Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ հավատարիմ Ռուսաստանին

Մարտ 17,2004 00:00

Միշտ հավատարիմ Ռուսաստանին Սա է Հայաստանի նշանաբանը Վրաստանի կենտրոնական իշխանությունների եւ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի ու նրա զինակիցների միջեւ առկա հակասությունները, որ սպառնում են վերածվել ռազմական բախման, բնականաբար, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական ոլորտների վրա: Մեզ համար առավել քան անհանգստացնող է նաեւ այն տեղեկությունը, ըստ որի, Գյումրիում տեղակայված ռուսական զորքերը, որտեղ նաեւ պարտադիր զինծառայություն են անցնում ՀՀ քաղաքացիները, ըստ որոշ տեղեկությունների, սկսել են տեղաշարժվել դեպի Վրաստան, Աջարիա: Խոսելով այդ հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին, երեկ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբակցության ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը արձանագրեց, որ դա առաջին հերթին կանդրադառնա մեր տնտեսության վրա՝ նկատի ունենալով, որ մեր երկրի հետ բեռնափոխադրումների միակ ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով եւ Փոթիի նավահանգստով: «Արդեն ահազանգեր կան, որ իրավիճակի սրման պատճառով այդ բեռնափոխադրումները դանդաղում եւ դադարեցվում են»,- ասաց Վ. Բաղդասարյանը: Վերջինս հույս հայտնեց, թե Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ առկա հակասությունները խաղաղ ճանապարհով կլուծվեն եւ ռազմական գործողությունների չեն վերածվի: Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի տեղաշարժին, ապա՝ Վ. Բաղդասարյանը, որն այդպիսի տեղեկություններ չուներ, դրանում արտառոց ոչինչ չտեսավ: Նա համոզմունք հայտնեց, որ դրանք ՌԴ զորքեր են եւ իրավունք ունեն տեղաշարժվել, ըստ Վ. Բաղդասարյանի, գուցե նաեւ ազնիվ նպատակներից ելնելով. ասենք, զարգացումները ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը կանխելու համար: Այս փաստը Վ. Բաղդասարյանը հայ-վրացական հարաբերությունների վրա բացասաբար ազդելու պատճառ չհամարեց: Ավելին, հակադարձելով մեր այն դիտարկմանը, թե այդ փաստը կարող է ամրապնդել մեր հարեւանների, միջազգային հանրության այն գնահատականները, թե ՀՀ-ում ռուսական զորքերի ներկայությունը տարածաշրջանում ապակայունացնող գործոն է, Վ. Բաղդասարյանը նկատեց, թե մեր հարեւան Թուրքիայում էլ ԱՄՆ ռազմաբազաներ են տեղակայված, բայց դրանք մենք որպես՝ տարածաշրջանն ապակայունացնող գործոն չենք գնահատում: Այս առնչությամբ միանգամայն այլ էր «Արմատ» կենտրոնի քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիրքորոշումը: «Ես կասկած չունեմ, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ իր ընտրություններից անմիջապես հետո կատարած ակտիվ «վոյաժների» գլխավոր նպատակը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում միջազգային հանրության աջակցությունը ստանալն էր: Նա ստացել է այդ աջակցությունը, եւ ես վստահ եմ, որ նա արագ կլուծի Աջարիայի հետ ունեցած խնդիրը. Աջարիայում իշխանություն կփոխվի, իսկ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները Աջարիայում կանցկացվեն ազատորեն»: Միաժամանակ Ստ. Գրիգորյանը մտահոգված էր Թբիլիսի-Բաթումի լարվածության մեջ ՀՀ-ին ներքաշելու հավանականությամբ՝ հատկապես ՀՀ-ում ռուսական զորքերի տեղաշարժի համատեքստում: «Վրաստանի քաղաքական շրջանակներում Վրաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ռուսական զորքերի տեղաշարժը շատ բացասաբար եւ ջղաձգումներով է ընկալվում, առավել եւս, որ ցանկացած նման տեղաշարժ Վրաստանի ներսում, ի տարբերություն Հայաստանի, հստակորեն վերահսկվում է վրաց իշխանությունների կողմից: ՀՀ-ում, դժբախտաբար, մեր իշխանությունները սրա վրա աչք են փակում, թեեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ համապատասխան պայմանագրերում ֆիքսված է, որ ռուսական զորքերի որեւէ տեղաշարժ պետք է համաձայնեցվի ՀՀ իշխանությունների հետ: Իրականում ստացվում է, որ մենք ավանդաբար պաշտպանում ենք ոչ թե մեր, այլ՝ ռուսական շահերը: Դա ուղղակի ազդեցություն է այս լարվածության համատեքստում, եւ ՀՀ-ից ռուսական զորքերի շարժը դեպի Վրաստան, Աջարիա միանշանակ փչացնում է հայ-վրացական հարաբերությունները»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել