Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերը հավաքելու ժամանակը

Մարտ 16,2003 00:00

Քարերը հավաքելու ժամանակը Կատարվածը ցույց է տալիս իշխանությունների որակը Նստացույց եւ հացադուլ հայտարարած կանանց այցելեցին բացառապես ընդդիմադիր պատգամավորները՝ Խորեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, Նորիկ Պետրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը, Ստեփան Զաքարյանը, Վարդան Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, որը ճերմակ վարդերի մի փունջ նվիրեց Սպարապետի մորը եւ համբուրեց նրա ձեռքը, եւ մի քանի այլ պատգամավորներ։ Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ կատարվածը ցույց է տալիս իշխանությունների որակը. «ե՛ւ բարոյական որեւէ չափանիշների չենթարկվելու, ե՛ւ բարոյական որեւէ չափանիշներով չառաջնորդվող իշխանության գնահատականն է։ Եվ որեւէ մեկը պետք է չմոռանա, թե ինչպես է հայտնվել այս շենքում եւ ում շնորհիվ է հայտնվել այս շենքում։ Այստեղ նաեւ մարդկային տեսակի լուրջ խնդիր գոյություն ունի։ Ես կարծում եմ, որ երկու բան կա աշխարհում, որոնք սահմաններ չունեն՝ տգիտությունը եւ ստորությունը»։ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությամբ. «Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո սպանվածի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Հիմա այդ նույն գիծը շարունակվում է։ Երեւի ես տեղ ունեմ խոսելու, որովհետեւ երբ Վազգեն Սարգսյանը կենդանի էր, ես նրա դեմ հրապարակավ խոսել եմ, իսկ այն մարդիկ, ում մտքով այդպիսի բան չէր անցնում այն ժամանակ, հիմա իրենց գործը շարունակում են։ Ես դա գնահատում եմ ընդհանուր առմամբ որպես քաղաքական հետապնդում, որի մասին առաջին անգամ ասվեց այն պահին, երբ որ ամբողջ հանրապետությունը սպասում էր ընտրությունների արդյունքներին ու կեղծ տվյալներ էին հաղորդվում։ Եվ այստեղ քաղաքական ենթատեքստը միանշանակ է։ Երկրորդ հանգամանքը՝ բոլորս հիշում ենք, երբ ընդհատվեց «27»-ի դատավարությունը՝ այն պահին, երբ որ Վ. Սարգսյանի ընտանիքի դատապաշտպանը հայտարարեց, որ Տիգրան Նաղդալյանի ցուցմունքի հետ կապված հնարավոր է բեկում՝ նա թիվ 1 վկաներից է, որի ներկայանալու դեպքում կարող է շատ բան բացահայտվել։ Դրանից հետո տեղի ունեցավ Տ. Նաղդալյանի սպանությունը։ Գնահատականը միանշանակ է՝ Վ. Սարգսյանի ընտանիքը պետք է ամեն ձեւի շահագրգռված լիներ, որ Տ. Նաղդալյանը ողջ լիներ եւ վկայություն տար։ Այս ընդհանուր ենթատեքստում, նաեւ նախագահական ընտրությունների այս կեղծիքներն ու բռնությունները հաշվի առնելով, մնում է մեկ գնահատական, ես իրավականից դուրս եմ գալիս՝ սա քաղաքական ենթատեքստ ունի»։ Ռիմա Դեմիրճյանը կատարվածը գնահատեց այսպես. «Սա մի անհավատալի, վերին աստիճանի անհավատալի մեղադրանք է։ Մի բան հստակ գիտեմ, որ «27»-ի զոհերի հարազատներից ոչ մեկին այս սպանությունը հարկավոր չէր։ Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով կարեւոր վկա էր, ու նրան թույլ չտվեցին, որ ցուցմունք տա դատարանի դահլիճում. չհասցրեց»։ Անահիտ Բախշյանի գնահատականը հետեւյալն էր՝ «27»-ին ԱԺ-ում գլխատվեց երկրի գործադիր եւ օրենսդիր մարմինը, օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ, ու հայտարարվեց, թե կատարողներն այդ 5-ն են, կազմակերպիչ ու պատվիրատու չկա. սպանվեց լրագրող Տ. Նաղդալյանը, 12 հոգի երկու ամիս հետո բռնվեցին, 2 ամսվա ընթացքում պարզվեց՝ պատվիրատու կա, կազմակերպիչ կա, հսկայական գումարներ են ասվել։ Սա ո՞ր տրամաբանությանն է ենթարկվում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես պարզ հարց եմ տալիս, թող հասարակությունը քննարկի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել