Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԵՄ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»

Մայիս 14,2003 00:00

«ԵՍ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԵՄ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» Ասում է Արմեն Խաչատրյանը Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհի մեջ խորհրդարանի աշխատանքը կաթվածահար է եղել։ Ամենահանգիստն ու ապահովն այս իրարանցման մեջ ԱԺ դեռեւս գործող նախագահ Արմեն Խաչատրյանն է՝ առաջադրված չլինելով ոչ մեծամասնական, ոչ համամասնական ընտրակարգով։ Վերջինս իր գործընկերների անգործությունը նորմալ չի համարում. «Ես ինքս մինչեւ վերջ ծառայելու եմ, չեմ դրել իմ թեկնածությունը, բայց մինչեւ վերջին վայրկյանը ծառայելու եմ եւ իմ իշխանությունը փոխանցելու եմ հաջորդին, որից հետո կտնօրինեմ իմ ճակատագիրը։ Բայց մինչ այդ ես պարտք ունեմ տալու։ Հասարակ պարտաճանաչության խնդիր է, ավելորդ է անգամ դրա մասին խոսելը։ Եվ, ի վերջո, ԱԺ ամբիոնը ավելի լավ ամբիոն է, ավելի մասսայական, եւ կարելի է շատ լավ օգտագործել»։ Իսկ ինչո՞ւ օրենսդիրները չեն օգտագործում այդ ամբիոնը. «Երեւի այլ չափանիշներով են առաջնորդվում, երեւի տեղերում հանդիպումներն ավելի են կարեւորում, դա իրենց գործն է։ Բայց ես կարծում եմ, որ աշխատանքի գալը ուղղակի պարտադիր նախապայման է»։ Արմեն Խաչատրյանի գնահատմամբ, նախընտրական քարոզարշավը նորմալ ընթացք ունի. «Մի շարք բաներ կարծես ուղղվել են։ Օրինակ, հեռուստատեսությունը ավելի հավասարաչափ, ավելի անկողմնակալ է ներկայացնում կուսակցությունների հանդիպումները։ Ժողովուրդը ավելի գիտակցական ընտրության ճանապարհով է գնում, էմոցիաները մի քիչ մարել են, տեղի տալով ավելի բանական մոտեցումների»։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ իշխանական ճամբարի կուսակցություններն են իրար աջուձախ վարկաբեկում, փաստորեն խլելով ընդդիմության իրավունքը. «Երեւի նյարդերը չեն դիմանում, բայց դա լավ բան չէ։ Ընդհանրապես, սեւ PR-ը լավ բան չէ, մեկը մյուսին աղտոտելը լավ բան չէ։ Ամենակարեւորը պետք է լինի սեփականը ներկայացնելը՝ ո՞վ ես դու, ի՞նչ ծրագրեր ունես, ինչի՞ ես ունակ։ Սա է կարեւոր, թե չէ մյուսը ինչը եւ ինչու է վատ անում, մյուսի խնդիրն է, եւ ժողովուրդը իր գնահատականը կտա»։ Արմեն Խաչատրյանը երբեք չի ասել, թե իրեն կոնկրետ ինչ աշխատանք է առաջարկվել։ Մեր զրույցի ընթացքում եւս փակագիծը չբացվեց. «Ես կարող եմ ազնվությամբ ասել, որ այս պահին ինքս էլ չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես գիտեմ մոտավորապես բնագավառները, որտեղ հնարավոր է առաջարկ լինի, կամ՝ որտեղ ես կարող եմ իմ մասնագիտական հնարավորությունները, փորձը, ինֆորմացիան, անձնական, քաղաքական կապերը ներդնել եւ օգտակար լինել։ Ես կցանկանամ այն տեղում աշխատել, որտեղ մաքսիմալ օգտակար կարող եմ լինել։ Ես ավելի շատ մտածում եմ պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու, քան սեփական օգուտի մասին, հավատացեք ինձ»։ Արդյո՞ք ԱԺ-ում աշխատելը Արմեն Խաչատրյանին այլեւս չի գրավում եւ նա այլ կարգի աշխատանք է նախընտրում։ Պրն Խաչատրյանի պատասխանը հետեւյալն է. «ԱԺ-ում ես ԱԺ նախագահն եմ, չեմ նախընտրում լինել պատգամավոր։ Իսկ նախագահ լինելու համար անհրաժեշտ է քաղաքական հենարան։ Ահա դա է պատճառը, որ ես չեմ առաջադրվել, որովհետեւ եթե պետք է անցնեմ այլ աշխատանքի, այս պաշտոնից եւս կարելի է անցնել»։ Ո՞ր քաղաքական ուժերը լուրջ տեղեր կստանան ապագա խորհրդարանում։ Ըստ Արմեն Խաչատրյանի. «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵ-ն, «Արդարություն» դաշինքը, ԱՄ-ն, ՀՌԱԿ-ը, կարծում եմ, այս անգամ կգա ԱԺ, այնուհետեւ՝ ՀԺԱՄ-ը գուցե, տեսնենք կոմունիստներից ո՞րը կգա՝ նորացվա՞ծը, թե՞ կոմկուսը, բայց հիմնականում այս ուժերն եմ տեսնում»։ Ընդդիմության տարբեր թեւերի միմյանց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքը պրն Խաչատրյանը որակեց հայկական հինավուրց սովորություն. «Ամբիցիաների խնդիր է, մենք, ցավոք, չենք կարողանում համախմբվել գաղափարի շուրջ, այլ ավելի համախմբվում ենք անձերի շուրջ, յուրաքանչյուրիս անձը շատ ավելի վեր ենք դասում, քան գաղափարները եւ դա է պատճառը, որ ծնունդ ենք տվել 100-ից ավելի կուսակցությունների։ Ի վերջո, գաղափարը շատ ավելի լուրջ բան է, քան սովորական ծրագիր գրելը։ Եվ հետո՝ իշխանության մեջ չլինելը եւ մեծ-մեծ խոսելը շատ հեշտ է։ Երբ տեսնում եմ, թե ինչպես ինչ-որ խամ ու խոպան տղա հեռուստատեսությամբ մեծ-մեծ խոսում է, թե ինչպես պետք է երկիրը կառուցել, լուրջ չեմ վերաբերվում։ Իսկ երկիրը կառուցելու համար փորձ է պետք, պետք է իշխանության մեջ լինել, փորձ ունենալ, կարեւոր է նաեւ ինֆորմացիան։ Եթե մարդը 4-5 տարի կարողացել է աշխատել, ինֆորմացիա ձեռք բերել, ստեղծել է քաղաքական կապեր եւ կարող է մի հեռախոսազանգով լուրջ հարցեր լուծել, ապա դրան հասնելը հեշտ չէ։ Դրա համար տարիներ են պետք, պետք է Հայաստանում ձեւավորել քաղաքական էլիտա։ Հաջորդ հրամայականը պետության շարունակականությունն է։ Այսինքն, ոչ թե հերքել եւ զրոյից սկսել, ժխտել եւ նորից սկսել, այլ շարունակել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել