Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՊԱՐԱԿՆ ԱԶԱՏ ԷՐ, ԶԲԱՂԵՑՆԵԻՔ»

Հունիս 23,2004 00:00

«ՀՐԱՊԱՐԱԿՆ ԱԶԱՏ ԷՐ, ԶԲԱՂԵՑՆԵԻՔ» Սեմինար անողներին հակադարձեց ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը «Համաձայնություն» քաղաքագիտական-իրավագիտական կենտրոնը Ֆ. Էբերտի հիմնադրամի հետ կազմակերպել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկում։ Քննարկմանը հրավիրված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վստահ է, որ «Հայաստանը այլընտրանք չունի բացի ժողովրդավարությունը։ Այս առումով Վրաստանի այսօրվա օրինակը մեզ կարող է ուղեցույց լինել։ Ես բարի նախանձով եմ նայում այն ֆինանսական միջոցներին, որոնք մտնում են Վրաստան։ Այդ գումարները հատկացվել են այդ երկրին ժողովրդավարության եւ արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Եվ այդ գումարները կարող էին հոսել Հայաստան, միանշանակ կարող էին, եթե մենք լինեինք ժողովրդավար, մենք լինեինք առաջինը»։ Արամ Սարգսյանը ասաց, որ ընդդիմության խնդիրը տվյալ էտապում մեկն էր. «Երկրում հաստատել սահմանադրական կարգը եւ իրականացնել իշխանափոխություն։ Եվ ներքին պայմանավորվածություն կար, որ մենք չպիտի համատեղենք իշխանափոխությունը նախընտրական արշավի հետ։ Մեր կուսակցությունը նման քայլ չի կատարել եւ ծրագրային ելույթներով հանդես չի եկել միայն այն պատճառով, որ խանդ չառաջացներ ուրիշ կուսակցությունների մոտ, որովհետեւ կդիտվեր որպես նախընտրական քարոզարշավ։ Իսկ մենք ունեինք միայն մեկ խնդիր՝ իշխանափոխության խնդիրը եւ մեզ միավորողը առաջին հերթին երկրում սահմանադրական կարգի հաստատումն է»։ Արամ Սարգսյանը նկատեց, որ ապրիլի 12-ին հավաքվել էր կրիտիկական մասսան եւ հնարավոր էր իշխանափոխությունը։ Իսկ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ պատճառը «իշխանական բուրգի միասնական հանդես գալն էր։ Զարմանալի չէ՞, որ ապրիլի 12 լույս 13-ի գիշերվանից հետո որեւէ ոստիկան հանդես չեկավ հայտարարությամբ կամ դիմում չգրեց աշխատանքից ազատվելու համար»։ Դավիթ Շահնազարյանը ռեպլիկի կարգով նկատեց՝ վտանգի պահին իշխանությունը միավորվում է, բայց մահացու վտանգի դեպքում՝ քայքայվում է։ Ավելի ուշ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ որեւէ ոստիկան նման քայլ չկատարեց, քանի որ արդեն մեկ տասնամյակից ավելի է Հայաստանում որեւէ ապօրինի քայլի համար ոչ մի պաշտոնյա չի պատժվել։ Ոստիկանները եւս գիտեն, որ անպատիժ են մնալու, որովհետեւ իրենց նմանները միշտ էլ պետք են գալու, իրենք հարմար օգտագործվող են։ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը գոյատեւելու ռեսուրս չունի եւ սա խիստ վտանգավոր է. «Իշխանությունը գնալու է, դա հաստատ, բայց այդ գնալուց հետո մենք այնպիսի երկիր կունենանք, որ ես չգիտեմ՝ վերականգնելու ռեսուրս կգտնվի, թե ոչ։ Վտանգը սրա մեջ է։ Այն մարդիկ, որ պատրաստվում են իշխանության գալ, իրո՞ք կարող են 6 ամիս հետո, 1 տարի հետո իրականացնել այն ծրագրերը, որ ունեն։ Ես համոզված եմ՝ ոչ»։ Քննարկման փուլում տեղի ունեցավ կարծիքների բախում։ Քննարկմանը մասնակցող Աղասի Ենոքյանը, Էդուարդ Աղաջանովը պասիվ ընդդիմության դիրքերից փորձեցին քննադատել գործող ընդդիմությանը։ Էդուարդ Աղաջանովի կարծիքով, ընդդիմությունը չէր ուզում վերցնել իշխանությունը, վախենում էր. «Մինչեւ նախագահական պալատ 200 մետր էր, 200 մետր ընդդիմությունը չգնաց, իշխանությունը չվերցրեց։ Սա նշանակում է մի բան, որ՝ այո, չկար այդ կամքը։ Ես ասում եմ՝ մեր ընդդիմությունը վախեցավ վերցնել իշխանությունը»։ Էդուարդ Աղաջանովը հաջորդ հակադարձումը ստացավ Արամ Սարգսյանից. «Երբեմն ընդդիմությանը մեղադրում եք իշխանամոլության մեջ, երբեմն էլ մեղադրում եք, որ չեն ուզում իշխանությունը վերցնել»։ Իսկ Աղասի Ենոքյանի բավականին կոպիտ որակումը՝ «ընդդիմության առաջնորդներից՝ Գուսան Համազասպը», հակահարված ստացավ Ռուզան Խաչատրյանից. «Միգուցե մի փոքր կոշտ, բայց պետք է ասեմ, որ Աղասի Ենոքյանի ելույթը գնահատում եմ որպես վուլգար քաղաքագիտություն»։ Ռուզան Խաչատրյանի հակահարվածը բավականին թափանցիկ ուղղվեց ներկաներին. «Կանգնում ասում եք՝ ընդդիմությունը սա պիտի աներ՝ չարեց, այն պիտի աներ՝ չարեց։ Պարոնայք, արեք։ Գիտե՞ք ինչ, ես էլ կարող եմ տանը նստել, գրքեր հրատարակել, քննադատել։ Մենք արել ենք այն, ինչ որ արել ենք։ Ընդ որում, մենք վտանգել ենք մեր կյանքը, մենք վտանգել ենք մեր հարազատների կյանքը, մեր երեխաների բարեկեցությունը։ Ես կարող եմ ընդունել քննադատությունը, եթե արվում է կոռեկտ եւ ունի օգնելու, մասնակցելու միտում։ Բայց ոչնչացնելու միտումով արված քննադատությունը ես չեմ ընդունում։ Եվ այն թեզը, որ հիմա շրջանառության մեջ է դրվել, թե ընդդիմությունը հրապարակը զբաղեցրել է, տեղ չի թողել, ես չեմ ընդունում։ Կներեք, ոչ ոք չի կարող ոչինչ զբաղեցնել, եթե որեւէ մեկը ունի եւ կարող է ունենալ տեղ, նա կունենա։ Մենք չենք կարող նրանց խանգարել։ Իսկ եթե ուզում եք իմանալ, ապա լույս 13-ի գիշերվանից հետո մեկ օր հրապարակը ազատ է եղել, զբաղեցնեիք»։ Ռուզան Խաչատրյանն ասաց, որ ապրիլի 12-ի գիշերվանից հետո, երբ ինքը մեկուսարանում էր, իրեն ամենից շատ զարմացրել եւ վիրավորել է այն հանգամանքը, որ հրապարակը եւ փողոցները դատարկ են եղել. «Մեկուսարանում ինձ թվում էր, թե ամբողջ հայ ժողովուրդը հավաքվել է հրապարակում եւ արդարություն է պահանջում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել