Նավթատարը կպայթեցվի՞ Բրիտանական «Գարդիանում» օրերս հրապարակված սենսացիոն հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) ծրագրում է ցանկացած՝ ընդհուպ դիվերսիոն պայթեցումների միջոցով խափանել «Բաքու-Ջեյհան»-ի շինարարությունն ու հետագա գործարկումը, մեծ ռեզոնանս է առաջացրել Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքագիտական-տեղեկատվական շրջանակներում: Հետաքրքիր է, որ այս հաղորդման աղբյուրն, ըստ «Գարդիան»-ի, հանդիսանում է ոչ այլ ոք, քան Վրաստանի նախարարների կաբինետի անդամ, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը: Բրիտանական պարբերականի աղբյուրը նաեւ նշել է, թե հենց ԳՀՎ-ի կողմից է ֆինանսավորվում տարբեր տեսակի «կանաչների» ծածկույթի տակ հանդես եկող շուրջ 70 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, որն, ինչպես հայտնի է, կատաղի պայքար է մղում ԲԹՋ-ի վարկավորման դեմ: Ու մինչ Մոսկվայի հանդեպ վերջին օրերին ավելի ու ավելի սաստկացող անբարեհաճությանը համահունչ՝ վրացական մամուլը ընդգծված զգացական երանգներով է անդրադառնում այդ «բացահայտմանը»: Բաքվում աշխատում են ավելի զուսպ վերաբերվել դրան: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը նշել է, թե չարժե լուրջ ընդունել Վրաստանի ներկայիս «էքստրեմալ իրավիճակում» այնտեղից հնչող նման հայտարարությունները: Միեւնույն ժամանակ Աբասովը չի ժխտել, որ նավթատարն իսկապես ոխերիմ թշնամիների պակաս չունի, սակայն, նրա հավաստմամբ, ձեռք են առնվում անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ռուսաստանի կողմից նման ձեռնարկի իրականացումը քիչ հավանական է համարում նաեւ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նա պնդում է, որ Մոսկվան պարզապես չի գնա այդ աստիճան չարդարացված ռիսկի, հրաշալի իմանալով, թե ինչ լրջորեն է պահպանվում նավթատարը կոնսորցիումի հիմնական մասնակից «Բրիթիշ Պետրոլիում»-ի կողմից: Բացի այդ, քաղաքագետը պնդում է, որ այն բանից հետո, երբ «Բրիթիշ Պետրոլիում»-ը դարձավ Ռուսաստանի՝ մեծությամբ երկրորդ նավթային ընկերության՝ THK-ի սեփականատերը, այդ երկիրն ինքն է շահագրգիռ BP-ի հետ հարաբերությունները չփչացնելու հարցում: Ադրբեջանական, ինչպես նաեւ արեւմտյան որոշ փորձագետներ, իրենց հերթին, չեն բացառում, որ նման տեղեկատվության արտահոսքը պայմանավորված է վրացիների՝ որոշակիորեն ապահովագրվելու ցանկությամբ: Ըստ այդմ, ԲԹՋ-ի վրաստանյան, նույնն է թե վատ վերահսկվող, հատվածների հետ ինչ որ բան պատահելու դեպքում պատասխանատվությունն այլեւս հանգիստ խղճով կարելի է գցել ռուսների վրա: Այս ամենով հանդերձ, «Գարդիան»-ի վերոհիշյալ աղմկահարույց հրապարակումն առավել, քան հարմարավետ կերպով տեղավորվում է այս օրերին Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ծավալվող քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ: Ուստի ամենեւին չպետք է զարմանալ, եթե հենց այսօր կամ վաղը պայթի մեկ այլ քարոզչական ռումբ՝ որը, սակայն, այս անգամ կունենա «ռուսական ծագում», հետեւաբար եւ՝ վրաստանի նոր իշխանություններին վարկաբեկելու նպատակ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ