տոկոս գրավյալ տարածքների» կամ «1 մլն փախստականների» մասին մեղադրանքները, որոնք ադրբեջանական իշխանությունները ավելի քան յոթ տարի հնչեցնում են տարբեր միջազգային ամբիոններից: Ընդ որում, այդ մեղադրանքները հաճախ անձնական բնույթ էին ստանում՝ ուղղված սեմինարի այս կամ այն հայ մասնակցի դեմ: Եվ ադրբեջանական պատվիրակության ամենամարտական տրամադրված անդամ Արիֆ Յունոսովը (ի դեպ, նրա մայրը հայ է) դադարեցրեց պրովոկացիոն հայտարարություններ անել միայն այն բանից հետո, երբ Արա Սահակյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ ի տարբերություն ադրբեջանական գործընկերների, սեմինարի հայ մասնակիցները իշխանություններին հաշվետու լինելու խնդիր չունեն: Ինչեւէ: Այնուամենայնիվ, սեմինարը ընթացավ աշխույժ քննարկումների մթնոլորտում, որի ընթացքում բավական հետաքրքիր ձեւակերպումներ հնչեցին: Օրինակ՝ ադրբաջանցի գործիչներին շատ դուր էր եկել Աղասի Ենոքյանի այն արտահայտությունը, որ Հայաստանի հասարակությունը «արդեն համակերպվել է շրջափակման իրավիճակի հետ»: Խոսքը ոչ միայն հաղորդակցության ուղիների շրջափակման, այլ Հայաստանի ինքնամեկուսացման՝ շարունակաբար տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու մասին էր: Իսկ ադրբեջանցիներն, իրենց խոսքերով, կարող են օգնել Հայաստանին դուրս գալ այդ վիճակից, այսինքն՝ բացել երկաթուղային ճանապարհները եւ հնարավորություն տալ մասնակցել տնտեսական գլոբալ ծրագրերին՝ ազատագրված տարածքների վերադարձման դիմաց: Բնականաբար, երկու կողմերն էլ ընդունում են, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործում են իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար: Իսկ, օրինակ, Տիգրան Հակոբյանի կարծիքով, անցել են այն ժամանակները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ կիրառվում էին ազդեցության, այսպես ասած, քաղաքակիրթ լծակներ եւ այսօր «մեզ պարզապես քաշքշում են, եւ մեր՝ այլեւս դիմադրել չկարողացողի խնդիրը պետք է լինի պարզապես հավասարակշռել մեր «շարժումները»: Պրն Հակոբյանը ըստ էության ուզում էր ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գոնե թույլ չտան, որ գերտերությունները մեզ «անզգույշ քաշքշեն»: Անկախ քննարկումների ընթացքում առկա տարաձայնություններից, հայ եւ ադրբեջանցի գործիչները համամիտ էին այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարաձգելու դեպքում տարածաշրջանում շահագրգիռ երկրները կարող են պարզապես ինչ-որ լուծում պարտադրել եւ, ինչպես ասաց Դավիթ Շահնազարյանը, բացառված չէ, որ առաջիկայում ԱՄՆ-ը պատրաստի հերթական «Դեյթոնյան համաձայնագիրը», որը չի բխելու ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի շահերից: Ինչ վերաբերում է վրացական պատվիրակությանը, ապա նրանք առանձնապես տարաձայնություններ չունեին ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների հետ եւ նրանց շեշտադրումները մեծ մասամբ վերաբերում էին միասնական Հարավային Կովկասի ստեղծման հեռանկարներին: Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան այնքան վիրավորված էր Հայաստանի իշխանություններից, որ սեմինարին մասնակցող ՀՀՇ ներկայացուցիչներին նա դիմում էր «ապագա իշխանություններ» արտահայտությամբ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031