Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ՋՈՒՐՆ ՈՒՄՆ Է՜, ԷՍ ՁՈՒԿՆ ՈՒՄՆ Է՜

Սեպտեմբեր 10,2002 00:00

ԷՍ ՋՈՒՐՆ ՈՒՄՆ Է՜, ԷՍ ՁՈՒԿՆ ՈՒՄՆ Է՜ «Ձեզ թվում է, դուք այդքան խելո՞ք եք, որ մեր որոշումները դնեք- քննարկեք»,- մեր հանդիպման ժամանակ զայրացավ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը։ Բայց մասնագիտությամբ ոչ էկոլոգ լրագրողիս «փոխնախարարական խելք» պետք չէր քննարկելու համար մի հարց. ինչո՞ւ 1987 թվականին հիմնավոր պատճառներով արգելոցի կարգավիճակ տվեցին մի տարածքի, որին ընդամենը 3 տարի անց, նույնքան «հիմնավոր» պատճառներով, որոշեցին զրկել այդ կարգավիճակից։ Խոսքը վերաբերում է «Սեւ լիճ» արգելոցին, որն իր արգելավայր դառնալու «վարչապետական վավերագիրը» ստացել է 2001թ. հոկտեմբերին՝ կառավարության թիվ 976 որոշմամբ։ Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց քաղցրահամ ջրի հարուստ պաշարով (շուրջ 9 մլն խմ) ավազանում ազատ տնտեսական գործունեություն ծավալել, լինի դա տուրիզմ, թե ձկնարդյունաբերություն։ Բնական է, որ խիստ շահավետ այս գործը շատերի «ախորժակը» կբացեր, բայց՝ զուր։ Լճի տերն արդեն հայտնի է՝ ԱԺ պատգամավոր, Գորիսի նախկին քաղաքապետ Սուրեն Խաչատրյան-Լիսկա։ Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնապահպանության նախկին փոխնախարար Սամվել Բալոյանի, հենց նրա ցանկությունը բավարարելու համար են խիստ արգելոցային ռեժիմով Սեւ լիճը դարձրել արգելավայր։ «Որովհետեւ նման հարց երբեւէ չի շրջանառվել համակարգում, այդ ինչո՞ւ հանկարծ ու կարճ ժամանակում նման որոշում կայացվեց, այն էլ խիստ գաղտնիության պայմաններում»,- ասաց Ս. Բալոյանը, ավելացնելով, որ նախարարությանն ուղղված իր այդ հարցմանը պաշտոնական պատասխանի փոխարեն ստացել է բանավոր պատասխան, որ «դա եղել է նախարարի հանձնարարականը»։ Ի դեպ, այդ պատասխանի հեղինակ, կենսաբազմազանության պահպանության բաժնի պետ Ս. Շաշիկյանը հերքեց ասվածը. «Այս խնդիրը բարձրացվել է 90-ականնների սկզբին, երբ պրն Բալոյանը դեռեւս վարչության պետ էր, նախկին եւ ներկա նախարարներն այս հարցում կապ չունեն, սա բնապահպանական խնդիր էր, որը մի օր պիտի լուծվեր»։ Թողնենք համակարգի ներսում եւ դրսում գործող մասնագետների դասական տարաձայնությունն ու անդրադառնանք մեկ այլ խնդրի։ Մինչեւ 2000 թվականը հանրապետությունն ուներ 5 արգելոց, դրանցից 2-ը՝ Դիլիջանն ու Սեւ լիճը, վերջին 2 տարում զրկվել են իրենց կարգավիճակներից, ազատ տեղ բացելով տնտեսական նպատակներով օգտագործման համար։ Բնապահպան պաշտոնյաներն այդ քայլը համարում են արդարացված, այն է. Ազգային պարկ դարձած Դիլիջանի անտառներում անհրաժեշտ էին կատարել սանիտարական հատումներ (փայտագողերի աչքը լույս), իսկ Սեւ լճում կբազմացվեն իշխանի տարատեսակներ, որոնցով կհամալրվի նաեւ Սեւանա լիճը։ Թե նյութական ինչ շահեր են ընկած այնքա՜ն «տրամաբանված» այս որոշումների հիմքում, դժվար չէ ենթադրել։ Հետաքրքիր է, սակայն, «հատուկ պահպանվող տարածքների օպտիմիզացիա» կոչվող այս ծրագրի կատարման մեխանիզմը, սկսած թղթարարությունից մինչեւ վերջնական փուլը։ Ե՛վ փոխնախարարը (Ա. Զիրոյան), ե՛ւ բաժնի պետ Ս. Շաշիկյանը (ավելի ցածր չիջնենք) միաբերան շրջանառում էին «օպտիմիզացիայի» գաղափարը, ներկայացնելով բարեփոխումների «հույժ անհրաժեշտության ու կարեւորության» մանրամասներ։ Սակայն նշենք, որ չնայած «օպտիմիզացիան» արդեն իր հաստատուն քայլերն է անում համակարգում, բայց որպես ծրագիր այն թղթի վրա դեռեւս ամրագրված չէ, չկան կատարման ժամկետներն ու մեխանիզմները։ Դրա փոխարեն պրն Զիրոյանից լսեցինք միայն, որ «անհրաժեշտ է վերանայել բոլոր հատուկ պահպանվող տարածքները», իսկ պրն Շաշիկյանն էլ «օդային» որոշում կայացրեց, թե՝ «կարող է պատահի՝ հաջորդը Շիկահողը լինի»։ Ի դեպ, երբ այդ մասին կարծիք լսելու համար դիմեցինք արգելոցային համակարգի քաջ գիտակ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նազիկ Խանջյանին, նա հանկարծակիի եկավ (թեպետ նախարարության աշխատակից է). «Շատ ցավալի բան կլինի, որովհետեւ Շիկահողում պահպանված է բուսական հարուստ տեսականի, ես հույս ունեմ, որ գոնե բնապահպանական տեսանկյունից կարեւոր հատվածները կպահպանվեն հատուկ կարգավիճակով»։ Ասենք, որ հիշյալ «օպտիմիզացիայի» գաղափարին Ն. Խանջյանի վերաբերմունքը, ընդհանուր առմամբ, չեզոք էր։ «Վերանայումն անհրաժեշտ է, բայց պետք է ոչ միայն կորցնենք այդ տարածքները, այլեւ հատուկ պահպանվողի կարգավիճակ սահմանենք նոր տարածքների համար։ Այդպիսիք կան Շիրակում, Վայքում եւ այլուր։ Ճիշտ կլինի, որ մենք գնանք «մինի» արգելոցների ստեղծման ճանապարհով, որովհետեւ տարածքով փոքր մեր երկրի համար այդքան մակերեսը, ինչքան այսօր կա (ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11%)՝ շատ է»։ Գաղափարը՝ գաղափար, բայց լավ կլիներ, որ այն ներդրվեր հասարակությանն իրազեկելուց հետո միայն, ինչպես պահանջում է գործող կանոնակարգը։ Թե չէ որոշումից որոշում հայտնություններ ենք անում, հետո էլ մեր «անխելք» հարցադրումներով «ներվայնացնում» «խեղճ» պաշտոնյաներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել