Լրահոս
Օրվա լրահոսը

Վիպասանի տոհմածառը

Օգոստոս 15,2002 00:00

Վիպասանի տոհմածառը Ազատ Թադեւոսյան անունով ազգական Րաֆֆին չունի՞ Վերջերս «Առավոտում» տպագրվել էր պատմաբան Ազատ Թադեւոսյանի հարցազրույցը, որտեղ նա ներկայանում էր որպես Րաֆֆու շառավիղներից մեկը։ Հարցազրույցը տպագրվելուց հետո խմբագրություն եկավ Ռուբեն Օտյանը եւ հայտնեց, որ ինքն է Րաֆֆու հետնորդը։ Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որը հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմն է հիշեցնում, ուր ամեն մեկը փորձում էր ներկայանալ իբրեւ լեյտենանտ Շմիդտի որդի։ Ուստի տպագրում ենք նաեւ Ռուբեն Օտյանի նամակը՝ դարձյալ առանց մեկնաբանության։ Ազատ Թադեւոսյանը, լինելով Րաֆֆու «ազգականը» եւ պատմաբան՝ պարտավոր էր Րաֆֆու տոհմի մասին ունենալ ստույգ տեղեկություններ։ Մինչդեռ նա չի կարդացել «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» հանդեսի «Ընտանիք» հոդվածը (1985, N6, էջ 18) եւ չի ծանոթացել ներկայացված տոհմածառին։ Այնտեղ մեկ առ մեկ նշված են Րաֆֆու եղբայրների եւ քույրերի անունները, որոնք 14-ն են եւ ոչ 10-ը, ինչպես նշում է հեղինակը։ Իմիջիայլոց, տոհմածառում Ալմաստը (որն ընտանիքի 11-րդ զավակն էր) ունեցել է մոտ 100 արյունակից հետնորդներ, որոնց մեջ Ազատ անունով ազգական չկա։ Չբավարարվելով անձնականով, գիտնականն առաջ է քաշում իր պապի վարկածը։ «Պապս «շատ կապված է եղել» Րաֆֆու հետ», «Րաֆֆու անտիպ ձեռագրերից մի կապոց թաղել է դաշտում… ծառի տակ»,- հայտարարում է հեղինակը։ Իհարկե, սա առասպել է։ Ազատ Թադեւոսյանը մոռանում է, որ Րաֆֆին մահացել է 1888թ.՝ խորհրդային կարգերի ստեղծումից տասնյակ տարիներ առաջ, եւ Րաֆֆուն հասակակից պապը, անտիպ գործերը «ծառի տակ թաղելու» հարկ չուներ։ Իրականում, մեծանուն վիպասանի կրտսեր որդու՝ Արշակի կինը, ամուսնու մահից հետո, 1947թ. մեկ արկղ Րաֆֆու ձեռագրերից՝ փաստաթղթեր ու «Սալբի» վեպի «բ» եւ «գ» հատորներն իր ձեռքով հանձնել է Լոնդոնի Սովետական դեսպանատուն՝ առաքելու Հայաստան, սակայն մինչ օրս Հայաստանն այդ ժառանգությունը չի ստացել։ Ըստ Ազատ Թադեւոսյանի, Րաֆֆին ունեցել է 3 արու եւ մեկ իգական սեռին պատկանող զավակներ։ «Վերջինիս ճակատագիրն անհայտ է»,- հայտարարում է Րաֆֆու «հետնորդը»։ Մինչդեռ հանրահայտ է, որ Րաֆֆու աղջիկը՝ Եսթերը, մահացել է 12 տարեկանում, իսկ տղաները երկուսն էին՝ Արամը եւ Արշակը: Նրանց հետնորդները Ամերիկայում չեն: Նրանք ավարտել են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Արշակը մասնակցել է նաեւ Մոսկվայում Լազարյան ճեմարանի դասընթացներին։ Եղբայրները բարձրագույն կրթություն են ստացել Լոնդոնի համալսարանում։ Արշակն ուսումնառությունը Մոսկվայում ավարտելուց հետո 1907թ. նույնպես տեղափոխվում է Լոնդոն։ Արամն իր խմբագրած «Ararat»-ում հրատարակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնցից մի քանիսը վերաբերել են հորը։ Նա Հայաստանի Հանրապետության օրոք՝ 1919-ին նշանակվել է Լոնդոնում Հայաստանի դեսպան։ Ղեկավարել է նաեւ Լոնդոնի հայոց տեղեկատու բյուրոն՝ հիմնված Մանչեսթրի հայ առեւտրականների կողմից։ 1913թ. այցելել է Անդրկովկաս եւ եղել Երեւանում։ Այս ճանապարհորդություններից հետո նա բազում հոդվածներով հանդես է եկել մամուլում։ Արամը վատառողջ էր եւ ամուրի։ Արշակը, եղբոր աշխատանքներում նրան նեցուկ կանգնելուց բացի, դասավանդել է արեւելյան լեզուներ։ Արշակի կինը (մոր կողմից՝ հայուհի) երեխաներ չունեցավ։ Այսպիսով, Րաֆֆու արյունակցական ժառանգները շարունակվել են միայն նրա եղբայր-քույրերի հետնորդներով, որոնք գտնվում են Իրանում, Հայաստանում եւ Ամերիկայում։ Այժմ բերենք ամփոփ տվյալներ իրանահայ գրող Հովիկ Էդգարյանի եւ Արշակի կնոջ՝ Ալեքսանդրայի հարցազրույցից, որ սիրով մեզ է տրամադրել պրոֆեսոր Սոս Սիսակյանը, ստացած 1993թ. «Ալիք» օրաթերթի հաստատությունից։ Արամի մահից հետո մայրը՝ Աննան, ապրում է ընդամենը 6 ամիս։ Նրանց դիակները Արշակը զմռսել է տալիս՝ Հայաստան կամ Թիֆլիս տեղափոխելու հույսով, թաղելու Րաֆֆու գերեզմանի մոտ։ Սակայն քաղաքական վիճակը խառնվում է ու չի հաջողվում այդ մտադրությունն իրագործել։ Արշակի մահից հետո, կինը նրա մարմինը զմռսել է տալիս եւ դնում մոր ու եղբոր կողքին։ Այժմ «Քենզըլ ռայզ» լոնդոնյան գերեզմանատանը, հսկայական հանգստավայրում, մի մեծ մատուռի ներքնահարկում պանթեոնն է, իր բազմաթիվ կամերաներով, նրանց տակ հարյուրավոր մութ նկուղներ՝ զանազան հարկերով։ Րաֆֆու ընտանիքի դագաղները արդեն փտել են խոնավությունից։ Պղնձյա անվանատախտակների վրա անգլերեն փորագրված է. Աննա Մելիք-Հակոբյան. Րաֆֆի Արամ Մելիք-Հակոբյան. Րաֆֆի Արշակ Մելիք-Հակոբյան. Րաֆֆի ՌՈՒԲԵՆ ՕՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031