Ահա ես, արե՛ք ինչ ուզում եք «Հուսով եմ, կարողացել եք ինձ ներել, որ ավելի քան 10 օր չենք հանդիպել»,- այսպես սկսեց Պարույր Հայրիկյանն իր ոչ «նախընտրական մտահոգությունների թելադրանք» հանդիպումը լրագրողների հետ։ Հայրիկյանին առաջարկում ենք մինչեւ նախագահական ընտրություններ լրագրողների հետ ամենօրյա հանդիպումներում իր կարկառուն մտքի թռիչքները բաշխել վերջիններիս։ Քանզի դա է լինելու մեզ ուղղորդող ուժը եւ արդար ընտրությունների գրավականը։ Քանզի «սկսնակ չեմ, գիտեմ, որ Տիրոջ կամքով վերջին հարյուրամյակի ամենահաջողակ ազգային քաղաքական գործիչն եմ եւ կայանալու խնդիր չունեմ»։ Եվ, այնուամենայնիվ, անհնար եղավ դիմադրել նախագահական ընտրությունների մասին խոսելու ցանկությանը։ Ըստ այդմ, «ամենահաջողակ» քաղաքական գործիչն ընտրություններին մասնակցելու է թիմով կամ չի մասնակցելու, որովհետեւ «առանց դաշինքի այսորակ ընտրությունների գնալն արկածախնդրություն է»։ Եվ «հանուն գաղափարի» հարյուրամյակների միակ ազգային քաղաքական գործիչը պատրաստ է հերթական «ինքնազոհությանը»։ Սա՝ ի գիտություն այն ուժերի, «ովքեր կգնահատեն ինձ եւ իմ փորձառությունը»։ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելն, ըստ ամենայն հայոց նախագահի մշտական թեկնածու Պ. Հայրիկյանի՝ «հասարակության անառողջ դրսեւորում է»։ Եվ այս համատեքստում ԻՄ առաջնորդի համար «մտահոգիչ է, որ ունենք հավակնոտ ու ինքնահավան, ընդհանրականի գիտակցությունից զուրկ իշխանատենչների այսպիսի բազմություն»։ Բայց որ առավել մտահոգում է ժողովրդավարության մարտիկին՝ «հասարակության կողմից արդեն օրինաչափ ու բնականոն է ընկալվում ասպետական (անկուսակցական) մարդկանց պետության ղեկավար լինելու անգրագիտությունն ու հարճակերպ կուսակցությունների դասի առաջացումը, որոնք ապաքաղաքական թեկնածուի պաշտպանելով՝ արժեզրկում են կուսակցության գաղափարը…»։ Նախորդ նախագահական ընտրություններում Հայրիկյանը Վանաձորում հաղթել է Գեղամյանին։ Նաեւ՝ «12 տարի ԱԻՄ-ին ծառայած Վանաձորի գրասենյակն իշխանությունների կամայականությամբ տրվել է անհատի…»։ Այս ամենի կոնտեքստում գաղափարի մեծն մարտիկը ցավ հայտնեց, որ «առաջիկա նախագահական ընտրություններից ազգովին դուրս ենք գալու նոր հիասթափություններով եւ ճնշող զգացումներով»։ Հայ «մտավորականին՝ Մուրացան եւ այլն», հարիր կեցվածքով մեր օրերի միակ մտավորականին՝ Հայրիկյանին, սովորույթի համաձայն, հուզում են «հավերժական արժեքները»։ Ու նախագահական ընտրությունների շեմին, բայց «վեր կանգնելով իրավիճակից», մտավորական Հայրիկյանն, այնուամենայնիվ, ընտրություններին «նայում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից»։ Ըստ այդմ էլ հերթական ճակատագրական սխալն է արձանագրվում, քանզի ժամանակին մենք պետականորեն չենք որդեգրել ԱԻՄ-ի առաջարկած ցեղասպանության հետեւանքների վերացման ռազմավարությունը։ Ու «գաղթականի հոգեբանությամբ ապրող անհայրենիք գավառացի, հայոց պատմություն չիմացող» մեր պետական գործիչները «երջանիկ» են, որ կրկին «շրջանառության մեջ է դրվում «ցեղասպանություն» բառը»։ Հարյուրամյակների միակ գործչի համար արդեն ակնհայտ է, «թե ինչպիսի հակահայկական ռազմավարական հարց լուծեց կոմունիստական կայսրության ղեկավարությունը՝ ինձ՝ Հայաստանի ժողովրդավարական եւ ազգային անկախության պայքարի կազմակերպչին, արտաքսելով եւ իշխանությունն իր դրածոներին փոխանցելով»։ Այսպիսով. «ՀՀ-ն Արցախի հարցի ստրուկը չէ, Հայաստանն ունի նաեւ համահայկական հարցեր…»։ Իսկ իբրեւ լուծում եզրակացություն՝ «Առաջիկա ընտրություններն այդ ոլորտում առկա բացթողումները վերացնելու նախապայմաններ պիտի ստեղծեն։ Կամ ընտրվում է նոր նախագահ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգով, կամ նախագահի թիմում ընդգրկված ուժերը հանդես են գալիս ցեղասպանության հետեւանքների վերացման ռազմավարություն որդեգրելու հրամայականով»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ