Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԳՈՎ

Ապրիլ 08,2003 00:00

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱԳՈՎ 2001 թ. դեկտեմբերի 14-ին հրավիրած իր մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չվարանեց հայտարարել, թե ինքը սահմանադրական բարեփոխումների այլ տարբերակ չի տեսնում եւ չի ընդունում, բացի իր առաջարկածից։ Նա նույնիսկ շեշտեց, որ այլ նախագիծ չի էլ լինելու, քանի որ, ըստ իրեն՝ փոփոխություններ առաջարկելու իրավունք, որպես սուբյեկտ, ունի միայն երկրի նախագահը. «կամ առնվազն պետք է ունենալ ԱԺ-ում մեծամասնություն, ոչ թե միայն մեծամասնություն, այլ՝ 2/3-ը։ Եթե իրենք ունենան ԱԺ-ում այդ 2/3-ը, ապա ես չգիտեմ՝ այստեղ ի՞նչ եմ անում։ Ուրեմն՝ ես չպետք է լինեմ կամ այդ ԱԺ-ն չպետք է լինի»։ Հիշեցնենք, որ այդ օրերին խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը քննում էր սահմանադրական բարեփոխումների փաթեթները՝ ե՛ւ նախագահինը, ե՛ւ Շավարշ Քոչարյանինն ու մյուսներինը։ Այսօր արդեն խորհրդարանի նախագահամետ մեծամասնությունը 77 կողմով ընդունել է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնելու մասին որոշման առաջարկ, եւ գնացքն, ըստ էության, արդեն գնացել է։ Մնում է, որ հանրաքվեն չարդարացնի Ռոբերտ Քոչարյանի հույսերը, մանավանդ դրա համար ռեալ հնարավորություններ կարծես թե կան։ Խնդիրն այն է, որ նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցության այնպիսի թիվ է նկարված, որը ինքնին վտանգել է հանրաքվեի արդյունքը։ Ժամանակին իր իսկ կողմից փոփոխված տարբերակի մասին Ռ. Քոչարյանն ասաց, թե այն «ճգնաժամային իրավիճակում լուծումներ տալու առումով շատ ավելի քիչ հնարավորություն է տալիս, քան գործող Սահմանադրությունը»։ Երեւի Ռ. Քոչարյանը հույս ունի, թե այսուհետեւ ճգնաժամային իրավիճակներ չեն լինելու։ Իհարկե, լինելու են, քանի որ դրանցից ոչ ոք եւ ոչ մի երկիր ապահովագրված չէ։ Հետաքրքիրն ուրիշ բան է՝ սահմանադրական փոփոխությունների տարբերակի վրա աշխատածներից մի քանիսը պնդում են, թե հանրաքվեի դրվելիք տարբերակը ոչինչ չունի այն տարբերակից, որի վրա իրենք ժամանակին աշխատել են։ Ուրեմն ի՞նչ աճպարարությամբ է ծնվել վերոհիշյալ տարբերակը, որն այնքան «դեմ»-եր ունի եւ ինչո՞ւ է մղվում հանրաքվեի։ Պատասխանը միանշանակ է՝ 98-ին նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե խոստանում է փոփոխել գործող Սահմանադրությունը եւ հետո էլ իր խոստման ձեռքը կրակն ընկավ։ Ճիշտ է, ընտրվելուց անմիջապես հետո ստեղծվեց նախագահին կից հանձնաժողով, որի աշխատանքները բավականին երկար բաց էին ու թափանցիկ, նույնիսկ մենք՝ լրագրողներս էինք մասնակցում։ Ավելի ուշ՝ իրավիճակի որոշ փոփոխությունից հետո փոխվեց հանձնաժողովի նախագահը (Պ. Հայրիկյանին փոխարինեց Դավիթ Հարությունյանը), եւ թերեւս մի բան գիտի, այնուամենայնիվ, Պարույր Հայրիկյանը, որն իր ամեն շաբաթ հրավիրվող ասուլիսներում չի մոռանում ասել նաեւ, թե նախագահն իրեն խաբել է սահմանադրական փոփոխությունների մասով։ Նախագահի լիազորությունների հարցն այնքան ծանրութեթեւ արվեց, որ այլեւս ոչ մեկի մոտ կասկած չմնաց՝ լիազորությունները փոփոխվել են՝ եթե ոչ թվաբանական, ապա ավելի իրական եւ խորքային են դարձել։ Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, սահմանադրական փոփոխությունների գծով Ռոբերտ Քոչարյանի «օգնական» Տիգրան Թորոսյանը չընդունեց նման մեղադրանքները։ Ըստ Տիգրան Թորոսյանի. «Գործող Սահմանադրությունը շատ ավելի լայն լիազորությունների հնարավորություն է տալիս նախագահին, քան այս փոփոխությունների փաթեթն է, եւ այդ առումով՝ նման գնահատականը, կարծում եմ, արդարացի չէ, ավելին՝ եթե նման գնահատականներ են հնչում, պետք է լինեն նաեւ հիմնավորումներ, թե որտե՞ղ, ո՞ր դրույթի ավելացումով կամ պակասեցումով է, որ ՀՀ նախագահը փորձում է Սահմանադրությունը հարմարեցնել ինքն իրեն։ Ցավոք սրտի, գործող Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ հիմնական մոտեցումներից շեղումներ են արվել, եւ Սահմանադրությունը, թերեւս, այդ որոշ հոդվածների առումով կարող է նման գնահատականի արժանանալ։ Ընդ որում, ասեմ, որ դա միայն նախագահին չի վերաբերում։ Նաեւ՝ ԱԺ-ին, մասնավորապես, երբ Վերահսկիչ պալատը գործող սահմանադրությամբ դարձել է ԱԺ-ի վարչություններից մեկը, մի քիչ կոպիտ եթե արտահայտվենք, ըստ էության՝ այդպես է»։ Այս հրապարակման սկզբում հիշատակված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր նաեւ, թե Հայաստանը ստիպված գնաց սահմանադրական բարեփոխումների, քանի որ Եվրախորհրդին անդամակցությունը ենթադրում էր նաեւ այս փոփոխությունները։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի՝ ոմանք պնդում են, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը եւս արվել է բոլորովին այլ փաթեթի վերաբերյալ, մինչդեռ հանրաքվեի է պատրաստվում դրվել ուրիշ տարբերակ։ Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել