Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՂՋԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ԶՂՋԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը պատրաստվում է նկարահանվել Գոռ Վարդանյանի հերթական մարտաֆիլմերից մեկում։ Ֆիլմի վերնագիրը նա առայժմ չհայտնեց՝ համարելով ստեղծագործական գաղտնիք։ Ի տարբերություն իր որոշ գործընկերների, նա ոչ մի վատ բան չի տեսնում նման ֆիլմերում նկարահանվելու մեջ։ «Ես այն դերասաններից եմ, որ զղջալ չունեն։ Նույնիսկ խայտառակ եղած կերպարի համար չեմ փոշմանի, քանի որ իմ անձին մոտենում եմ իբրեւ պրոֆեսիոնալի։ Իմ ուսուցիչը՝ Վարդան Աճեմյանը, երբեւէ չի սովորեցրել, թե կարելի է զղջալ, այն էլ բեմում։ Իսկ եթե, ոմանց կարծիքով, իրենց սրտին ոչ այնքան մոտ ֆիլմում նկարվելը սայթաքում է՝ ոչինչ։ Սայթաքելն էլ մարդուն բնորոշ երեւույթ է»։ Ըստ Ռ. Ղեւոնդյանի, վաղուց ժամանակն է, որ Հայաստանն ունենա մի շարք օրենքներ, որոնցից կախված՝ կփոխվի մշակույթի հանդեպ վերաբերմունքը, հովանավորներն էլ կսկսեն այլ աչքով նայել մշակույթին։ Օրինակ, դերասանի կարծիքով, երբ վերջապես ընդունվի հովանավորի մասին օրենք, վերջիններս հաստատ չեն զլանա իրենց եկամուտների մի մասը հատկացնել մշակույթին։ Նա նկատեց, որ ցանկացած արտասահմանյան ֆիլմի յուրաքանչյուր կադրում գովազդ կա։ Գովազդվում է ե՛ւ սիգարետը, ե՛ւ սրճարանը, ե՛ւ մայթի լուսացույցը. նման բաներից փող է կորզվում, որից էլ գոյանում է ֆիլմի բյուջեն։ Ռ. Ղեւոնդյանը գտնում է, որ մեր ռեժիսորներն էլ վերջապես պիտի սովորեն նման մեխանիզմով աշխատել, ոչ թե ձեռքները տնկեն ու պետությունից միջոցներ ակնկալեն։ Բայց դրա համար, ինչպես նշվեց, նախ պետք է հովանավորի մասին կարգին օրենք ունենալ։ Ռ. Ղեւոնդյանը նաեւ «Վարդան Աճեմյան» հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի աջակցությամբ գործում է «Ազատ հարթակ» թատրոնը, որտեղ ընդունում են շնորհալի ստեղծագործողներին։ Եվ եթե վերջիններիս հետ կնքվում են պայմանագրեր, ապա նրանք չպետք է այլ տեղ աշխատեն, իսկ համատեղելու դեպքում պարտավոր են տեղյակ պահել թատրոնին եւ օգուտները կիսել նրա հետ՝ մինչեւ պայմանագրի ավարտը։ Կա նաեւ Պոեզիայի թատրոն, որտեղ հաճախում են տարբեր տարիքի արվեստասերներ, ովքեր պոռթկալու ու լիցքաթափվելու կարիք ունեն։ «55-60 տարեկան մարդիկ էլ կան, բոլորին ժամանակ եւ ուսուցիչներ ենք տրամադրում»,- հավաստիացնում է հիմնադրամի նախագահը։ Ծրագրված է բեմադրել նաեւ «Հիսուսն ու կույրը» գործը։ Իսկ Սունդուկյանի անվան թատրոնում, ուր բեմադրության է պատրաստվում «Մեր բաժին ուրախությունը» պիեսը, դերասանը մարմնավորելու է ֆիդայու ու կարծում է, որ լավ է ստացվելու։ Հրավեր ունի ֆրանսաբնակ քուրդ ռեժիսորից, որը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Ալագյազի փեշերին բնակվող հատուկենտ քուրդ ընտանիքների մասին։ Ռուդոլֆ Ղեւոնդյանը համագործակցում է նաեւ Տիգրան Քեոսայանի հետ. «Տիգրանը նկարում է 5-8 սերիանոց «ցիկլային» ֆիլմեր։ Շուտով կսկսվեն 3-րդ ֆիլմի նկարահանման աշխատանքները»։ Ռ. Ղեւոնդյանը մասնակցում է նաեւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության թատերականացված մասի աշխատանքներին։ Նա խաղալու է Արգիշտի արքայի դերը։ Հավաստիացնում է, որ հոկտեմբերի 12-ին երեւանցիները ականատես կլինեն ճոխ միջոցառման, որի ընթացքում կհնչեն համաշխարհային երաժշտության լավագույն նմուշներ, կլինի դիսկոտեկ, հրավառություն։ Ըստ նրա, պատրաստվում է երկու ներկայացում, որոնցում զբաղված կլինի 40-50 դերասան։ Ռ. Ղեւոնդյանը անդրադարձավ նաեւ բոլոր թատրոններին հուզող մի խնդրի. պակասել է հանդիսատեսը։ Նրա կարծիքով, փոխվել են ժամանակները։ Շատերը հեռացել են Հայաստանից, իսկ նրանց տեղը զբաղեցրել են ուրիշները. «Եկել են հեռավոր գյուղերից, Ղարաբաղից, Բաքվից։ Եկել են մարդիկ, ովքեր սովոր չեն թատրոնի ու արվեստի։ Եկել են միանգամից վիդեոյով ու TV-ով, ունեն փող ծախսելու այլ տեղեր։ Դրա համար էլ ոչ ծափահարել գիտեն, ոչ գնահատել»։ Դերասանի կարծիքով, վաղուց ժամանակն է վերականգնել խորհրդային ժամանակներում ընդունված, ինչ-որ տեղ պարտադիր, բայց գուցե ճիշտ մեթոդը՝ աբոնեմենտներով թատրոն հաճախելու եւ այդ կերպ թատրոնը սիրել տալու ավանդույթը։ Դերասանը հիշեց նաեւ Ղափլանյանի հայտնի հնարքը, որը պարբերաբար կիրառելու շնորհիվ տվել է սպասված արդյունքը (այսօր դրամատիկ թատրոնն ավելի շատ հանդիսատես ունի, քան մյուսները)։ Նա վերհիշեց, թե ինչպես էր Ղափլանյանը տոմսարկղի մոտ միշտ փակցնում «Տոմս չկա» արտահայտությունը, այն դեպքում, երբ դահլիճը համարյա դատարկ էր, ու մարդիկ սովոր էին, որ թատրոն մուտք ունենալու համար հարկավոր էր ծանոթ մեջտեղ գցել։ Սունդուկյանի թատրոնի շուրջ ստեղծված, մեղմ ասած, անբարենպաստ կարծիքի համար Ռ. Ղեւոնդյանն իր պարզաբանումն ունի. «Դա լավ կյանքից չի։ Եթե դերասանը փորձերի ժամանակ բեմում սովից ուշաթափվում է, էլ ի՞նչ թատրոնի մասին կարող է խոսք լինել։ Իսկ այն մարդիկ, ովքեր պետք է թատրոնի մասին մտածեն, մի ժամանակ աթար էին կտրում, հիմա չեն իմանում միլիոնները ոնց տեղավորեն»։ Իսկ ընդհանրապես, նա համոզված է, որ դեռ կլսվի էն դրմփոցը, կլինի պայթյուն ու թատրոնը կընկնի իր ճիշտ գծի վրա։ Եվ նորից կվերականգնի իր բարի անունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30