Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳԱՄ ԱՂԲԸ ՄԻ ԹԱՓԻՐ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ

Նոյեմբեր 09,2002 00:00

ԱՆԳԱՄ ԱՂԲԸ ՄԻ ԹԱՓԻՐ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ «Ես եղա Վերսալում եւ ամենաշատն այստեղ աղբ տեսա»,- Վերսալի քաղաքապետարանում իր գրելիք հոդվածի առաջին տողը հրապարակեց հնդիկ լրագրող Դարիլ Դ254Մոնտեն։ Իսկապես, դժվար է ուրիշ կերպ սկսել հոդվածը, եթե քեզ տանում-հասցնում են երբեմնի թագավորական Վերսալ եւ հայտնի պալատում ու պարտեզում պտույտի համար 15 րոպե տրամադրելուց առաջ այցելության են տանում տեղի կենցաղային աղբի վերամշակման գործարան։ Ընդհանրապես բնապահպանական լրագրողների Փարիզյան կոնգրեսի մասնակիցներն այս առումով երկու մասի էին բաժանվել։ Մեր շվեդ, գերմանացի, ֆրանսիացի գործընկերներին չէին հետաքրքրում աղբի վերամշակման ֆրանսիական տեխնոլոգիաները, որովհետեւ իրենց երկրները դրանցից վաղուց առաջ են անցել։ Իսկ ռուս, հնդիկ, քենիացի, բոլիվիացի եւ, իհարկե, հայ լրագրողներս չտեսի նման նայում էինք գործարան բերվող աղբին՝ հետեւելով դրա հետագա ճակատագրին։ Մեր եղած գործարանում՝ Eco-Emballages-ում աղբ կա միայն այնտեղ, որտեղ այն պետք է լինի «ի պաշտոնե»։ Մնացած տեղերում կատարյալ մաքրություն է։ Գործարանն սկսվում է բաց երկնքի տակ առանձնացված սրահներից, որտեղ ամեն մեկում կուտակված է միատարր աղբ. մեկում՝ միայն ապակե շշեր, մյուսում՝ շինարարական աղբ, երրորդում՝ հին կահույք, չորրորդում՝ միայն մետաղական աղբ, հինգերորդում՝ կիսափտած տերեւներ եւ այլն։ Ինչպես կարելի է տեսնել առաջին նկարում, ապակե շշերի կույտի շրջակայքը խնամքով «ավլած» է՝ ջրի շիթով։ Կույտը «բուրում է» միայն շատ մոտիկից։ Մնացած բոլոր կույտերը բացարձակապես «բուրումնավետ չեն». կենցաղային աղբը հավաքելիս բնակիչներն առանձնացնում են մթերքը։ Ի դեպ, գործարանում շրջում էինք առանց հատուկ դիմակի, որի կարիքը կար միայն տեսակավորման արտադրամասում։ Վերսալի փոխքաղաքապետը հպարտությամբ ցուցադրում էր այն աղբամանները, որոնց վրա հատուկ նշում կա, թե ինչ կարգի կենցաղային աղբ կարելի է այդտեղ լցնել։ Eco-Emballages բերվում է այն կենցաղային աղբը, որը հնարավոր է վերամշակել, այսինքն՝ վերը թվարկվածից բացի, նաեւ պլաստիկ շշեր, թղթե, ալյումինե փաթեթներ, տուփեր։ Դրանք միասին հսկա սրահում լցվելուց հետո, հոսքագծով բարձրացվում են երկրորդ հարկ։ Այստեղ, հատուկ ճնշման պայմաններում (ասացին, որ այդ պատճառով է արգելվում լուսանկարելը) բանվորներն առանձնացնում են թուղթը, պլաստիկ եւ ալյումինե առարկաները՝ յուրաքանչյուրը լցնելով հատուկ փոսերի մեջ։ Ի դեպ, այդ բանվորները բոլորն անխտիր միգրանտներ են եւ ստանում են Ֆրանսիայում սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 1200 եվրո։ Շվեդիայում, մեր այնտեղի գործընկերոջ հավաստմամբ, այս փուլը բացակայում է, պրոցեսն ավելի «մարդասիրական» է, քանի որ աղբ արտադրողը, այսինքն՝ բնակիչը, դեռ իր բնակարանում է տեսակավորում, առանձնացնում աղբը եւ դրանք թափում աղբարկղի հատուկ բաժիններ։ Ֆրանսիան նաեւ այս փուլի հաշվին 15 հազար աշխատատեղ է ապահովել, որոնց մեջ մտնում են երկրի բոլոր 300 նմանատիպ գործարանների բոլոր աշխատակիցները՝ ինժեներներից մինչեւ որակավորում չունեցող բանվորները։ Եվս 15 հազար մարդ աշխատում է մեքենաների վրա՝ աղբահավաքման պրոցեսում։ Միայն Փարիզի շրջակայքում նման գործարանները 25-ն են։ Կոնկրետ այս գործարանում աղբը միայն տեսակավորվում եւ ենթարկվում է նախնական վերամշակման. մամլվում է եւ ուղարկվում այլ տեղ՝ վերջնական արտադրանքի համար։ Իսկ վերջնական արտադրանքը ոչ միայն կարող են զանազան մեկուսացնող ժապավեններ, պլաստիկ տարաներ եւ զուգարանի թղթեր լինել, այլեւ տաք, փափուկ ու թեթեւ հագուստներ։ Դրանք հաճախ կրում ենք՝ առանց պատկերացնելու, որ ստացվել են բառացիորեն աղբից։ Eco-Emballages-ում ոչինչ չէր վրիպել տեսակավորողների ուշադրությունից. ամեն ինչ անցել էր նրանց ձեռքի տակով։ Միայն թե, ի տարբերություն այլ թղթերի, մի հսկայական պլակատ նրանք խնայել էին։ Ձեռքները չէր գնացել վերամշակման ուղարկել Զիդանի նկարը եւ այն փակցրել էին պատին՝ միակը ողջ գործարանում։ Մեկ ժամից ավելի անցկացնելով «աղբի» մեջ, մենք հաճելիորեն հայտնաբերեցինք, որ կարող ենք բավարարվել մի թեթեւ կոշիկ սրբելով։ Եվ ես հիշեցի, թե ինչպես էինք թափ տալիս ցեխից ծանրացած կոշիկները մեր հայրենի Նուբարաշենի աղբավայր այցելությունից հետո։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Մեր մասնակցությունը կոնգրեսին ֆինանսավորեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Կազմակերպչական հարցերը լուծեց Կրթությամբ զարգացման հիմնադրամը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930