Լրահոս
Օրվա լրահոսը

Թող առաջինը քար նետի նա, ով պոպուլիստ չէ

Նոյեմբեր 20,2002 00:00

Թող առաջինը քար նետի նա, ով պոպուլիստ չէ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ եմ դիմում, որովհետեւ, ինչքան ընտրությունները մոտենում են, այս ամբիոնից դուք լսելու եք ձեր ականջի համար միայն շատ հաճելի բաներ։ Իրականում այս ամբիոնի մոտ կանգնածների մի մասն իրական կյանքում բոլորովին այլ սկզբունքների դավանելով, կասեն շատ ամբոխահաճո, գեղեցիկ նախադասություններ, կխոսեն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման դեմ, սոցիալական հավասարության մասին, համաշխարհային հեղափոխություններից կխոսեն, նախագահական ընտրություններից եւ այլն, եւ այլն։ Ես ձեզ ուղղակի մի կարեւոր կոչ եմ անում՝ սրանից հետո այս երեք րոպեանոց հայտարարություններին, հարցուպատասխաններին լուրջ մի վերաբերվեք։ Տարին նախընտրական է եւ ԱԺ ամբիոնը սեփական քարոզարշավը սկսելու լավագույն դաշտն է։ Առաջին երեքը նորաթուխ հանրապետական Ֆիլարետ Բերիկյանի հեղինակային նախադասություններն են, որոնց լիովին համաձայն ենք, սակայն պրն Բերիկյանը սույն բաներն ասելուց հետո, ինքն էլ անցավ պոպուլիզմով փորձելու ջանքերը չխնայող իր գործընկերների շարքերը, խոսեց ավանդների մասին, սակայն հայտարարություններին հատկացված ժամանակն ավարտվեց ճիշտ ժամանակին։ Շավարշ Քոչարյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ եկող տարվա բյուջեին եւ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, մասնավորապես կարեւորեց հետեւյալը. «Ժամանակին, առաջին իրավական ակտը, որը փորձում էր ճշտել այդ բոլորը, դա ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն էր, ըստ որի սահմանվում էր սանդղակ, կար նվազագույն աշխատավարձ, եւ ըստ պաշտոնի դրվում էր բազմապատկվող գործակիցը։ Սա արդարացի որոշում է»։ Շավարշ Քոչարյանը կոչ արեց վերադառնալ այդ մոտեցմանը, ասելով, որ նախապատրաստվում է օրենքի նախագիծ, որպեսզի իշխի հենց այդ մոտեցումը. «այդ դեպքում ոչ մեկը հարց չի տա՝ ինչո՞ւ է պետական պաշտոնյայի աշխատավարձն աճում, որովհետեւ աճում է նվազագույն աշխատավարձը, այսինքն՝ ժողովրդի սոցիալական վիճակը»։ Հմայակ Հովհաննիսյանը եւս չշրջանցեց բյուջեի եւ աշխատավարձերի գայթակղիչ թեմաները. «Այն, ինչ առաջարկվում է ներկայացված բյուջեի նախագծում՝ 3 անգամ բարձրացնել պատգամավորների, նախարարների, պետական մյուս աստիճանավորների աշխատավարձերը, միաժամանակ գրեթե աննկատ չափերով ավելացնելով կենսաթոշակները կամ ընդամենը 20 տոկոսով ավելացնել մանկավարժների աշխատավարձը, ոչ միայն, փաստորեն, օրինականացնում է մեր երկրում արդեն գոյություն ունեցող հրեշավոր սոցիալական բեւեռացումը, այլ նաեւ ամբողջականացնում է հետպատերազմյան շրջանում՝ 1994 թ., մեզանում վարվող հակաժողովրդական քաղաքականությունը, որն այսօր պատրաստ է օրինականացնել նախարարի եւ պատգամավորի աշխատավարձի 25-ապատիկ առավելությունն ուսուցչի, գիտաշխատողի, բժշկի, մի խոսքով՝ աշխատավորի աշխատավարձի նկատմամբ»։ ՀՀԿ-ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանն էլ աղետի գոտուն վերաբերող իր ավանդական հայտարարությունից առաջ հարկ համարեց գործընկերներին ամոթանք տալ։ Ըստ պատգամավորի հաշվարկների, պաշտոնյայի կամ պատգամավորի աշխատավարձի բարձրացման համար նախատեսվելիք գումարը որեւէ կերպ չի բարեփոխի կենսաթոշակառուի սոցիալական վիճակը, որովհետեւ յուրաքանչյուրի թոշակն ընդամենը 10 դրամով կավելանա։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր հայտարարության վերջում «կիրթ հայհոյանք» (բնորոշումը Արմեն Խաչատրյանինն է) հնչեցրեց, մոտավորապես այսպիսին՝ «հարափոփոխ, հավատափոխ, մոլագար սրիկաների մռնչոց», որոնց ջգրու «Օրինաց երկիրը» շարունակելու է (ըստ այդ կուսակցության նախագահի հայտարարության) իր գործունեությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել