Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ

Հոկտեմբեր 15,2003 00:00

ԱՅՍՕՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ Այսօր Ադրբեջանում տեղի են ունենում երկրի նախագահի ընտրություններ: Դատելով ադրբեջանական մամուլից, իրավիճակը քվեարկության նախօրեին չափազանց լարված է: Ահազանգում են հասարակական կազմակերպությունները Ադրբեջանում նախագահի ընտրությունների նախօրեին այդ երկրի մի քանի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Ադրբեջանի հասարակությանն ուղղված համատեղ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը «ծանր եւ վտանգավոր է»: Հասարակական կազմակերպությունների ղեկավարները՝ թվով 25 հոգի, արձանագրել են. «Հակառակ մեր սպասումների, նախընտրական պայքարն ուղեկցվեց օրենքների եւ ժողովրդավարության նորմերի լուրջ խախտումներով»: Ավելին՝ «նախընտրական պայքարը հաճախ դուրս եկավ օրինականության շրջանակներից եւ ուղեկցվեց բռնությամբ եւ բախումներով»: Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները նաեւ կարծիք են հայտնել, թե «ստեղծված իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու միակ տարբերակը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն է, հակառակ դեպքում երկրին սպառնում է վերադարձ 90-ական թվականներին ստեղծված իրավիճակին, որի տխուր հետեւանքներն Ադրբեջանում դեռ հիշում են»: Ստեղծված վիճակն ավելի տագնապեցնող են դարձնում լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն, օտարերկրյա որոշ պետություններ շահագրգիռ են քվեարկության օրն Ադրբեջանում բախումներ հրահրելով: Ըստ այդմ, Իրանի՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքում ԻԻՀ-ի հատուկ ծառայությունների ուժեր են մոբիլիզացված, որոնք պատրաստ են ցանկացած պահի որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներթափանցել այդ երկիր՝ բախումներ սադրելու համար: Մեկ այլ տարբերակով նույն նպատակով ԻԻՀ հատուկ ծառայությունները կարող են պարզապես զենք մատակարարել ընտրություններից դժգոհ խավերին: Ընդդիմությունն այդպես էլ համաձայնության չի եկել Ադրբեջանում ընտրությունների նախօրեին ջղաձիգ դրսեւորումներ են արձանագրվել նաեւ ընդդիմության կողմից: Վերջիններս, ի դեմս այդ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների՝ ԱԺՃ-ից՝ Ալի Քերիմլիի, եւ նախագահի թեկնածուներ Էթիբար Մամեդովի եւ Իսա Գամբարի, միասնական թեկնածու առաջադրելու վերջին ճիգեր են գործադրել: Ադրբեջանական ԶԼՄ-ների մատուցմամբ, քվեարկություններին նախորդող օրվա ուշ գիշերին նրանց բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որոնց արդյունքում Ալի Քերիմլին նույնիսկ հրաժարվել է Իսա Գամբարի հաղթանակի դեպքում իր եւ իր զինակիցների կողմից որեւէ պաշտոնում հավակնություններ ներկայացնելուց: Նույն աղբյուրի պնդմամբ, սակայն, նույնիսկ այս դեպքում, համաձայնությունը մեկ օրից ավել հնարավոր չի եղել ուժի մեջ պահել: ԱՄՆ կառավարությունը որեւէ թեկնածուի չի պաշտպանում Նման հայտարարությամբ քվեարկության նախօրեին հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռենո Խարնիշը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ազատ եւ թափանցիկ ընտրությունների կողմնակից է, ինչին հասնելու համար Միացյալ Նահանգները ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական կողմին, միաժամանակ խորհրդատվություններ են անցկացնում իշխանության բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ԿԸՀ-ի եւ քաղաքական առաջնորդների հետ: ԵԱՀԿ-ն երկրորդ փուլի հավես չունի Նման եզրակացության կարելի է հանգել ադրբեջանական աղբյուրների հաղորդած այն տեղեկություններից, ըստ որոնց, ընտրություններին հետեւելու համար Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արդեն տոմսեր է գնել եւ ընտրությունների առաջին փուլն ամփոփելուց անմիջապես հետո Ադրբեջանից մեկնելու է, որովհետեւ իր բյուջեում հատկացումներ չեն արվել երկրորդ փուլում աշխատելու համար : Միաժամանակ, պարզվում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներսում էլ ամեն ինչ հալած յուղի նման չէ: ԵԱՀԿ մասնավորապես Բուլղարիայի ներկայացուցիչ Պլամեն Նիկոլովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել, թե ԵԱՀԿ-ն «բավարար պատասխանատվությամբ չի վերաբերում այս տարվա նախագահական ընտրությունների մոնիտորինգին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել