Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽՍՀՄ փլուզումից հետո նրա տարածքներն այլեւս միասնական աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տարածություն չէին: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տասը տարիները ցույց են տալիս, որ նրա անդամների շահերը հաճախ չեն համընկնում: Երբեմն նրանց փոխհարաբերությունները լարվում են մինչեւ այն աստիճան, որ փոխակերպվում են թշնամական գործողությունների: Վառ օրինակ է վերջերս ռուս-վրացական հարաբերությունների սրացումը: Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ ծանրակշիռ փաստարկներ բերել հօգուտ ԱՊՀ գոյության, չկարողացավ ստանձնել այդ կազմակերպության առաջնորդի դերը, ԱՊՀ երկրներին առաջարկել համագործակցության նոր գաղափարներ: Արդյունքում՝ ԱՊՀ անդամները կողմնորոշվում են դեպի այլ երկրներ ու կազմակերպություններ, անվտանգության ուրիշ համակարգեր, փնտրում են տնտեսական նոր գործընկերներ: Սրա օրինակները բազմաթիվ են. Իրանով թուրքմենական գազի տարանցումը, ԱՊՀ այցագրային ընդհանուր ռեժիմից Թուրքմենստանի դուրս գալը, Վրաստանի, Մոլդովայի եւ Ղրղըզստանի համաշխարհային առեւտրային կազմակերպությանն անդամագրվելը, ինչը, փաստորեն, նշանակում է ԱՊՀ տնտեսական ընդհանուր տարածքի փլուզում, շրջանցելով ռուսական տարածքները՝ իր նավթի մի մասը դեպի Արեւմուտք փոխանցելու Ղազախստանի համաձայնությունը, հակաահաբեկչական գործողության ընթացքում ՆԱՏՕ-ի երկրների զինվորական ստորաբաժանումների տեղադրումը Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում (այդ թվում նաեւ՝ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի անդամներ Ղրղըզստանում եւ Տաջիկստանում), առանց Ռուսաստանի մասնակցության ԱՊՀ տարածքում տարածաշրջանային կազմակերպությունների ստեղծումը՝ ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) եւ Կենտրոնական Ասիական համագործակցություն (Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Տաջիկստան), Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին իրենց անդամագրության արարողակարգը սկսելու մասին պաշտոնական հայտարարությունը եւ այլն: Այսօր կարելի է փաստարկել, որ ԱՊՀ-ն բաժանվել է փոքր եւ ավելի բնական ենթատարածաշրջանների (ենթահամակարգերի). հարավկովկասյան (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), կենտրոնական ասիական (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենիա, Ղրղըզստան, Տաջիկստան) եւ կենտրոնական եվրոպական (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա): Բնական է, որ ՌԴ-ի թուլացման պատճառով ստեղծված վակուումը փորձում են լրացնել տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, Հարավային Կովկասն ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի առաջատար երկրների (նախեւառաջ՝ ԱՄՆ եւ Եվրամիության մի շարք անդամների) եւ տարածաշրջանային տերությունների (Թուրքիա, Իրան) համար: ԱՄՆ դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ Ներկայումս աշխարհակարգի կառուցվածքը ավելի շատ միաբեւեռ համակարգ է հիշեցնում: Համակարգ, որտեղ գլխավոր դեր են խաղում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն շահեր ունի գործնականում աշխարհի բոլոր, քիչ թե շատ նշանակալի տարածաշրջաններում: Հարավային Կովկասն ԱՄՆ-ին հետաքրքրում է հետեւյալ տեսանկյուններից. Տրանսպորտային-հաղորդակցական. այլընտրանքային ճանապարհներով Կենտրոնական Ասիայի շրջաններից եւ Կասպյան ավազանից նավթի եւ գազի դեպի Եվրոպա փոխադրումներ: Այստեղ հատուկ նշանակություն է տրվում Բաքու-Ջեյհան նավթատարին, որի շինարարության սկիզբը պաշտոնապես նշվեց 2002 թ. սեպտեմբերի 18-ին: Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի նախագահները, ԱՄՆ էներգետիկայի նախարարը եւ այլ բարձրաստիճան անձինք: Նավթատարին ԱՄՆ-ն առաձին նշանակություն է տալիս այն պատճառով, որ այն կարող է լուծել մի քանի խնդիրներ: Նախեւառաջ այլընտրանք է ստեղծվում դեպի Եվրոպա ղազախական եւ կասպյան նավթն իր տարածքներով փոխադրելու Ռուսաստանի մենաշնորհին, դա տալիս է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ավելի սերտ համագործակցության հնարավորություն: Պայքար ահաբեկչության դեմ. Սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո հարավկովկասյան տարածաշրջանի դերն էական դարձավ երկու պատճառներով: Առաջին՝ բոլոր երեք երկրները բավական արագ արձագանքեցին Նյու Յորքում եւ Վաշինգթոնում ահաբեկչական գործողություններին: Ավելի ակտիվ էին Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք արտահայտեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցույց տալու իրենց պատրաստակամությունը: Երկրորդ՝ Իրանին եւ Իրաքին անմիջական հարեւանություն: Երկրներ, որոնց ԱՄՆ-ն դասեց «չարի առանցքը» կազմող պետությունների շարքին: Հարավկովկասյան երկրների պետականության կայացում. ԱՄՆ-ն շահագրգռված է դրանով, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական կարգերի հաստատմամբ: Հենց այդ դեպքում Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կկողմնորոշվեն դեպի արեւմտյան արժեքները, չեն համալրի «իզգոյ» երկրների ցուցակը (ինչպես հիմա դա տեղի է ունենում Բելառուսի հետ, որի նախագահ Լուկաշենկոյի ռեժիմն այն դարձրեց աշխարհի ամենախոտելի եւ ծաղրանկարային երկրներից մեկը), չեն զբաղվի թմրանյութերի շրջանառությամբ, զենքի վաճառքով: ԱՄՆ172ի համար Հարավային Կովկասի երկրներում պետականության ամրապնդումը կարեւոր է նաեւ Ռուսաստանի տարածաշրջանում ազդեցությունը թուլացնելու տեսանկյունից: Եռակողմ (տարածաշրջանային) համագործակցություն. ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն է տալիս այսպիսի համագործակցությանը, քանի որ դա հարավկովկասյան տարածաշրջանը կդարձնի մեկ ամբողջություն, այստեղ կստեղծի վստահության եւ համագործակցության մթնոլորտ: ԱՄՆ-ն ֆինանսավորում է տարածաշրջանի երեք երկրների սոցիալական եւ մասնագիտական առանձին խմբերի միջեւ շփումների եւ փոխգործակցության ստեղծմանն ուղղված ծրագրեր: ԱՄՆ172ի կառավարության եւ տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ տարածաշրջանում անց են կացվում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների առաջնորդների, քաղաքագետների, լրագրողների, գիտնականների մասնակցությամբ կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ: ԱՄՆ-ն նաեւ մեծ ջանքեր է գործադրում հայ-թուրքական երկխոսության կայացման համար: ԱՄՆ-ից էր բխում Հայաստանը տարածաշրջանային խոշոր ծրագրերում ներգրավելու նախաձեռնությունը: Սակայն ղարաբաղյան խնդրի չլուծվածության պատճառով (այն պատճառներով, որ Ադրբեջանը տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը կապում է «գրավյալ տարածքները» ազատելու հետ, Հայաստանի առջեւ դնում է առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆիքսելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջը) բոլոր այդ ջանքերը փաստորեն զրոյի են հավասարեցվում: Տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցություն. Նշենք, որ անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո այդ բնագավառում ԱՄՆ-ն տարածաշրջանում գործում էր ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի միջոցով: Սակայն 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո նախագահ Բուշի վարչակազմի արտաքին քաղաքական հայեցակարգում կտրուկ բարձրացավ Հարավային Կովկասի դերը, եւ այժմ ԱՄՆ-ն տարածաշրջանում ակտիվորեն գործում է առանց միջնորդների: Այսպես, եթե անցած դարի 90-ական թվականներին տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները հիմնականում տնտեսական եւ հումանիտար բնույթի էին, ապա վերջին տարվա ընթացքում նկատվում է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման միտում: Տարածաշրջանի երկրների եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ կնքված պայմանագրերով Հայաստանում ստեղծվել եւ գործում է Ականազերծման կենտրոնը, Վրաստանում ընթանում են արդյունավետ հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման աշխատանքներ, Ադրբեջանում ԱՄՆ-ը կատարելագործում է այս երկրի բանակի կապի համակարգը: ՌԴ դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անցնում է աշխարհում իր տեղը գտնելու ծանր ճանապարհ: Մի կողմից, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը եւ քաղաքական վերնախավը հայտարարում են ժողովրդավարական սկզբունքներին, տնտեսական ազատ շուկայական հարաբերություններին իրենց հավատարմության մասին (ընդունվել է «Հողային կոդեքսը», որը գործնականում օրինականացրել է Ռուսաստանում հողի մասնավոր սեփականությունը, միասնական հարկեր են կիրառվում տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ, հայտարարված է ռուսաստանյան բանակում բարեփոխում անցկացնելու մասին եւ այլն), հանդես են գալիս Արեւմուտքի հետ մերձենալու, Համաշխարհային առեւտրային կազմակերպությանը անդամագրվելու օգտին, մյուս կողմից՝ Ռուսաստանում տեղի են ունենում շատ բաներ, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում ժողովրդավարական սկզբունքների ու նորմերի շրջանակներում: Զգացվում է քաղաքական ընդդիմության ազատությունների սահմանափակման միտում: Ներկայումս համադաշնային մակարդակի բոլոր հեռուստակայանները գտնվում են իշխանությունների հսկողության տակ: Բռնություններով ուղեկցվող հզոր կամպանիա է ընթանում Ռուսաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դեմ: Անորոշ եւ անկայուն ներքաղաքական այսպիսի իրավիճակն անմիջականորեն անդրադառնում է երկրի արտաքին քաղաքականության վրա: Մի կողմից հասկանալով, որ ինքն իր ուժերով ի վիճակի չէ ապահովել ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացումն ու անվտանգությունը, Ռուսաստանն ընդունում է տարածաշրջանի երկրների հետ գործնականում բոլոր, ներառյալ ռազմական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում ԱՄՆ172ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության իրավունքը: Այսպես, 2002 թվականի մայիսին նախագահներ Ջ. Բուշի եւ Վ.Պուտինի ստորագրած համատեղ Հռչակագրում ասվում է. «Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում մենք ընդունում ենք այս տարածաշրջանների բոլոր պետությունների կայունությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը օժանդակելու մեր ընդհանուր շահերը: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ժխտում են իր սնանկությունը ցույց տված «գերտերությունների» մրցակցության մոդելը, որը կարող է ուժգնացնել այս տարածաշրջաններում հակամարտային ներուժը», այնուհետեւ՝ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցելու են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում նաեւ Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ մերձդնեստրյան խնդիրը Մոլդովայում, լուծելու համար: Մենք համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին՝ դրսեւորել ճկունություն եւ կառուցողական մոտեցում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծելու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստ են օգնել այդ ջանքերում»: Մյուս կողմից, Ռուսաստանը չի մշակել ԱՊՀ անդամ երկրների հետ իր հարաբերությունները զարգացնելու կոնկրետ եւ երկարատեւ հայեցակարգ: Լինելով տնտեսական ծանր կացության մեջ, չունենալով տարածաշրջանում համագործակցության համար լուրջ եւ գործնական քայլերի հնարավորություն՝ Ռուսաստանը ցավագին է ընդունում հարավկովկասյան երկրների ինքնուրույն քայլերը, որոնք ուղղված են քաղաքական, տնտեսական եւ ռազմական բնագավառներում ավելի հուսալի գործընկերներ գտնելուն: Ռուսաստանյան քաղաքական վերնախավում չեն կարողանում համակերպվել այն բանի հետ, որ Հարավային Կովկասի երկրներն իրենց «կրտսեր եղբայրները» չեն: Այսպես, Ռուսաստանը ծայրահեղ զգացական է ընդունում իրենց երկրից ռուսական ռազմակայանները դուրս բերելու մասին վրացական իշխանությունների պահանջները (Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարները դուրսբերման մասին պայմանագիրը կնքել են դեռեւս 1999 թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի ընթացքում): Տարածաշրջանում Ռուսաստանի շահերի բաղկացուցիչները ներկայումս հետեւյալն են. Համարելով տարածաշրջանն իր «կենսական շահերի գոտին»՝ Ռուսաստանը չի ուզում կորցնել այստեղ իր դիրքերը, պայքարում է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության համար: Ինչպես հայտնի է, ռուսական ռազմակայանները հանգրվանած են Հայաստանում եւ Վրաստանում, իսկ 2002 թվականի սկզբին Ադրբեջանը տվեց Գաբալայի ռադիոալիքակալման կայանը Ռուսաստանի կողմից 10 տարով վարձակալելու իր համաձայնությունը: Ռուսաստանը փորձում է իր համար նվազագույն կորուստներով որոշել եւ ամրագրել Կասպից ծովի կարգավիճակը: Նշենք, որ Կասպիցի բաժանման հարցում բավական մոտ են Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի դիրքերը, ծովին վերաբերող նրանց միջեւ երկկողմանի պայմանագրերն այս պահի դրությամբ արդեն կնքված են: Թուքմենստանի եւ Իրանի դիրքերը էականորեն տարբեր են առաջին երեք երկրների դիրքերից, ինչն էլ հանգեցրեց իրանա-ադրբեջանական եւ թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունների սրմանը: 2001 թ. ամռանն այս հարցում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հակասությունների պատճառով հասունացել էր նրանց ռազմական բախման ռեալ վտանգը: Ռուսաստանն ակնհայտ բացասական վերաբերմունք ունի Բաքու-Ջեյհան ծրագրի նկատմամբ, համարում է, որ նավթատարը կթուլացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանային (ղարաբաղյան, աբխազական եւ հարավօսեթական) հակամարտությունների լուծման գործընթացներին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ միջազգային այլ ֆորմատների շրջանակներում, եւ այդպես պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Մինսկի խմբում Ռուսաստանը համանախագահ է, հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորման տարբեր նախաձեռնություններով: Միաժամանակ՝ Ռուսաստանը փորձում է լուծել Հարավային Կովկասի հակամարտությունները «տարածաշրջանային» այլ ֆորմատներով, օրինակ, «Կովկասյան քառյակով» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան): Վերջին ամիսների ընթացքում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ ստացան ՌԴ քաղաքացիություն, ակտիվացան այս ինքնավարությունների ղեկավարների շփումները ռուսաստանյան պաշտոնյաների հետ, հաճախացան նրանց ելույթները ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով: Սրանք քայլեր են, որոնք լուրջ ու գործուն ազդեցություն են ունենում տարածաշրջանում զարգացող իրադարձությունների վրա: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930