Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ՝ Հայաստանը

Հունիս 09,2004 00:00 Share

Նախ՝ Հայաստանը Հետո՝ Վիետնամը, Եգիպտոսը, Կամբոջան Ֆրանսիայի կառավարությունը 2000 թ. որոշեց Հայաստանի կառավարության հետ համաձայնագրի շրջանակներում Հայաստանում ունենալ կրթօջախ, որն իր ձեւի մեջ ամենամեծ եւ առաջին ծրագիրն է, որ երբեւէ իրականացրել է Ֆրանսիան: Հետագայում նոր միայն նմանատիպ ծրագրերի առաջարկներ են մշակվել Վիետնամի, Եգիպտոսի, Կամբոջայի եւ մի քանի այլ երկրների կառավարությունների հետ: Այս եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պատմության այլ մանրամասներին անդրադարձան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն՝ երեկ հրավիրած իրենց համատեղ ասուլիսում՝ լայնորեն գովազդելով համալսարանը: Նրանք մանրակրկիտ ներկայացրին «պատասխանատվության կրթօջախի» հիմնադրման պատմությունը, անցած ճանապարհը, ապագա քայլերը, եկող ուսումնական տարվա ընդունելությունների ժամկետները: Բայց նախ՝ լրագրողներին հետաքրքրող հարցի մասին. արդյոք սահմանափակվեցի՞ն Արթուր Բաղդասարյանի լիազորությունները, երբ հունվար ամսից բուհը բաժնետիրական ընկերությունից վերաձեւակերպվեց հիմնադրամի եւ ռեկտոր նշանակվեց ազգությամբ ֆրանսիացի Պոլ Ռուսեն: Ֆրանսիացիներն իրենց հատուկ քաղաքավարությամբ խուսափեցին նսեմացնել Ա. Բաղդասարյանի դերը, սակայն այնուամենայնիվ նշվեց, որ ընդհանուր կառավարումը ռեկտորի ձեռքին է, եւ որ ամեն ինչ եղել է Ա. Բաղդասարյանի համաձայնությամբ, եւ վերջապես՝ եղել է դերակատարությունների պարզեցում: Նշվեց, որ համալսարան ընդունվելու համար բնավ պարտադիր չէ ֆրանսերենի իմացություն, դիմորդը կարող է իբրեւ երրորդ լեզու տիրապետել, ասենք, գերմաներենին կամ անգլերենին, սակայն բուհն ավարտելով նա հաստատ ֆրանկոֆոն կդառնա: Իսկ ընդունելության համար, ըստ դեսպանի, բավական է դիմորդն ունենա շահագրգռություն ու պոտենցիալ հնարավորություններ: Ներկայացնենք, թե մոտավորապես հարցերի ինչ շրջանակ է տրվում, օրինակ, հումանիտար ֆակուլտետն ընտրած դիմորդներին. «Ի՞նչ էր սովխոզը նախկին ԽՍՀՄ-ում»: Եվ տրվում է հնարավոր պատասխանի տարբերակները. «ա. ռուս քաղաքականության հակառակորդների բանտարկության վայր, բ. պետությանը պատկանող գյուղատնտեսություն, գ. սովետական ընտրվածների ընդհանուր ժողով»: Ի դեպ, տեստերում հարցեր են տրվում նաեւ ԶԼՄ-ներում հրապարակված հայտնի հոդվածների մասին՝ մշակութային ոլորտից մինչեւ քաղաքականություն: Մի ուրիշ հարց. «Ի՞նչ են լրատվական միջոցները», եւ հնարավոր պատասխանները՝ «ա. քաղաքական ճնշման խմբեր, բ. տեղեկատվության տարածման միջոցներ, գ. հեռուստատեսություն եւ ռադիո»: Տրամաբանությունից կարող է լինել հետեւյալ հարցը. «Կանոնավո՞ր (ճիշտ) է արդյոք հետեւյալ սահմանումը. ջերմաչափը չափիչ գործիք է, որն օգտագործվում է հիվանդի մարմնի ջերմաստիճանը որոշելու համար»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել