Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ…8230 կա՛մ

Հունիս 15,2004 00:00

Կա՛մ…8230 կա՛մ «Առավոտի» ապրիլի 3-ի համարում ի պաշտպանություն «Ա1+»-ի հանրահավաքին մասնակցող Իզաբելա Սարգսյանի այս նկարի հրապարակումից հետո նա ստիպված էր այլեւս չվարել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նկուղ» հաղորդաշարը, որը պատրաստում է «BI» ընկերությունը: «Նրանք ինձ ասացին, թե ցանկալի չէ դա եւ ես պետք է որոշեմ՝ կա՛մ այս աշխատանքը, հեռուստատեսությամբ երեւալը, կա՛մ «Ա1+»-ը, հանրահավաքներն ու հասարակական գործունեությունը,- պատմեց Իզաբելա Սարգսյանը, որն, ի դեպ, նաեւ անդամակցում է Հելսինկյան քաղաքացիական ընկերակցությանը:- Ինձ համար, բնականաբար, ավելի հետաքրքիր էր իմ կարծիքներն ազատորեն արտահայտելը, քան այդ ծրագիրը»: Մեր հարցին, թե ինչպես պատճառաբանվեց այդ պահանջը՝ Իզաբելա Սարգսյանը պատասխանեց, թե քանի որ «Նկուղ» talk-show-ին մասնակցում էին երիտասարդներ՝ իրեն ասվել է, թե «նրանց պարզ կլինի իմ դիրքորոշումը ինչ-ինչ հարցերի շուրջ, եւ ես՝ իբրեւ վարող, չեմ կարողանա լինել չեզոք, նաեւ հեռուստադիտողների աչքերում կունենամ ինչ-որ «գունավորում», որը նպատակահարմար չէ»: Խիստ ուշագրավ տեսակետ է, եթե հաշվի առնենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական ծրագրեր վարողների դիրքորոշումը խիստ ընդգծված իշխանամետ է, բայց այդ պատճառով նրանցից որեւէ մեկին չեն ստիպում կատարել ընտրություն: Ո՞ւմ նախաձեռնությունն էր նման երկընտրանք առաջարկել Իզաբելա Սարգսյանին. «Ինձ թվում էր, նրանց անձնական նախաձեռնությունն էր, իսկ գուցե նաեւ՝ նրանց հովանավորի, որ «Ֆլեշն» է»: Հասարակական կազմակերպությունների ֆորումը, որի ակտիվիստներից է Իզաբելա Սարգսյանը, իշխանամետները նախընտրում են անվանել «գրանտակերներ», «Սորոսի հիմնադրամի թելադրանքով գործողներ» եւ այլն: Այս առնչությամբ մեր զրուցակիցը բերեց իրենց կազմակերպած «Ի՞նչ է ազատությունը կամ ընդդեմ բռնության» լուսանկարների ոչ նպատակահարմար ցուցահանդեսի օրինակը: Հիշեցնենք՝ մեր քաղաքապետարանն ընկել է բոլոր հրապարակային միջոցառումները մերժելու այնպիսի մոլուցքի մեջ, որ օրենքը խախտելով՝ ոչ նպատակահարմար էր համարել անգամ այս ցուցահանդեսի անցկացումը: «Յուրաքանչյուրս 1000-ական դրամ ենք հավաքել, որ կարողանանք կազմակերպել այս ցուցահանդեսը: Ֆորումի կազմակերպման համար մեզ օգնել էր «World learning»-ը, շատ փոքր գումար էր մնացել, որ տրամադրեցինք լուսանկարների տպագրությանը,- պատմեց Իզաբելան:- Չեմ թաքցնի՝ անգամ կան միջազգային կազմակերպություններ, որոնք առաջարկում են դրամական որոշ օգնություն, բայց մենք հրաժարվում ենք միշտ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել