Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆ ՉԵՆՔ»

Մայիս 06,2004 00:00

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆ ՉԵՆՔ» «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը առողջական խնդիրների պատճառով վերջին ամիսը չէր մասնակցում ընդդիմության գործողություններին: Սակայն հստակ ու շատ սուր դիրքորոշում ունի տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: – Ինչպե՞ս եք գնահատում «Արդարություն» դաշինքի եւ «նրան հարող անձանց դեմ» հարուցված քրգործը: Արդյոք կարելի՞ է Վաղարշակ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին եւ այլոց համարել քաղբանտարկյալներ: – Անշո՛ւշտ: Վաղարշակ Հարությունյանը վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես ելույթ չի ունեցել եւ առանձնակի ակտիվություն չի դրսեւորել: Եվ եթե 6 ամիս առաջ նա չի ձերբակալվել եւ կալանավորված է այժմ՝ հետեւաբար, նա քաղաքական նկատառումներով է զրկվել ազատությունից եւ քաղբանտարկյալ է: Նույնը վերաբերում է նաեւ Սուրեն Սուրենյանցին եւ այլոց՝ քանի որ ձերբակալվել են քաղաքական իրադարձությունների կիզակետի նախօրեին կամ ընթացքում՝ բնականաբար, այս ամենը հետապնդում է նույն նպատակը, ինչ Արմավիրից, Գավառից կամ Մարտունիից Երեւան եկող ճանապարհների փակումը: – Կուսակցությունների գրասենյակների վրա կատարված հարձակումների առնչությամբ դաշնակցականները պնդում են, թե դրանք մանկական խաղալիք են այն ամենի համեմատ, ինչ իրենց հետ կատարվեց 1994-ին: Համաձա՞յն եք: – Ինձ համար կրկնակի ցավ է ՀՅԴ վրա դրված դերակատարությունը: Փափախ փախցնողների կուսակցության կամ ընտրակեղծիքներով հայտնի ու երկրորդ-երրորդ սերնդի ժառանգությունը վայելող ուժի պահվածքն այդքան չի ազդում ինձ վրա: Իսկ ՀՅԴ-ն սեփական մաշկի վրա է զգացել ե՛ւ գրասենյակների կողոպուտը, ե՛ւ այն, երբ համակարգիչները միանգամից նետում են բեռնատարների թափքի վրա: Իշխանափոխության կոչեր անելու համար մի քանի տարվա բանտարկություն եւ անազատություն տեսած մարդիկ արդարացնում են այսօրվա քայլերը: Իհարկե, նրանցից բոլորը չէ, որ ամոթը կորցրել են՝ ոմանք դա անում են կարմրելով: Բայց դաշնակցական 1-2 առաջնորդներ արդարացման փորձեր են անում եւ դա ուղղակի անհասկանալի է: Ես ափսոսում եմ: Նույն ձեւով ու համառությամբ, ինչպես հիմա եմ արտահայտվում անօրինականությունների դեմ՝ պայքարել եմ նաեւ այն տարիներին: Հիմա մտածում եմ՝ մի՞թե ես սխալ եմ վարվել: Վստահ եմ, որ ո՛չ, եւ հիմա էլ սխալ չեմ վարվում: Բայց նրանք, ովքեր իշխանությունը ձեռք գցած՝ փորձ են անում չտեսնելու կամ կուլ տալ այս ամենը՝ անպայման իրենց քթի՛ց է գալու: Նրանցից ծնված երեխաներն են ցույց տալու իրենց այս ստորությունը: – Վերջին օրերի համար հատկանշական է, որ ամեն օր նորանոր փոքրիկ կազմակերպություններ ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ: Գուցե հիմքե՞ր ունեն: – Աթոռը պահելու համար՝ սկսել են գործի դնել հենց դավաճաններին: ԱԺՄ-ն պայթեցնողը դառնում է նախագահի խորհրդական, ՀԺԿ-ն պայթեցնողը՝ այլ կուսակցության անդամ, հետո եւս մեկը փոխելով՝ բարեհաջող տեղավորվում ու դառնում է փոխնախարար: Երրորդը «վերաշինված» կոմունիստներն են՝ տեղ է տրվում ուղղակի զազրելի քաղաքական սպեկուլյանտներին: Մտավորականներին են փչացնում՝ նրանց օգտագործելով ու պղծելով: Հայրենակցական միություններն են ծառայեցվում քաղաքական նպատակների համար: Դրանից հետո էլ անցնում են սրբության-սրբոցին՝ մեր ապագային՝ երիտասարդ երեխեքին ու պավլիկ մորոզովներ են կռում: Ինչ-որ «առաջադիմականնե՜ր», որ հայտնի չէ, թե որտեղից են դուրս եկել եւ արդյոք ստացե՞լ են դաստիարակություն: Եթե այս քաղաքական դուրսպրծուկներին կոչեմ իրենց անուններով՝ ըստ երեւույթին, վիրավորած կլինեմ անբարոյական կեցվածք ունեցող կանանց: Բայց սրա՛նք են այսօր բաց թողնվել ասպարեզ ու Շավարշ Քոչարյանին անվանում «դավաճան» ու «թուրքերի գործակալ»: – Իշխանամետներն էլ հիշեցնում են, թե հենց ընդդիմության հանրահավաքների մասնակիցներն էին Հայաստանի ղեկավարներին անվանում թուրք: Եվ այս երիտասարդներն էլ ընդօրինակել են այդ փորձը: – Ինքս երբեք որեւէ մեկի չեմ անվանել «թուրք»: Իսկ ով օգտագործել է այդ համեմատությունը՝ երեւի մտածել է, թե թուրքին հատուկ գործողություններ են ծավալում ու կասկածել նրանց ազգային պատկանելության վրա: Սակայն ես միշտ զսպել եմ նման արտահայտությունները: – Իշխանությունն արդեն իսկ անտեսում է ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ հանրահավաքներն արտոնելու, ազատ տեղաշարժի հնարավորություն ապահովելու, կալանավորվածներին ազատելու վերաբերյալ: Արդյոք այս ամենի հետեւանքով սեպտեմբերին դուրս կմնա՞նք Եվրախորհրդից: – Չեմ կարծում, թե մեզ դուրս կհանեն Եվրախորհրդից: Նախ մենք այնտեղ մտցնելու բան չէինք, որ մտցրին: Դուրս էլ չեն հանի, քանի որ նրանց պետք է, որ մեր քթից բռնած ի՜նչ ուզենան՝ անեն: Աչք կփակեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այո՛, լավ էլ աչք են փակում. ես շա՜տ մեղմ եմ գնահատում բանաձեւի այդ 9-րդ կետը: ԵԽԽՎ այդ զեկույցն ու բանաձեւը նման են ՍԴ 2003-ի որոշումներին: ՍԴ-ն պիտի «ոչ» ասեր ընտրություններին, բայց համաձայնեցնելով օրվա իշխանությունների հետ՝ հարթելու, սվաղելու համար մեջտեղ գցեց «վստահության հանրաքվեի» գաղափարը՝ «կրքերը հանդարտվեն՝ հետո տեսնենք, թե ինչ ենք անում» սկզբունքով: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել