Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքը՝ ամերիկյան ռումբերի նշանակետ

Նոյեմբեր 23,2002 00:00

Իրաքը՝ ամերիկյան ռումբերի նշանակետ Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի միացյալ ջանքերով Իրաքի վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը ոչ մի պայմաններում չի նախատեսում ռազմական ուժի «ավտոմատ» կիրառում։ Սադամ Հուսեյնն էլ անտեսելով Իրաքի խորհրդարանի բացասական որոշումը, մի քանի օրից համաձայնեց բանաձեւի դրույթների եւ միջազգային տեսուչների երկիր մուտք գործելու հետ։ Կարծես թե պատերազմի վտանգը հեռացված է։ Սակայն եւ ԱՄՆ-ի, եւ Իրաքի բնակչության հարցումները ցույց են տալիս՝ երկու երկրներում էլ համոզված են, որ պատերազմը անխուսափելի է։ Իրաքցիները մտածում են, որ ԱՄՆ-ը անպայման թեկուզ չնչին պատրվակ կգտնի երկրի վրա հարձակվելու համար։ Թվում է, որ այդ մտավախությունները անհիմն չեն։ Հենց Իրաքի կողմից ՄԱԿ-ի բանաձեւը ընդունելուց հետո ամերիկյան պաշտոնյաները հայտարարեցին, որ չեն հավատում Իրաքի ղեկավարության հավաստումներին։ Իսկ միջազգային տեսուչների Բաղդադ գալու օրը ամերիկյան ինքնաթիռները ռմբակոծեցին Իրաքի հարավային տարածքները, ըստ որում, ամերիկացիները հայտարարեցին, որ Իրաքի հակաօդային պաշտպանությունն առաջինն է գնդակոծել իրենց ինքնաթիռները։ Հետաքրքիր է, թե ինչպես հնարավոր կլիներ գնդակոծել ամերիկյան ռմբակոծիչները, եթե նրանք առանց թույլտվության չհայտնվեին Իրաքի օդային տարածքում։ Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական ուժի կուտակումը Իրաքի շուրջ։ Թվում է, որ պատերազմը իսկապես անխուսափելի է։ Բայց սկզբից ԱՄՆ-ը փորձում է լավացնել հարաբերությունները իր գլխավոր ընդդիմախոս Ռուսաստանի հետ։ Բուշը հայտարարեց, որ Ռուսաստանի տարածքում չեչեն ահաբեկիչների գործունեությունը պետք է կտրուկ կասեցվի եւ Ալ Քաիդայի բոլոր զինակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ։ (Իր վերջին հայտարարության մեջ բեն Լադենը հավանություն տվեց Մոսկվայի Թատերական կենտրոնը զավթած չեչեն գրոհայինների գործողություններին)։ Այնուհետեւ Բուշը բարձր գնահատական տվեց Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը։ ԱՄՆ-ի նախագահը մեկնեց Պրահա՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու։ Մինչդեռ Պուտինը չեկավ՝ հարցն այն է, որ Պրահայում ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկվեցին Մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի յոթ երկրներ, ինչն, իհարկե, չի կարող դուր գալ Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, Պրահայից հետո Բուշը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կփորձի մեղմել Պուտինի դիրքորոշումը Իրաքի հարցում։ Ի դեպ, Պրահա էր ձգտում գալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջերս զգալիորեն վատացել են։ Սակայն Չեխիան Ալեքսանդր Գրիգորեւիչին մուտքի վիզա չտվեց, դա պատճառաբանելով Բելառուսում մարդու իրավունքների խախտումներով։ Իրականում երեւի ուզում էին հաճոյանալ Ռուսաստանին, քանզի Լուկաշենկոն հայտարարել էր, որ էլ չի ուզում գործ ունենալ Ռուսաստանի հետ եւ կսկսի համագործակցել Արեւմուտքի երկրների եւ կառույցների հետ։ Սա կտրուկ շրջադարձ է, որը Արեւմուտքը դեռ պատրաստ չէ մարսել։ Կոնֆլիկտը սկսվեց նրանից, որ Ռուսաստանը պահանջեց Բելառուսից մարել գազի պարտքերը (ընդամենը 27 դոլար՝ մեկ տոննա գազի համար)։ Իսկ ավելի շուտ Պուտինը առաջարկել էր վերջնականապես պարզել Ռուսաստանի եւ Բելառուսի միության իրավական կարգավիճակը, ինչը անսպասելի էր Լուկաշենկոյի համար։ Շատերը մեկնաբանեցին ստեղծված կացությունը իբրեւ միության գաղափարի ճգնաժամ։ Հակառակ դրան, մեզ թվում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միության զարգացումը հասել է մի շատ լուրջ հանգույցի, իսկ որ Ալեքսանդր Գրիգորեւիչը դրան պատրաստ չէր եւ սկսել է զբաղվել դեմագոգիայով՝ դա նրա անձնական խնդիրն է։ Բոլոր դեպքերում, վերջնական վճիռը պետք է կայացնեն երկու երկրների ժողովուրդները։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930