Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչությունը սահման չի ճանաչում

Սեպտեմբեր 30,2003 00:00

Ահաբեկչությունը սահման չի ճանաչում Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպչական- վերահսկողական բաժնի պետ Գագիկ Ավետիսյանի հետ։ – ԱՄՆ պետական դեպարտամենտի հակաահաբեկչության օժանդակության գրասենյակը սեպտեմբերի 5-20-ը կազմակերպել էր երկշաբաթյա ֆորում։ Ի՞նչ հարցեր քննարկվեցին։ – Քննարկումների շրջանակը իհարկե շատ մեծ էր. սկսած ԱՄՆ եւ ՀՀ քրեական արդարադատության համակարգերի համեմատական վերլուծություններից մինչեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքար: Ընդհանրապես լուրջ միջոցառում էր հայկական եւ ամերիկյան ներկայացուցիչների մասնակցությամբ։ – Ի՞նչ այցելություններ եք կատարել։ – Եղել ենք ԱՄՆ Կապիտոլիումի եւ Բալթիմորի ոստիկանություններում, Պետդեպարտամենտում, Ինտերպոլի գրասենյակում, Ֆեդերալ ծառայությունների բյուրոյում, Մերիլանդի համալսարանում։ -Ամերիկյան իրավապահ մարմիններից որեւէ մեկը պատժվե՞լ է՝ սեպտեմբերի 11-ը չկանխելու համար: – Որքան հասցրել եմ տեղեկանալ, պաշտոնատար որեւէ անձ քրեական պատասխանատվության չէր ենթարկվել։ Կամ այլ պատասխանատվության։ Հետաքրքիր մի օրինակ բերեցին ամերիկացիները. Ֆեդերալ բյուրոյի մի կին աշխատակից պարբերաբար զանգահարել էր Վաշինգթոնի իր վերադասին եւ հայտնել, որ իրենց տարածքում արաբներ կան, որոնց գործունեությունը խիստ կասկածելի է՝ նրանք սովորել են օդաչուական դպրոցում, սակայն վայրէջքի մասին ոչինչ չեն սովորում։ Այդ կինը խնդրել էր, որ իրեն թույլ տան մտնել նրանց համակարգչային ծրագիր։ Արգելել էին։ Վերջին անգամ դիմել էր սեպտեմբերի 11-ին։ Հետագայում պարզել են, որ այդ կինը ճիշտ էր։ Առհասարակ խոսք գնաց նաեւ Աֆրիկայում ԱՄՆ երկու դեսպանատներում ռումբերի պայթյունների, Ալ Ղաիդայի շուրջ։ Վերջիններիս աջակցելու համար ձերբակալվել էին 3000 անձ՝ 100 պետություններում։ – Պարոն Ավետիսյան, լիազորությունների առումով ամերիկացի դատախազները զիջո՞ւմ են մեզ, թե՞ հակառակը։ – Դատախազն այնքան ինքնուրույն է, որ ինքն է որոշում, թե որ գործն ուղարկել դատարան։ Հնարավոր է 1000 գործից դատարան ուղարկվի 5-ը եւ նա այստեղ հաշվի է առնում՝ դատական հեռանկար ունի՞ գործը, թե՞ ոչ։ Հնարավոր է ինչ-որ փուլում համաձայնության գան պաշտպանական կողմի հետ։ – Այսինքն, տուժողի իրավունքները, ինչպես մեզ մոտ, կարող են տապալվե՞լ։ – Տուժողին բողոք բերելու իրավունք չեն տալիս ընդհանրապես։ Նա առաջին ատյանի դատարանում էլ չի կարող բողոք բերել՝ ի տարբերություն մեզ։ Դատախազին նույնպես իրավունք չի տրվում բողոք բերել։ Ինձ համար հետաքրքիր էր նաեւ այն, որ ֆեդերալ եւ նահանգային դատախազները ընտրվում են 3 տարի ժամանակով եւ հաշվետու են ժողովրդին։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930