Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն

Նոյեմբեր 27,2003 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ «ԱրմենՏելի» մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաքննություն է ընթանում։ Դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել ընկերության տեխնիկական տնօրեն Գագիկ Փանոսյանը, Երեւանի հեռախոսացանցի պետ Լեւոն (Լեւուշ) Բաբուրյանը եւ այլք։ Մեր տեղեկություններով, նրանց նույնիսկ 1-2 օր մեկուսարանում են պահել։ Այդ պաշտոնյաները ժամանակավորապես ազատված են իրենց պարտականությունների կատարումից։ Նախաքննությունը, ըստ մեր տվյալների, կապված է բջջային «իզի» քարտերի՝ սեւ շուկայում հայտնվելու հետ։ Դատախազությունից այդպես էլ չհաջողվեց այլ մանրամասներ ճշտել։ Իսկ «ԱրմենՏելի» ձեւակերպմամբ, պարզապես «դատախազությունում ինչ-որ քննչական գործողություններ են անցկացնում»։ Մեր աղբյուրի հաղորդմամբ, «ԱրմենՏելի» ղեկավարությունն ինքը շահագրգռված է գործի բացահայտմամբ։ Եվ չնայած ընկերության լրատվական ծառայությունը պարտականություններից ազատված լինելու վերաբերյալ նշեց, թե «այդպիսի հրաման չկա», այնուամենայնիվ, մեր աղբյուրը պնդեց, որ դա այդպես է։ Միեւնույն ժամանակ, չնայած կառավարության անհամաձայնությանը, շաբաթ օրը «ԱրմենՏելը» մամուլում հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ մտադիր է ֆիքսված (քաղաքային) հեռախոսակապի րոպեավճարը թանկացնել, իսկ կանխավճարը՝ հանել։ Որպես դրա իրավական հիմնավորում, ընկերությունը նշում է թիվ 60 լիցենզիան։ Իսկ հայտարարության զգուշացումը, որ նոր «սակագների կիրառումը բացարձակ անհրաժեշտ պայման է «ԱրմենՏելի» հետագա արդյունավետ գործունեության», ըստ էության, պատասխան է կառավարության վճռական դիրքորոշմանը՝ թե «թույլ չենք տալու, որ սակագինը բարձրացնեն»։ Միեւնույն ժամանակ, սույնով ընկերությունն ակնարկում է, որ զիջումներ չի անելու։ Ընկերությունը նշում է նաեւ, որ րոպեավճարի կիրառումը հետաձգելու հետեւանքով վերջին 5 տարիների ընթացքում կորցրել է $40 մլն։ Կառավարության մեր աղբյուրի գնահատմամբ, կորուստների վերաբերյալ «ԱրմենՏելի» պնդումը հեռու չէ իրականությունից։ Կառավարության համապատասխան մասնագետներն էլ են հաշվարկ կատարել եւ պարզել, որ րոպեավճարի հետաձգման շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք ամսական խնայել է 5-20 հազար դրամ (հաշվելը դժվար չէ)։ Իսկ հեռահաղորդակցության ծառայությունների սակագների թանկացում թույլ չտալու համար կառավարությունը մոտեցում է մշակել, որի հիմքում «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածն է։ Դրա հիման վրա ժամանակին ընդունվել եւ այժմ գործում է «Բացառիկության իրավունքներով մատուցվող ծառայությունների սակագների հաստատման կարգը» (կառավարության որոշում)։ Այդ որոշումը կոնկրետ ընթացակարգ է նախատեսում՝ որով, մասնավորապես, ընկերությունը սակագինը բարձրացնելու հայտով անպայման պետք է դիմի տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Մեր աղբյուրի մեկնաբանությամբ, այդ որոշումը իմպերատիվ բնույթ է կրում եւ բացառություն չի նախատեսում։ Կառավարությունն այս դրույթների վրա է հիմնվելու։ Բայց «ԱրմենՏելը» կառավարությանը չդիմեց, որովհետեւ գտնում է, որ կիրառում է «նախնական սակագին», որի համար լիազոր մարմնի համաձայնության կարիքը չունի։ Եվ ընդամենն այդ մասին նոյեմբերի 4-ին նամակով տեղյակ է պահել տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Իր պատասխան նամակում նախարար Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ սակագները կիրառելի չեն, որովհետեւ լիցենզիայի՝ «ԱրմենՏելի» նշած 6բ)1) կետն արդեն ուժի մեջ չէ։ Այդ կետն է սահմանում «նախնական սակագնի» անվերապահ կիրառման իրավունքը։ Այդ կետը գործել է լիցենզիայի վերախմբագրումից հետո 1 տարվա ընթացքում։ Իսկ լիցենզիան վերախմբագրվել է 1998թ.։ Ուստիեւ, նախարարի մեկնաբանությամբ, նոր սակագինը ոչ թե «նախնական» է, այլ «հերթական»։ Խնդիրն այն է, որ նախնականի դեպքում ընկերությունն, իրոք, լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու խնդիր չունի։ Իսկ հակառակ դեպքում, ակնհայտ է, որ մերժում են ստանալու, եւ այդ մերժման համար իրականում անթիվ պատճառներ կան։ «ԱրմենՏելը» չցանկացավ սրա վերաբերյալ հակափաստարկներ ներկայացնել, նշելով, որ «մեկնաբանությունը «ԱրմենՏելի» հայտարարությունն է»։ Իսկ կառավարությունը 3-4 օրից իր վերջնական դիրքորոշումը կարտահայտի «ԱրմենՏելի» վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, ե՛ւ լիցենզիայի, ե՛ւ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930