Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԻՍԿԱՐԸ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻ՞ՍՏ

Նոյեմբեր 12,2002 00:00

ԺԻՍԿԱՐԸ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻ՞ՍՏ Որտեղ է Եվրոպայի սահմանը Անցած շաբաթ Եվրամիության մարմիններից մեկի՝ ԵՄ սահմանադրական համաձայնության ղեկավար, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը՛ Էսթենը հանդես եկավ հայտարարությամբ, որը կարծես թե հակասում է այդ կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը։ «Լը Մոնդ» թերթին տված հարցազրույցում նա պնդեց, որ Թուրքիան եվրոպական երկիր չէ, եթե այն մտնի Եվրամիություն, դա կլինի այդ կազմակերպության վերջը։ Ժիսկարի կարծիքով, այդ մահմեդական երկիրը տարբերվում է Եվրոպայից «իր մշակույթով, մոտեցումներով, ապրելակերպով»։ Եթե ընդունենք Թուրքիային՝ փաստարկում է Ֆրանսիայի նախկին նախագահը, ապա պիտի ընդունենք նաեւ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք այլ երկրներ եւ հենց դա էլ կլինի ԵՄ-ի վերջը։ «Թուրքիայի մայրաքաղաքը Եվրոպայում չէ,- ասում է նա,- երկրի բնակչության 95%-ը Եվրոպայում չի ապրում, դա եվրոպական երկիր չէ»։ Ի դեպ, Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալուն դեմ հանդես եկող մեկ այլ գործիչ՝ Գերմանիայի ընդդիմության ներկայիս ղեկավար Էդմունդ Շթրոբերը բերում է եւս մի փաստարկ. «Եվրոպան չի կարող վերջանալ թուրք-իրաքյան սահմանին»։ Բնականաբար, Ժիսկարի նման դիրքորոշումը թուրքական կողմի բուռն բողոքն է առաջացրել։ Թուրքիայի դեսպանը ԵՄ-ում՝ Օգյուզ Դեմիրալփը, սխալ համարեց այն մոտեցումը, թե Եվրոպան միայն քրիստոնյա պետությունների հավաքածու է։ Ըստ նրա, դա աշխարհիկ եւ բաց համակարգ է։ Այդ երկրի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալի Թեքինը, Ժիսկարին անվանեց «քրիստոնյա ֆունդամենտալիստ»։ Իսկ փոխվարչապետ Մեսուդ Յըլմազը պահանջեց նրա հրաժարականը «Սահմանադրական համաձայնության» ղեկավարի պաշտոնից։ Բայց եթե դա նույնիսկ տեղի ունենա, ապա ավելի ուշ, քան իր՝ Յըլմազի հրաժարականը, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններում համեմատաբար լիբերալ կուսակցությունների (այդ թվում եւ Յըլմազի) դաշինքը ջախջախիչ պարտություն կրեց՝ իր տեղը զիջելով իսլամական ազգայնականներին։ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ, համենայնդեպս՝ արտաքուստ։ Նրանք շարունակելու են բանակցությունները ԵՄ-ի անդամության համար պաշտոնապես դիմած բոլոր 13 երկրների հետ։ Հիշեցնենք, որ դրանք նախկին «սոցիալիստական ճամբարի», ինչպես նաեւ Մերձբալթիկայի երկրներն են, գումարած Թուրքիան եւ Կիպրոսը։ Եվրոպացի մեկնաբանները նշում են, որ Ժիսկարի հայտարարությունը ժամանակավրեպ էր՝ Իրաքի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հեռանկարը հաշվի առնելով։ Նրանցից ոմանք գտնում են նաեւ, որ նման մոտեցումները թուլացնում են Թուրքիայում բարեփոխիչների եւ լիբերալների դիրքերը։ Սակայն Ֆրանսիայի նախկին նախագահի հայտարարությունները ամբողջապես պատահական համարելը հավանաբար սխալ կլիներ։ Դրանք այսպես թե այնպես արտահայտում են եվրոպացիների անհանգստությունը Թուրքիայում իսլամականների իշխանության գալու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ Ժիսկար դը՛ Էսթենի նման բազմափորձ քաղաքական գործիչն իր մտահոգությունը չի հայտնում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ մեզ համար այդ դեպքերը նույնպես խորհելու տեղիք են տալիս։ Նախ պետք է հասկանալ, թե ինչ է Եվրոպան, որն է այդ հասկացության սահմանը եւ սահմանումը։ Կա՞ն դրա համար աշխարհագրական, քաղաքական, մշակութային, տնտեսական, հոգեբանական, գուցե նաեւ կրոնական հստակ ձեւակերպված չափանիշներ։ Եթե կան, ապա հասկանալի՞ են դրանք մեզ՝ հայաստանցիներիս։ Ընդունենք, որ մեր ընկալումների դիապազոնը հսկայական է՝ սկսած արվամոլներին եւ աղանդավորներին տեղ տալուց, վերջացրած Ջոն Լոկի ազատական փիլիսոփայության իրագործումով։ Եթե հայաստանցիների մեծամասնության համար եվրոպական մտածելակերպը «ազգային ավանդույթները» խեղաթյուրող, դրսից եկող պարտադրանք է, ապա գուցե արժե՞ մտածել այդ արժեքների կիրառելիության մասին։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930