Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռյակն» արդեն այստեղ է

Հուլիս 10,2003 00:00

«Եռյակն» արդեն այստեղ է «Եվրամիությունը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում հաստատվի երկարատեւ խաղաղություն»,- հուլիսի 8-ին Բաքվում կայացած ամփոփիչ ասուլիսին այսպիսի հայտարարություն է արել Իտալիայի փոխարտգործնախարար, Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար Մարգերիտա Բոնիվերը։ Վերջին շրջանում Եվրամիությունն ընդգծված հետաքրքրություն է սկսել ցուցաբերել Հարավային Կովկասի նկատմամբ, ինչն, առաջին հերթին, արտահայտվում է այս տարածաշրջանի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոն հիմնելով։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող ֆին դիվանագետ Հեյքի Թալվիթեն, ի դեպ, նույնպես ընդգրկված է այցով տարածաշրջանում գտնվող ԵՄ պատվիրակության մեջ։ Բաքվում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինս նշել է, թե իր գլխավոր խնդիրն է «նպաստել Եվրամիության եւ տարածաշրջանի երկրների միջեւ կապերի ամրապնդմանը»։ Թալվիթեն հայտարարել է, որ իր անմիջական հանձնառությունների թվում է նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն օժանդակելը։ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովի կարծիքով, այս կառույցի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում նախեւառաջ պայմանավորված է այստեղ ընթացող «բուռն գործընթացներից» հետ չմնալու նրա ձգտումով։ «Եվրամիությունը հիանալիորեն գիտակցում է, որ խաղաղ կարգավորման ժամանակային լիմիտը աչքի առջեւ սպառվում է։ Նրանց համար միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն չի արել անգամ այն նվազագույնը, ինչն ակնկալվում էր»,- Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում նշել է դեսպան Արիֆ Մամեդովը։ Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, թե ԵՄ անդամ երկրները, շատ լավ հասկանալով, որ տնտեսապես հզորացող Ադրբեջանը կարող է եւ իր խնդիրները լուծել «ոչ քաղաքական» եղանակներով, ձգտում են ուժեղացնել իրենց դերակատարությունը, փորձելով կնճիռը հարթել խաղաղ ճանապարհով։ Արիֆ Մամեդովը նշել է, թե Եվրամիությունը ժամանակին խստորեն դատապարտել է ԼՂՀ-ում կայացած բոլոր մակարդակի ընտրությունները, «որոնք իրականացվել են օկուպացիոն վարչակարգի կողմից», ինչպես նաեւ բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Վերջապես, Մամեդովը չի բացառել կարգավորման շրջանակներում հին տեխնիկական նախագծերի վերսկսումը՝ 4 օկուպացված շրջանների ազատագրման փոխարեն։ Այս ամենով հանդերձ, սակայն, Արիֆ Մամեդովն այնքան էլ վստահ չէ Եվրամիության ազդեցությունների զինանոցի հզորությանը, թեեւ տեսականորեն չի բացառում, որ ապագայում եվրոպական խաղաղարարները կարող են բաժանիչ գործողություններ իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Այդուամենայնիվ, անկախ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի՝ ուժ գործադրելու հավանականության վերաբերյալ արած զուսպ սպառնալիքներից, «Եռյակի» պատվիրակության անդամներն իրենց բոլոր հանդիպումների ժամանակ վճռականորեն առաջադրել են երկու մոտեցում. Հարավային Կովկասում հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, իսկ ԵՄ-ի հետ տարածաշրջանի երկրների մերձեցման համար այդ երկրներում ընտրությունները պետք է լինեն բաց եւ ժողովրդավարական։ Հիրավի, գրեթե անլուծելի պայման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Իսկ ԵՄ «Եռյակի» պատվիրակությունն արդեն Երեւանում է։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել