Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՎԵՐ

Փետրվար 14,2004 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՎԵՐ Խոսակցություններն այն մասին, թե պե՞տք է արդյոք աշխատավարձ ստանան ընդդիմադիր այն պատգամավորները, որոնք չեն մասնակցում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը՝ ստիպեցին վերհիշել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փետրվարի 2-ի նիստը, որտեղ հրապարակվեցին այն պատգամավորների անունները, որոնք բացակայել են քվեարկությունների կեսից ավելին: Ասենք՝ Հարություն Փամբուկյանը ներկա չէր եղել 219 քվեարկությունների, Լեւոն Սարգսյանը հաջողացրել էր բացակայել 183-ից, Տիգրան Արզաքանցյանը՝ 174-ից, Սուրեն Խաչատրյանը՝ 156-ից, Մուրադ Գուլոյանը` 153-ից: Ի դեպ, հենց այս նիստի շնորհիվ խորհրդարանական լրագրողներս բացահայտեցինք, որ գոյություն ունի Մուրադ Գուլոյան անունով պատգամավոր, որն ընտրվել է ՀՀԿ ցուցակով: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հրապարակած 8 անուններից ընտրեցինք հատկապես իշխանամետներինը, որոնք բոլորը բուժող բժշկից իրենց անաշխատունակությունը հաստատող տեղեկանքներ էին ներկայացրել: Ուստի եւ նրանց բացակայությունները համարվեցին հարգելի եւ որեւէ մեկը չսկսեց դատողություններ անել այն թեմաներով, թե արդյոք նրանք իզո՞ւր չեն աշխատավարձ ստանում հարկատուների միջոցներից: Ուրեմն ինչո՞ւ են այդ դատողություններն արվում ընդդիմադիրների հասցեին: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ են դարձյալ հաճախակիացել հարձակումներն ընդդիմության հասցեին: Ասենք, Հանրային հեռուստաընկերությունը, որ ընտրություններից հետո հարաբերականորեն փոխել էր իր ոճը եւ դարձել ավելի շատ լրատվական, քան քաղաքական գործիք՝ էլի վերսկսեց ռեպորտաժներ հեռարձակել, թե ինչպե՜ս են Ադրբեջանում ուրախացել, որ մեր ընդդիմադիրները բոյկոտում են ԱԺ-ն: Ընդհանրապես՝ հեռուստացույց նայելով կարող ես տպավորություն ստանալ, թե շուտով ընտրություններ են լինելու: Չէ՞ որ միայն «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը» չէ, որ մարզեր են մեկնում ժողովրդի հետ հանդիպումների, այլ նաեւ ՀՅԴ-ն ու Ժողովրդական կուսակցությունը: Տիգրան Կարապետյանի այցելությունների մասին պատմող սյուժեները ընդհանրապես մեծ բավականությամբ են դիտվում: «Ցա՜վդ տանեմ»,- դիմում է նրան մի տատիկ: «Ե՛ս քո ցավը տանեմ»,- պատասխանում է Կարապետիչը: Չէ, սա հետընտրական իներցիա չէ: Սրանք նախընտրական հովեր են: Ուստի՝ արժե որ «Առավոտի» գլխավոր խմբագիրը սկսի առնվազն հոգեբանորեն նախապատրաստվել «Փարաքարի արծվին» գրազը տանուլ տալու հեռանկարին: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829