Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Ապրիլ 02,2003 00:00

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ Ընտրություններից հետո «Ազգային միաբանության» ղեկավարները հիմնականում զբաղված էին ընդդիմադիրներին նախատելով: Տրամաբանական հաջորդ փուլը պիտի լիներ Ռոբերտ Քոչարյանի առջեւ դարձյալ վարչապետի աթոռի համար կռիվ տալը: Եւ սրա նախանշանները երեւացին Բրյուսելում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը մարտի 24-ի քննարկումների ժամանակ միայն մեկ անգամ է խոսում եւ հետաքրքրվում, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը Իրաքի պատերազմի վերաբերյալ: Մինչդեռ Արշակ Սադոյանն ու Խորեն Սարգսյանն այդ նույն նիստի ընթացքում Եվրախորհրդարանի պատգամավորներին հավելյալ տեղեկություններ էին տրամադրում Հայաստանում ընտրական համակարգի թերությունների վերաբերյալ, իսկ պատվիրակության իշխանամետ անդամներն էլ՝ ակտիվորեն հակադարձում նրանց: Մեր հեռախոսազրույցի ընթացքում պրն Կարապետյանը հայտնեց, թե այդ քննարկմանը չէր մասնակցել, քանի որ ելույթի իր հերթը չէր հասել: Մարտի 25-ի քննարկումների ընթացքում էլ Խորեն Սարգսյանը խնդրում է, որ ԱԺ ընտրություններում ավելացվի դիտորդների թվաքանակը, որպեսզի կեղծիքները գոնե փոքր ինչ պակասեցվեն: Իսկ Ալեքսան Կարապետյանն իր ելույթում նախընտրում է նախ խոսել ընտրության առաջին փուլի վերաբերյալ եվրոպացի եւ ԱՊՀ դիտորդների գնահատականների մասին եւ նշում. «Ինձ թվում է՝ նախքան հրապարակումը, ճիշտ կլիներ, իրար հետ համաձայնեցնեին»: Հետո ակնարկներ է անում այլ ընդդիմադիրների մասին. «Ընդդիմությունը կիսվեց երկու մասի. մենք ընտրեցինք օրենքի ճանապարհը, մեր կոլեգաները՝ հանրահավաքների… Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուի՝ Արտաշես Գեղամյանի շահերը ոտնահարվեցին երկրորդ փուլ անցած թեկնածուների կողմից»: Նաեւ պնդում է, որ եթե ԱԺ ընտրություններն էլ օրինական չանցան՝ «մենք էլ ստիպված կլինենք գործել արդեն ոչ օրենքի, այլ ամբոխավարության դաշտում»: Ալեքսան Կարապետյանն առաջարկներ է ներկայացնում. «Շտապ պետք է խորհրդակցություններ սկսենք քաղաքական ուժերի հետ եւ համախմբվենք, որպեսզի ընտրությունները ճիշտ կազմակերպենք»: Եվ այս առումով կարեւորում է մի խնդիր՝ Անդրանիկ Մարգարյանը չպետք է մասնակցի ընտրություններին. «Համենայն դեպս՝ ոչ որպես վարչապետ, քանի որ այդպիսով կկրկնվեն նույն բաները: Եթե ընտրահանձնաժողովում 3 հոգի իշխանության ներկայացուցիչներն են, ապա նա ամեն ինչ կանի, որպեսզի խախտումներ լինեն: Մենք համապատասխան հարց կբարձրացնենք հանրապետության նախագահի առջեւ եւ կուսակցությունների հետ խորհրդակցության ժամանակ, որ նա պետք է ազատվի աշխատանքից՝ մինչեւ մայիսի վերջը… Նրա մասնակցությունը խիստ խանգարելու է արդար-ազատ ընտրություններին, քանի որ իշխանության բոլոր թեւերը գտնվում են նրա ղեկավարության ներքո»: Շատ հետաքրքիր էր տեղեկանալը, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Անդրանիկ Մարգարյանն է իշխանության բոլոր թեւերի ղեկավարը եւ հենց նա էլ կազմակերպել է խախտումները: Ի դեպ, ընդդիմության այլ ներկայացուցիչների՝ քվեաթերթիկները Եվրոպայում տպագրելու առաջարկի առնչությամբ «Ազգային միաբանության» ներկայացուցիչը հայտարարում է, թե կապ չունի՝ որտեղ կտպագրվեն. «Լցնողները լցնելու են» եւ մասնավորապես առավել կարեւորում է, որ Եվրամիությունն ընտրատեղամասերի թվով՝ 1865 ֆաքս տրամադրի, որպեսզի ընտրական հանձնաժողովներից կարողանան անմիջապես փոխանցել տվյալները. «Եվ ասեմ՝ ֆաքսերը մեզ մշտական պետք չեն: Կարող եք մի օրով բերել, հետո տանել՝ եթե պրոբլեմ կա»: Սակայն անդրադառնանք քննարկման երկրորդ օրվա նաեւ այլ ելույթների: Եվրախորհրդարանի Արդյունաբերության, արտաքին առեւտրի, հետազոտությունների եւ էներգետիկայի հանձնաժողովի անդամ տիկին Միրզինի Զորբան ասում է. «Չեմ կարծում, թե որեւէ մեկին դաս տալու խնդիր է ժողովրդավարությունը»: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ նիստում հնչած վկայություններին՝ նա ասում է, թե դրանք մտահոգիչ են, եւ զգուշացնում. «Ընտրությունների ժամանակ ծագած այդ խնդիրները կարող են արտասահմանում շահարկվել քաղաքական նպատակներով»: Իր նկատառումներն է հայտնում նաեւ Եվրախորհրդարանի Հայաստանի հետ համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար տիկին Ուրսուլա Շլայխերը եւ զգուշացնում, որ եթե երկրում չեն հարգվում օրենքները՝ բարդանում է նաեւ արտասահմանյան ներդրումների խնդիրը, նվազում միջազգային հեղինակությունը եւ մեծանում կախվածությունը. «Այնպես որ՝ փաստորեն, ձեր երկրի շահերից է բխում, որ խորհրդարանը հետամուտ լինի ընտրությունների արդարացի կազմակերպմանը եւ վերահսկի, որ գործադիր իշխանությունն իրականացնի օրենսդիրի սահմանած դրույթները: Ես հասկանում եմ, որ անցումային շրջանում գտնվող երկրների համար դա դժվարին գործընթաց է, եւ դա նաեւ զուտ քաղաքական խնդիր չէ… Բայց չէ՞ որ խոսքը ձեր ապագայի մասին է»: Ամփոփիչ ելույթ է ունենում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ վստահեցնում, թե անցած 5 տարիներին ունեցել ենք լուրջ առաջընթաց, ձեւավորվել են ժողովրդավարական ինստիտուտներ, երկրում կա մամուլի ու խոսքի ազատություն եւ այլն: Այս վարդագույն պատկերի ուրվագծման նպատակը ճիշտ կռահելով՝ Խորեն Սարգսյանը տեղից նետում է. «Պարզվում է՝ խախտումներն էլ ընդդիմությունն է կազմակերպել»: Սակայն պրն Հովհաննիսյանը նախընտրում է այլ ձեւակերպումներ. «Եղան բացասական շատ երեւույթներ, նաեւ խախտումներ, որոնք իրապես լուրջ ստվեր գցեցին ընտրությունների վրա: Պիտի ընդունենք, որ դա երեւի նաեւ քաղաքական ղեկավարության մեղքն է. մենք մեր հասարակությանը դեռ լիարժեք չէինք պատրաստել, որ եվրոպական մակարդակին հարիր ընտրություններ անի»: Այս ելույթին ի պատասխան՝ Արշակ Սադոյանը եվրոպացիներին տեղեկացնում է. «Հայաստանում կա մի լավ առած՝ լեզվին ոսկոր չկա, ինչ ասես կարելի է ասել: Կուզենայի ձեզ հատուկ զգուշացնել, որ իշխանական ճամբարից այստեղ հնչած ելույթները փայլուն օրինակ են ապատեղեկատվության ու մարդկանց թյուրիմացության մեջ գցելու՝ պրն Հովհաննիսյանի կողմից ասված բոլոր կետերը հակասում են իրականությանը»: Վերջում՝ մի դիտարկում. Եվրախորհրդարանի անդամների հետ մեր պատգամավորների քննարկումների ձայնագրությունն ապացույց է, թե դրանց ընթացքը բնավ այնքան խաղաղ ու հանդարտ չէր, ինչպես Բրյուսելից վերադառնալուց հետո ասուլիսում ներկայացրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Սա ստիպում է ընդհանրապես վերապահումով մոտենալ միջազգային ատյաններում Հայաստանի խնդիրների քննարկումների վերաբերյալ նրա մատուցած տեղեկատվությանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել