Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 29,2002 00:00

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ Հայաստանի սննդամթերքի, հագուստեղենի (կոշկեղենի) եւ էլեկտրոնային ապրանքների շուկաները ողողված են արտասահմանյան եւ տեղական հանրահայտ ընկերությունների պիտակավորումն ու փաթեթավորումը կրող, ինչպես նաեւ արտաքինը նմանակող անորակ, նույնիսկ մարդկանց առողջության համար վտանգավոր ապրանքատեսակներով։ Մինչեւ այժմ այդ մասին միայն ահազանգում էին հանրապետությունում գործող սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունները։ Սակայն տարիներ ի վեր ահազանգերը բացարձակապես ոչ մի ազդեցություն չեն գործել համապատասխան պետական կառույցների եւ պաշտոնատար այրերի վրա։ Եվ մեր շուկայում տիրող ամենաթողության պայմաններում կեղծ պիտակներով ապրանքատեսակների ցանկն ավելի է ընդլայնվել՝ ընդգրկելով ներմուծվող եւ «թողարկվող» ապրանքների նոր ոլորտներ։ Քաոսային վիճակի խորացման գլխավոր դրդապատճառը քաջ հայտնի է՝ տնտեսության բոլոր ճյուղերը գտնվում են գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների իրավասության կամ հովանավորության ներքո։ Մանավանդ որ, տնտեսությունը սերտաճել է պետական կառույցների հետ։ Հասկանալի է, որ տնտեսական բոլոր լծակներին տիրացած օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների մեծ մասը չունենալով իրական գործարար հատկություններ, պետք է իրենց պատկանող կամ հովանու ներքո գործող տնտեսական կառույցների գործունեությունը ծավալեին օրենքների շրջանցման, կեղծիքների, ամենաթողության եւ քաոսային մթնոլորտի ստեղծման պայմաններում, որպեսզի ապահովեին գերշահույթներ՝ մրցակցությունից դուրս գտնվելու պայմաններում։ Սակայն, միջազգային համապատասխան կառույցների ճնշման ներքո մեր երկրում էլ մոտ 1,5 տարի առաջ ձեւավորվել է տնտեսական մրցակցության ապահովման պետական հանձնաժողով (ՏՄԱՊՀ), որն առաջին քայլերն է կատարում իր գոյության մասին հասարակությանն իրազեկ պահելու ուղղությամբ։ ՏՄԱՊՀ նախագահ Սամվել Ստեփանյանի ներկայացմամբ, 1,5 տարվա ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրություններ է անցկացրել սննդամթերքի շուկայում եւ մինչեւ տարվա վերջ ներկայացնելու է համապատասխան ամփոփագիրը, իսկ հաջորդ տարվանից ՏՄԱՊՀ-ն զբաղվելու է նաեւ թեթեւ արդյունաբերական ապրանքների շուկայում տիրող իրավիճակով։ Տնտեսական մրցակցության ապահովման պետական հանձնաժողովը ահազանգեր է ստացել բազմաթիվ այլ ապրանքատեսակների կեղծման եւ մրցույթների խեղաթյուրման կապակցությամբ։ Հանձնաժողովի նախագահը օրինակներ բերեց ոգելից խմիչքների շուկայում առկա կեղծարարությունների վերաբերյալ, որոնք բոլորիս էլ հայտնի են։ Շուկան հեղեղված է հանրահայտ «Ախթամար» (վաճառվում է 300 դրամով), «Դվին», «Նաիրի» (վաճառվում են 400 դրամով) եւ այլ տեսակի կոնյակների եւ ռուսական «Պշենիչնայա», «Ստոլիչնայա», «Մոսկովսկայա» եւ «Գժել» օղիների պիտակները կրող կեղծ ապրանքատեսակներով. «Դրանք արտադրողները գտնվում են անբարեխիղճ մրցակցության մեջ այն առումով, որ իրենց արտադրանքով նմանակում են հանրահայտ ընկերությունների արտադրանքը, նույնիսկ օգտագործում են այդ ընկերությունների ապրանքանշանները»,- ասում է ՏՄԱՊ հանձնաժողովի նախագահը։ Սա, անշուշտ, քրեորեն պատժելի արարք է, սակայն հարցին, թե ովքե՞ր են կեղծարարները, պարոն Ստեփանյանը չպատասխանեց. «Իհարկե լինում են զանգեր զանազան պաշտոնատարների կողմից, բայց մենք աշխատում ենք առավելագույն օբյեկտիվությամբ մոտենալ հարցերին»։ Նա նշում է, որ «վերեւներում» եւ ստանդարտացման, չափագիտության ու սերտիֆիկացման վարչությունում քաջատեղյակ են այս ամենի մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկում շուկայում տիրող ահավոր վիճակը կարգավորելու ուղղությամբ. «Մեր շուկան աղաղակող երեւույթներով է պարուրված։ Փաստորեն եկել է այն ժամանակը, որ մենք սպասելու կամ ներելու իրավունք չունենք։ Ձեզ կարող եմ վստահեցնել՝ նրանք անպայման տուգանվելու եւ պատժվելու են»։ Տնտեսության մեջ մրցակցությունը ոտնահարվում է նաեւ պետական, այսպես կոչված, մրցութային հանձնաժողովների կողմից. «Դրանք ըստ էության դժվար է մրցույթ անվանել։ Հանձնաժողովը բողոքներ է ստացել ե՛ւ ուղեւորատար տրանսպորտի, ե՛ւ շինարարական պատվերների բաշխման մրցույթների վերաբերյալ։ Եվ անգամ բողոքներ կան վարձակալության տրվող հողերի եւ գույքի մրցույթների կապակցությամբ»։ Ս. Ստեփանյանը սրանց շարքում չհիշատակեց տխրահռչակ հեռուստատեսային հաճախականություններ տրամադրող մրցույթները, որոնք եւս դասվում են հակամրցակցային ներկայացումների շարքին։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել